Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմ իրատեսական դիրքորոշման փոխարեն, կամ տարկետման իրավունքի վերացման հարցն ապագա դատաստանի առջեւ

Մայիս 17,2016 08:39

Պատերազմական իրադրությունը պետության և հասարակության կյանքում յուրօրինակ սահմանագծի դերակատարություն է ստանձնում` ժամանակը տրոհելով 2 փուլի` պատերազմից առաջ և հետո: Այս տեսանկյունից նույն պատկերն արձանագրվեց նաև մեզանում` ապրիլյան իրադարձությունների հետևանքով առաջ եկած միանգամայն նոր մթնոլորտի պայմաններում: Վերափոխումների անհրաժեշտության հրամայականը որոշ քաղաքական գործիչների կողմից տարածվեց նաև կրթության նպատակով տրամադրվող տարկետման իրավունքը վերացնելու հարցի վրա:

Խնդրի քննարկումը, մեր համոզմամբ, պահանջում է առավել զգույշ և փաստարկված մոտեցում: Մանավանդ որ առանձին դեպքերում հանդիպում են հարցը ռազմահայրենասիրական պաթոսի ոլորտ տեղափոխելու կամ էլ հանպատրաստից դատողություններով հանդես գալու փորձեր: Նախևառաջ, անհրաժեշտ է հասկանալ ստեղծված իրավիճակն իր բոլոր նրբերանգներով, քննարկել մշակվող օրինագծի ընդունման հնարավոր բացասական և դրական հետևանքները, ինչպես նաև` տուրք չտալ պահի ազդեցության ներքո որոշումներ ընդունելու հնարավորությանը:

Հաշվի առնելով, որ օրինագիծը դեռևս մշակման փուլում է գտնվում` անհրաժեշտ ենք համարում տարաբնույթ տեսակետների առաջքաշումն ու փաստարկների ներկայացումը, ինչը, հուսով ենք, որ փոքրիշատե կնպաստի արդարացի որոշման կայացմանը: Ավելորդ համարելով խնդրի քննարկման ցանկացած այլ հարթություն` ստորև առաջնորդվելու ենք բացառապես փաստարկներ ներկայացնելու ճանապարհով:

Տարկետման իրավունքի վերացման գաղափարի կողմնակիցներ, ԱԺ պատգամավորներ Ռ. Հակոբյանի ու Թ. Պողոսյանի կողմից առաջ է քաշվել այն դրույթը, թե ամեն տարի արական սեռի 2000-3000 քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից` ստանալով կրթությունը շարունակելու համար տրամադրվող տարկետման իրավունք: Ի սկզբանե նշենք, որ այս դրույթը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրն առավել գունազարդված ներկայացնելու, դրան արհեստական լրջություն հաղորդելու և հարցից անտեղյակ մարդկանց մոլորեցնելու փորձ:

Սարգիս Բալդարյանը 2015 թվականին ՀՀ լավագույն ուսանողն է:

Սարգիս Բալդարյանը 2015 թվականին ՀՀ լավագույն ուսանողն է:

Խոսենք վիճակագրական տվյալներին դիմելու լեզվով և ներկայացնենք իրական պատկերը: Նախ` ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ տարվա կտրվածքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք կարող են ստանալ միայն այն ասպիրանտները, որոնք 3 տարվա ընթացքում պաշտպանում են թեկնածուական ատենախոսություն: 2016-2017 թթ. ուստարվա համար ասպիրանտուրայում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերի քանակը 144 է: Ընդ որում, դիտելի է նաև այն հանգամանքը, որ, ի վերջո, այդ ասպիրանտներից ոչ բոլորին է հաջողվում սահմանված ժամկետում պաշտպանել իրենց ատենախոսությունը:

Այնուհանդերձ, եթե անգամ այդ հանգամանքն անտեսելու լինենք, ապա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող արական սեռի քաղաքացիների թվաքանակը տարեկան առավելագույնը կարող է լինել 144: Այսպիսով` խոսքը ամենևին էլ հազարավոր երիտասարդների մասին չէ, ինչպես ներկայացվում է հարցը ուռճացնելու միտումով:

Փաստարկներից հաջորդը, որ բերվում է քննարկվող օրենսդրական նախաձեռնության օգտին, արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու միջոցով սոցիալական արդարության ապահովումն է: Այս դրույթը, քննադատության չդիմանալով հանդերձ, որոշակի առումով ծիծաղ է հարուցում, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չեն առողջապահության համակարգում թույլ տրվող չարաշահումներն ու կրթության համակարգի կոռուպցիան առողջապահության համակարգ տեղափոխելու հնարավորությունը: Օրինագծի ընդունման դեպքում ստացվելու է այնպիսի իրավիճակը, երբ կրթության քողի տակ բանակից խուսափելու մտադրությունը նույն անձանց կողմից կենսագործվելու է այլ ասպարեզում` «ծառայության համար ոչ պիտանելի» դառնալու միջոցով: Ակնհայտ է, որ սոցիալական արդարության ապահովման հեռանկարը հայտնվում է փակուղում:

Այս տեսանկյունից իրավիճակը ճշգրիտ է արտացոլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի այն հայտարարությունը, ըստ որի` «եթե արդարության խնդիր ենք տեսնում, այլ ձևով պետք է լուծենք»:

