Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիուկես տարածք ենք կորցրել». Դավիթ Սանասարյան

Մայիս 20,2016 13:21

«Անբարոյական է հայտարարել, որ 800 հեկտար կորցրած տարածքներն անպիտան են»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Կորցրած տարածքների ազատագրում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանի պնդումը, թե ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ էին՝ հավատ չի ներշնչում, որովհետեւ. «Այդ դեպքում Թալիշի, Մատաղիսի ու Մարտակերտի ժողովուրդն ինչու իրենց տներում չեն ապրում, մի պարզ պատճառով, որովհետեւ ադրբեջանական զորքերն այն տարածքում են դիրքավորվել, որտեղից շատ հեշտ է դարձել խոցել այդ գյուղերը: Անպետք հողեր չեն լինում, լինում են անպետք ղեկավարություններ, որոնք հողերի արժեքը չեն հասկանում »:

Ըստ Դավիթ Սանասարյանի, իշխանությունը վտանգավոր կեցվածք է որդեգրել՝ ասելով, որ ռազմավարական նշանակություն չունեին կորցրած տարածքները: Նրա կարծիքով, գոնե ասեին, որ ժամանակավորապես ենք զիջել, հետո հետ ենք բերելու. «Ամենավտանգավորն իրենց կեցվածքն է, իրենց կիրառած բառերը: Սա անցնում է կարմիր գիծը»:

Նախաձեռնությունը դիմում է բոլոր ազատամարտիկներին, արցախյան հրամանատարներին, որոնք վստահ են, որ խախտվել է ԼՂ Սահմանադրությունը՝ միանալու իրենց նախաձեռնությանը. «Սերժ Սարգսյանն ասում է՝ կորցրել ենք 800 հեկտար, Ադրբեջանը 2000 հեկտարի մասին է խոսում, մենք չենք հավատում մեր իշխանությունների ասած թվերին՝ հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում էլ ասում էին 200-300 մետրի մասին: Վիեննայի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո գալիս ու հեկտարների մասին է ասում»:

Նախաձեռնության անդամները մինչեւ երկուշաբթի կապ կհաստատեն ազատամարտիկների հետ, կմեկնեն Արցախ՝ խորհրդակցելու Արցախի վիճակով մտահոգված զինվորականների հետ. «Շուշիուկես տարածք ենք կորցրել»:

Շանթ Հարությունյանի որդին էլ՝ Շահեն Հարությունյանն ասաց, որ վիրավորվել է Սերժ Սարգսյանի հարցազրույցից ու այն անընդունելի ու վիրավորական է համարում. «Մեր երկրի նախագահի կողմից 800 հեկտարը բնութագրվեցին անպետք տարածքներ, զարմանալ կարելի է՝ ինչպես կարող են ՀՀ-ի նման փոքր երկրի համար անպետք տարածքներ լինեն: Իհարկե, եթե նորմալ իշխանություններ ունենայինք, ապա կասեինք՝ եթե մեր երկրի նախագահը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի, բայց նման կերպ չեմ կարող մտածել, որ Սերժ Սարգսյանն այնքան ազնվություն ու քաջություն ունի, որ փորձի հեկտարների փոխարեն գրավել նոր հեկտարներ»:

Ըստ նրա, գերագույն գլխավոր հրամանատարը մի հայտարարություն էլ արեց հարցազրույցի ժամանակ, որը պառակտություն էր հայ ժողովրդի մեջ. «Ասում է՝ ովքեր ուզում են այդ տարածքները գրավել, թող գնան գրավեն, մենք չենք ուզում, որ զոհեր լինեն: Այսինքն, նա բաժանում է ժողովրդին երկու մասի, ենթադրենք մի հոգի է ուզում գրավել, զենքը պետք է վերցնի, գնա միայնակ Ադրբեջանի դե՞մ»:

Դավիթ Սանասարյանն էլ շարունակեց. «Սերժ Սարգսյանն ասում էր՝ սրճարաններում քարտեզ մի գծեք, հակադարձում եմ՝ մենք սրճարաններից դուրս ենք գալիս ու որոշում, որ պետք է վերցնենք մեր տարածքները, թող քաշվի մի կողմ: 800 հեկտարի զիջումը հաջորդ զիջումների գրավականն է: Բնական է, չէ՞, որ հողերի զիջումը չի լինելու ստորագրությամբ, այլ՝ պատերազմի շնորհիվ:

Եթե այդ տարածքներն անպետք էին, ինչո՞ւ այդքան մարդ զոհվեց»:

Շահեն Հարությունյանն էլ հավելեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե չեն ուզում տասնութ տարեկան երիտասարդ նոր զոհեր, դավաճանական հայտարարություն էր. «Երբ 2008-ին մարտի 1 արեց, զորքին հանեց ժողովրդի դեմ ու զոհվեցին երիտասարդներ, սեփական աթոռը պաշտպանելու համար պատրաստ էր զոհել երիտասարդների, իսկ հայրենիքի պաշտպանության համար պատրաստ չէ՞»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031