Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնն ու Փարիզը ընդդեմ Պուտինի «մենաշնորհային» ձգտումների

Հուլիս 13,2016 16:00

Ղարաբաղյան խնդիրը` ՆԱՏՕ-ի հարթակում

Անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնցում քննարկվեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ս. Սարգսյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաեւ որոնց արդյունքում կայացան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ»,- նշվում էր պաշտոնական հաղորդագրությունում։

Ս. Սարգսյանն ու Ջ. Քերին անդրադարձել են հուլիսի 6-ին ՌԴ-ի եւ ԱՄՆ նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին, եւս մեկ անգամ կարեւորել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, մեծապես կարեւորել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում եւ շնորհակալություն հայտնել նախագահ Օլանդին նաեւ անձնական ջանքերի հետեւողական ներդրման համար։ Ս. Սարգսյանն ու Ֆ. Օլանդը նույնպես կարեւորել էին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր. «Մենք կոչ ենք անում երկու կողմերին թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից եւ միայն բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Մենք կաջակցենք հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին»: Իսկ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը նկատել էր. «Մենք մտահոգված ենք այս խնդրով, եւ դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից: Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից: Նախագահները հանդիպեցին, ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, եւ այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, եւ շատ կարեւոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն: Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները: Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, եւ դա պետք է արվի բանակցությունների միջոցով»,- նշել էր Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան:

Թեեւ Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ընդգծված նախաձեռնողականություն է ցուցաբերում, սակայն ակնհայտորեն Վաշինգտոնն ու Փարիզն իրենց ակտիվությամբ փաստում են, որ մտադիր չեն Մոսկվային հանձնել ԼՂ բանակցություններում «ղեկը պահելու» դերը: Դա էր փաստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Օբամա-Պուտին հեռախոսազրույցը: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության` ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Պուտինը տեղեկացրել է Օբամային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը նպաստելու անհրաժեշտությունից»:

Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը

Վարշավայում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամբիոնից ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանը հակադարձեց Ադրբեջանի առաջնորդին. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է եւ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Երկու տարի առաջ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում հենց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախաձեռնեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Այս անգամ նման հանդիպում չկազմակերպվեց: Սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի մաս են կազմում, ՌԴ-ի հետ համատեղ, ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հայտարարություններում հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողվում շեշտվեցին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել շփման գծում հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: Վարշավայում կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում հայտնեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մերժում են պատերազմը ու նվիրված են բանակցություններին:

Սակայն, միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ ճեպազրույցում Վարշավայում խոսելով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների թեմայով`շեշտեց. «Խոսքը գնում է, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձեւացնում է, թե չգիտի՝ ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, եւ Հայաստանը արձագանքել է եւ տվել իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ: Սա առաջին անգամը չէ։ Գիտեք, որ տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում։ Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթնաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետքայլ էր կատարում: Այս անգամ եւս Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձեւացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթնաժողովի արդյունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին»:

ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Հայաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ կա անուղղակի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մասով: «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության մեր սատարմանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք սատարել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են այդ սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողականորեն եւ ավելի ուժեղ քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` սահմանված բանակցային շրջանակներում»,- ասվում էր փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն կաջակցի Վրաստանին ու Ուկրաինային

Թեեւ ակնկալվում էր, որ այս գագաթնաժողովին հստակություն կմտցվի ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության հարցում, սակայն ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո հնչեցին միայն ընդհանրական հայտարարություններ` համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն ընդգծեց, որ մտադիր է ավելի շատ աջակցել Ուկրաինային ու հարեւան Վրաստանին: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում նշվեց. «Մենք հավատում ենք ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպային: ՆԱՏՕ-ն ավելի շատ է աջակցելու Ուկրաինային ու Վրաստանին ու շարունակելու է օգնել Մոլդովային»,- ասվում է փաստաթղթում: Դաշնակիցները նաեւ կողմ արտահայտվեցին Սեւ ու Բալթյան ծովերի տարածաշրջանում ու Արեւմտյան Բալկաններում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացմանը: Դաշնակիցներն առանձին արտահայտվել են նաեւ բաց դռների քաղաքականության վերաբերյալ: «Մենք մնում ենք հավատարիմ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որն ուժեղացրել է Դաշինքին ու իր ավանդն ունեցել եվրաատլանտյան անվտանգության ոլորտում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք մեր արժեհամակարգում ողջունելու մեր նոր անդամին՝ Չեռնոգորիային»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին, ապա Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում ՆԱՏՕ-ն ամրագրեց ՌԴ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Եվրամիության ղեկավարության հետ միասին ստորագրեց համատեղ հռչակագիր` Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով, որում նշվում էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ երկխոսության:
Փաստաթղթում ընդգծվեց, որ դաշինքի անդամ երկրները առճակատվել են մեծ քանակի անվտանգության մարտակոչերի, որոնց մեջ են հայտնվել Ռուսաստանի գործողությունները, հատկապես Ուկրաինայում, որը խարխլել է Եվրոպայում ընդունված օրենքները: Դաշինքը նաեւ նշում է անկայունությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: «ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ինչ-որ երկրի համար: Այդ առումով մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բովանդակալից երկխոսության, որպեսզի պարզ քննարկենք մեր դիրքերը եւ, առաջին հերթին, նվազագույնի հասցնենք ռազմական միջադեպերի ռիսկերը՝ օգտագործելով փոխադարձ թափանցիկ միջոցներ»,- ասվում է հռչակագրում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031