Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ժիրայր Սեֆիլյանին պետք է անհապաղ ազատ արձակեն»

Հուլիս 07,2016 13:28

«ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին`չխորանալով իրավաբանական նրբությունների մեջ: Կարծում եմ, նա շուտով քաղբանտարկյալ կճանաչվի, իսկ ՀՀ իշխանություններին հիմա նման գլխացավանք պետք չէ»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի անհանգստության պատճառը ԼՂՀ հարցի շուրջ սեղմվող օղակն է: Իսկ այս դեպքում նա ՀՀ իշխանություններին  առաջարկում է հանրության հետ հնարավորինս հրապարակային, բաց  եւ անկեղծ լինեն հասարակության հետ, որպեսզի Մեծ Բրիտանիայի «օրը չընկնենք»: «Մեծ Բրիտանիայի պես մեծ երկրին քցեցին, այնպես չստացվի, որ վաղը-մյուս օրը մեզ էլ քցեն`ասելով, որ միակողմանի զիջումների պետք է գնանք»,-ասաց նա:

Այն, որ ԵՄ-ից անկախանալու Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո, այդ գաղափարի ջատագով եւ առաջ մղող բրիտանացի հայտնի երկու գործիչները «փախած» են, քաղաքագետին հիմք է տալիս հայտարարել, որ ինչ-որ ուժեր շատ հստակ եւ նպատակաուղղված աշխատել են ԵՄ-ին եւ Մեծ Բրիտանիային «քանդելու» ուղղությամբ:

Վաղը Վարշավայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Քաղաքագետը չի բացառում, որ գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում ՌԴ-ն դիտվի որպես սպառնալիք:

Այս ֆոնին քաղաքագետը բավական վտանգավոր է համարում Երեւանում օրերս կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքի վերջում արված այն ամրագրում-հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ն պատրաստվում է ներկայացնել մինչեւ 2028 թվականի զարգացման պլանը, որտեղ նաեւ կներառվի մի կետ`ՀԱՊԿ անդամները դեմ են, որ ՆԱՏՕ-ն դեպի Արեւելք զարգանա: Ստեփան Գրիգորյանը փաստում է, որ մինչ այժմ Հայաստանին աջակցել են ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն, ՌԴ-ն միայն գումարներ է տարել Հայաստանից՝ Գազպրոմի, օդային ավիացիայի եւ այլ խողովակներով:

Այս իմաստով, նա բավական լուրջ է համարում ԼՂՀ-ի շուրջ առաջացող վտանգները: «Մեզ փաթաթում են տարածքների զիջում»,- ասաց նա`նկատի ունենալով, որ նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ առաջընթաց կար`փաստվեց շփման գծում հետաքննող մեխանիզմների տեղակայման մասին, իսկ Սանկտ Պետերբուրգում այդ մասին արդեն խոսք չգնաց. «Եկանք նախկին դիրքին: Սա նշանակում է, եթե Ադրբեջանը չի կրակում, ուրեմն պետք է միակողմանի տարածքներ զիջենք»:

Նա կարծում է, որ քառօրյա պատերազմով Ադրբեջանը մի կարեւոր բանի հասավ`ԼՂՀ հարցը կրկին հրատապ է ու բոլորը հիմա խոսում են «ստատուս-քվոն» փոխելու մասին: Քաղաքագետը գտնում է, որ հայկական կողմին էլ է ձեռնտու «ստատուս-քվոյի» փոխումը, բայց. «ՀՀ գործող իշխանությունը պիտի հասկանա`միակողմանի զիջումների չի կարող գնալ ու պահպանել իր իշխանությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031