Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը

Հուլիս 11,2016 18:09

Հուլիսի 11-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ողջունեց երիտասարդական հավաքի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ հավաքի ընթացքում կլինեն շատ հետաքրքիր հանդիպումներ, կկազմակերպվեն քննարկումներ, կհնչեն տեսակետներ: Նախարարը մասնավորապես նշեց. «Համոզված եմ, հավաքը սկիզբ կդնի հետաքրքիր ծրագրի, կմիավորի ձեզ, կոգևորի ձեզ, որ գաք, օգնեք, հզորացնեք և ուժեղացնեք մեր Հայրենիքը: Երկար քննարկելուց հետո ընտրել ենք երեք ուղղություններ, որ բնորոշ են հայ ժողովրդին, Հայաստանին:

_8477

Բժշկության ասպարեզում մենք հաջողություններ ունենք, բայց հզոր ներուժ ունենք, որը ավելի առաջ գնալու գրավական է: Բարձր տեխնոլոգիաների բնագավառում էլ, կարծում եմ, մեր երիտասարդները կարող են միջազգային փորձը տեղայնացնել, բերել Հայաստան, փորձել Հայաստանում կիրառել իրենց գիտելիքները, տաղանդը: Երրորդ ուղղությունը հայկական շահերի պաշտպանությունն ու մեդիա ոլորտն է: Հայաստանը կանգնած է հզոր արտաքին և ներքին մարտահրավերների առջև: Հայ դատն այսօր երեք կարևոր ուղղություն ունի՝ Հայաստանի հզորացում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում, և առաջնորդվելով Համահայկական հռչակագրի պահանջներով՝ հայ ժողովրդի ոտնահարվածիրավունքների վերականգնում: Ամփոփելով խոսքս նշեմ, որ հայ ժողովուրդը երկու նպատակ ունի՝ ստեղծել հզոր, ուժեղ Հայաստան և պահպանել աշխարհում հայի տեսակը, հայի արմատը, ունենալ մրցունակ ժողովուրդ»:

_8485
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր խոսքում կարևորեց երիտասարդների դերը հայ ժողովրդի ապագայի կերտման հարցում: Նախարարը շեշտեց. «Երիտասարդության խնդիրն այսօր հայկական տեսակի պահպանումն է, այն մի նոր հանգրվանի բերելը: Այս հավաքն այդ շատ կարևոր հարցի լուծմանն է միտված: Որն է հայ տեսակի առաքելությունը 21-րդ դարի նոր մարտահրավերների լուծման գործում: Աշխարհը որոնումների մեջ է, դասակարգվում են ժողովուրդները: Արդյոք ունա˚կ ենք ապացուցել մեր քաղաքակիրթ տեսակի առկայությունը: Այսօր շատ դժվարությամբ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և աշխարհում փորձում է ձևավորել իր ապագան, լուծել հայկական շարունակականության և լինելիության խնդիրը: Ցանկանում եմ, որ նման հավաքները լինեն հաճախակի և մասնագիտական կողմնորոշմամբ »:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը շնորհակալություն հայտնեց հավաքի կազմակերպիչներին և հավելեց. «Բոլորս ընդգրկված ենք հայ ազգի հզորացման գործում: Մեր կազմակերպությունը, որն այս տարի նշում է իր 110 ամյակը, և աշխարհի 70 քաղաքներում կառույցներ ունի, շատ լավ գիտակցում է, որ Սփյուռքը չենք կարող հզոր պահել, եթե հզոր Հայրենիք չունենանք: Մեր ամենակարևոր հզորությունը մարդուժն է: Տրամաբանական է, որ պետք է միացնենք բոլորիս ուժերը հաջողության հասնելու համար »:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը շեշտեց, որ արդեն պետք է գաղափարից անցնել աշխատանքի: «Երիտասարդները մեր ամենագեղեցիկ և հզոր ուժն են». նշեց նա:
«Այբ» դպրոցի տնօրեն, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը ողջունելով հավաքի մասնակիցներին, նշեց, որ շատ ոգևորված է, որ վերջապես մեկնարկել է շատ սպասված ծրագիրը և մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ::

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:
Համաժողովի աշխատանքները շարունակվեցին «Բժշկություն և առողջապահություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հայկական շահերի պաշտպանություն և մամուլ» աշխատանքային խմբերում:
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաև թեմատիկ քննարկումներ, հանդիպումներ ոլորտների ներկայացուցիչների հետ, մշակութային միջոցառումներ, այցելություններ համապատասխան մասնագիտական հաստատություններ:
«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքն իր աշխատանքը կավարտի «IDeA» հիմնադրամի հովանու ներքո Դիլիջանում անցկացվող ամփոփիչ նիստով:

Հավաքին մասնակցում է աշխարհի լավագույն բուհերում սովորող 90 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապու¬րից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Հայաստանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031