Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային միջոցառումներ Մարսելում

Մայիս 24,2016 22:18

Մայիսի 23-ին Մարսելում՝ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի գլխավոր սրահում, տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի անվան ֆրանս-հայկական գրքի ազգային մրցանակաբաշխությունը՝ Շառլ Ազնավուրի և 500 հյուրերի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկայացված էին ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսիահայ մի շարք հեղինակների՝ Հայաստանին, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տարվա լավագույն պատմական և գեղարվեստական գրքերը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Վալերի Թորանյանի «Օտարազգին» ստեղծագործությունը, որը պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած կնոջ մասին՝ թոռան աչքերով:

Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի նախագահ, տիկին Մարտին Վասալը նշեց, որ Թուրքիան, շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան հիմնախնդիրը լուծելու մտադրությունը, ինչը բացահայտ արտահայտվեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում:

Մարտին Վասալը նաև ընդգծեց հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների և ֆրանսահայերի անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալը շնորհավորեց Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ՝ շնորհելով դեպարտամենտի Պատվո Շքանշան:

Նույն օրը՝ երեկոյան, Շարլ Ազնավուրի հովանու ներքո, Մարսելի հանրահայտ «Սիլո» համերգասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Դու, իմ եղբայր» խորագրով համերգ՝ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ, որոնց թվում էին Հելեն Սեգարան, Ժիլբերտ Մոնտանիեն, Ֆրեդերիկ Մանուկյանը, Եսային և այլոք:

Միջոցառումները կազմակերպել էր Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլիտենի խորհրդի անդամ, 9-10 սեկտորի փոխքաղաքապետ Ռիչարդ Ֆենդիկյանը ` Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի, Մարսել-Պրովանս տարածքային խորհրդի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, մշակութային գործիչներ, լրագրողներ, հայկական և հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031