Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, դժվար է մարդկային դեմքը պահպանել»

Հուլիս 11,2016 18:35

Դավիթ Սաֆարյանի «28:94. տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Ֆիլմը պատմում է մի կնոջ ու տղամարդու մասին, որոնք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասին է:

«Ֆիլմի ասելիքն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, դժվար է մարդկային դեմքը պահպանել, սակայն մեզ հաջողվել է մութ ու ցուրտ տարիներին չկորցնել մեր դեմքը:

Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ֆիլմն անվանել «28:94. տեղական ժամանակով»: Պատասխանը մեկն է՝ ժամանակից դուրս է այն, ինչ կատարվում է ֆիլմում»,- «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Էստոնիայում՝ Տալլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ռեժիսորի խոսքով՝ դրսում ավելի շատ են նայել, քան Հայաստանում: Մեզ մոտ երեք շաբաթ է ցուցադրվել: Պատճառը, ըստ նրա, գովազդի պակասն է եղել:

«Կուզեի, որ ֆիլմը շատերը նայեին. այն ցույց է տալիս՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- ասաց Դավիթ Սաֆարյանը:

Ֆիլմում նկարահանվել են Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը և ուրիշներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031