«Գիտությունը փրկելու» ձգտումը հաջորդն է առաջ քաշված դրույթների շարքում: Պետք է ընդունել, որ, այո՛, ասպիրանտուրան կազատվի նրանցից, ովքեր գիտությունն օգտագործում են պարտադիր զինվորական ծառայությունից խույս տալու դավադիր նպատակով: Բայց ասպիրանտուրան կազատվի նաև այն շնորհալի երիտասարդներից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով և կրթության ասպարեզում ներդրած ջանքերով վաստակել են տարկետման իրավունք ստանալու և իրենց գիտական գործունեության առաջին քայլերն անելու հնարավորությունը: Այն, որ գիտության նվիրյալը զինծառայությունից հետո էլ կշարունակի զբաղվել գիտությամբ, լուրջ կասկածի ենթակա իրողություն է. ասպիրանտը, իր անձնական կյանքը թողած մի կողմ, հնարավորություն է ունենալու գիտության թեկնածու դառնալ միայն շուրջ 30 տարեկանում, զոհողություն, ինչին կգնան շատ քչերը: Էլ չենք խոսում զինծառայությունից հետո գիտելիքների և լեզվական հմտությունների վերականգնման այն գործընթացի մասին, որն իր հերթին կպահանջի առանձին ժամանակահատված:

Եվ եթե նկատի ունենանք նաև, որ այսպես կոչված «առանձնաշնորհյալ» երիտասարդները բանակից խույս տալու այլ ուղով են ընթանալու, ապա կստացվի, որ գիտությունը ոչ թե «փրկվում է», այլ զրկվում իր մի քանի տասնյակ նվիրյալներից:

Եվ վերջապես, տեսնենք` ինչ է ցույց տալիս վերջին տարիների փորձը: Հայտնի է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նույնանուն բաժնում անվճար տեղերն ու տարկետման իրավունքը վերացվել են տարիներ ի վեր: Թե այնտեղ սովորող տղաների քանի տոկոսն է անցել պարտադիր զինվորական ծառայություն, կարող է յուրաքանչյուրս էլ ստուգել անձնական դիտարկումների միջոցով: Հոդվածագիրներից մեկի պնդմամբ` նրանց 70 տոկոսից ավելին, կրթությունը շարունակելու համար տրվող տարկետման իրավունք չունենալով հանդերձ, չի ծառայել բանակում: Ամենևին էլ հակված չլինելով այդ տվյալն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն` այնուամենայնիվ, այն պետք է համարել իրականությունից ոչ այնքան հեռու ցուցանիշ: Կարծում ենք` եզրահանգում կատարելն այստեղ պարզապես ավելորդ է:

Ցավալի է նկատել նաև, որ քննարկվող օրինագծի ընդունման դեպքում երիտասարդների մի մասը ձգտելու է ընթանալ արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելու ճանապարհով, ինչը բերելու է «ուղեղների արտահոսքի» նոր փուլի: Այդ տեսակետին հակված է նաև ԱԺ պատգամավոր Խ. Քոքոբելյանը: Ավելորդ չէ նշել, որ ըստ նրա` «տարկետման իրավունքը հանելով` ո՛չ կոռուպցիայի խնդիրն է լուծվում, ո՛չ էլ բանակի համալրման»:

Ուշադրության է արժանի նաև «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից Մ. Բադեյանի այն պնդումը, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում այսպես թե այնպես բոլորն էլ ծառայելու են հայրենիքի պաշտպանության գործին:

Հարցը փաստարկների հարթության մեջ դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ տարկետման իրավունքի վերացման հարցը, վերաբերելով տարեկան շուրջ 100 երիտասարդների, ոչ միայն չի լուծում բանակի համալրման ու սոցիալական արդարության ապահովման խնդիրը, այլև շնորհալի երիտասարդներին զրկում է գիտության արահետով քայլելու առանց այն էլ խոչընդոտներով հարուստ հեռանկարից:

Օրինագծի մշակման գործում ներգրավված քաղաքական գործիչներից մնում է ակնկալել որևիցե անդրադարձ վերը շարադրված դիտարկում-փաստարկներին: Այլապես հարցի քննարկումը թողնում է զուտ ռազմահայրենասիրական պաթոսին տուրք տալու տպավորություն: Պատահական չէ, որ Է. Շարմազանովը այս խնդրի առթիվ նկատել է. «Պետք չէ պոպուլիզմի հետևից ընկնել»:

Մեր պետության համար ստեղծված բարդ իրադրությունը հաշվի առնելով հանդերձ` կարելի է հասկանալ տարկետման տեղերը նույնիսկ կիսով չափ կրճատելու մոտեցումը, սակայն տարկետման իրավունքի առհասարակ վերացումն ուղղակի անհեռանկարային է և որոշակի առումով նաև անհեթեթ: Այս հարցի նկատմամբ դիրքորոշումը պետք է հիմնված լինի շնորհալի երիտասարդների առաջընթացը չխոչընդոտելու սկզբունքի վրա, այն երիտասարդների, որոնք իրենց ապագայի հիմքում տեսնում են գիտելիքն ու գիտելիքին ապավինելու ուղին…

 

Սարգիս ԲԱԼԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Իսկ ինչի համար պետական քոլեջներում անվճար սովորող երիտասարդներին, այն էլ երբ միայն մնում էր պետական քննություներ հանձնել, զորակոչում են և ասում ոչինչ կծառայի կգա կշարունակի ուսումը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031