Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. Այդպիսի անորոշ ծրագրերով վերցված վարկերը պարարտ հող են ստեղծում կոռուպցիայի և վատնումների համար

Հունիս 09,2016 15:28

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը Պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում

Պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի բյուջետային համակարգի և բյուջետային ծախսերի ամբողջ փիլիսոփայությունը ենթակա է լուրջ վերանայման: Պետական բյուջեի առկա համակարգը չի համապատասխանում կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի կարիքներին և պահանջներին:

Բյուջետային միջոցների ծախսերը հաճախ պատշաճորեն չեն հիմնավորվում, ճիշտ չեն ընտրվում թիրախային խնդիրները, որոնց լուծմանն են ուղղվում հանրային միջոցները: Օրինակ՝ Կատարողականի համաձայն՝ միլիոնավոր դրամներ են ծախսվել փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին խորհրդատվություն և դասախոսություններ կարդալու, զանազան սեմինար-միջոցառումների կազմակերպման, և այլ իրական արդյունքի չմիտված գործողությունների վրա:

Ընդ որում, Կատարողականում գրեթե չենք հանդիպում հստակ տեղեկատվության՝ կատարված ծախսերի մասով, ի վերջո, շոշափելի ինչ արդյունքներ են գրանցվել: Մասնավորապես, Կատարողականում անդրադարձ չկա այն մասին, թե Որոտանի կասկադի վաճառքը ինչ տնտեսական արդյունքների է հանգեցրել: Նույնը վերաբերում է զբաղվածության խթանմանը վերաբերող պետական ծրագրերին: Կատարողականում նշված է, որ այդ ծրագրերի շնորհիվ համալրվել է շուրջ 6000 թափուր աշխատատեղ, սակայն որևէ հիշատակում չկա, թե ինչպիսի աշխատատեղերի մասին է խոսքը, տնտեսության որ ճյուղերում են դրանք համալրվել, որ մասնագիտություններով և այլն:

Կատարողականում խոսվում է աղքատության 2 տոկոս նվազման մասին՝ 32 տոկոսից 30 տոկոս: Բայց ինչպե՞ս կարող ենք արժանահավատ համարել այս պնդումը, եթե այն ամրապնդված չէ որևէ հստակ չափանիշով և հաշվարկման մեթոդաբանությամբ:

Վարկային միջոցների օգտագործման քաղաքականությունը ևս բարեփոխման կարիք ունի: Մասնավորաբար, բյուջեի կատարողականում տեղ գտած վարկային միջոցների ներգրավման հիմնավորումները խիստ ընդհանրական են,պատշաճ կերպով ձևակերպված չեն այն խնդիրները, որոնց կարգավորման ֆինանսավորմանն են ուղղված վերցված վարկերը: Օրինակ՝ որպես Համաշխարհային բանկի հետ կնքված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» 30 մլն դոլարանոց վարկային համաձայնագրի նպատակ՝ նշված է համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքի որակի և հասանելիության բարելավումը:

Կամ՝ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի»՝ 55 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագրով նախատեսված է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները՝ուղղված տեղական տնտեսության զարգացմանն ու տուրիզմի գրավչության բարձրացմանը: Նմանատիպ ընդհանրական և ոչինչ չասող ձևակերպումների հանդիպում ենք նաև Կատարողականում նշված այլ վարկային համաձայնագրերի կապակցությամբ: Այդպիսի անորոշ ծրագրերով վերցված վարկերը պարարտ հող են ստեղծում կոռուպցիայի և վատնումների համար:

Քառօրյա պատերազմը, կարելի է ասել, շոկային ազդեցություն ունեցավ և վեր հանեց Հայաստանի տնտեսության մեջ առկա այն արատավոր երևույթները, որոնց վերացումը կամ շտկումը դարձել է հրամայական պահանջ: Խոսքը վերաբերում է կառավարման արդյունավետության բարձրացմանը, պետական ապարատի օպտիմալացմանն ու ծախսերի կրճատմանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին, մենաշնորհների վերացմանը պետական ծախսերի հիմնավորվածության և հասցեականության բարձրացմանը և այլն:

Այս առումով Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը հուսադրող են, սակայն բավարար չեն: Հարկավոր է բարեփոխումները դնել ինստիտուցիոնալ և երկարաժամկետ ռելսերի վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է , որպեսզի 2017 թ. պետական բյուջեի կառուցվածքն ու փիլիսոփայությունն արտացոլի այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք բազմիցս բարձրաձայնել է երկրի քաղաքական իշխանությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930