Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը բերման ենթարկված Անիի հագուստն էր պահանջում

Հուլիս 25,2016 10:43

Անի Ադիգոզալյանը 15 ժամ պահվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: Եթե նկատի ունենանք, որ նա եղել է վկայի կարգավիճակում, ապա պարզ կդառնա, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվել մինչ իր փաստաբանի հետ տեսակցվելը:

«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանն «Առավոտին» ասաց, թե իրեն զանգել են Անիի հարազատները եւ ասել, թե բոլորի պես առավոտյան ժ. 5 անց 20 րոպեին նրան տարել են բաժին՝ բերման են ենթարկել:

«Երեկոյան ժ.19.00-ին ես գնացի նշյալ բաժին: Զանգեցի, ասացի, որ եկել եմ Անիի մոտ, նրա պաշտպանությունն իրականացնելու: Ոստիկանները թույլ տվեցին, որ Անիի հետ հեռախոսով կապի մեջ մտնեմ: Անին ինձ ասաց՝ հարցաքննությունն ավարտվում է, կիջնեմ ներքեւ»,- պատմում է փաստաբան Ա. Ղարագյոզյանը:

Փաստաբանը ասում է, թե մեկ ժամ անցավ, այդ ընթացքում նրա հարազատները եկան բաժին, իսկ Անին չէր իջնում:

Հարազատներն էլ ասում են, թե քննիչը Անիի հագուստն է պահանջել՝ առգրավման նպատակով:

«Ես զանգեցի քննիչ Կարապետյանին, խնդրելով, որպեսզի նա ներկայացնի իրավական հիմքերը, թե Քրեական դատավարության օրենսգրքի որ հոդվածով վկան պետք է իր հագուստը ներկայացնի: Քննիչն ասաց, թե դուք հիմա խոչընդոտում եք իմ գործառույթների իրականացմանը, նախաքննության իրականացմանը»,- նշում է զրուցակիցս, որի դիտարկմամբ էլ վկան իրավունք ունի հրաժարվել ցանկացած գործողությունից, որն իր վերաբերյալ է:

Քննիչին իրավապաշտպան կառույցի փաստաբանն ասել է, թե կդիմի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչին էլ 10 րոպե հետո հետեւել է այն, որ փաստաբանը հրավիրվել է հարցաքննության սենյակ:

«Ինձ ներգրավեցին որպես ներկայացուցիչ եւ առանձնազրույց ունեցա Անիի հետ: Նա ընկճված էր, ճնշված էր, նրան ասել էին՝ 5 ձերբակալվածներից քեզ ենք ազատ արձակելու, եթե զգեստը չտաս՝ քեզ էլ ենք ձերբակալելու»,-նշում է զրուցակիցս:

Փաստաբանն, ի դեպ, պարզաբանել է Անիի՝ որպես վկայի իրավունքներն ու պարտականությունները, նաեւ բացատրելով, որ հիմքեր չկան զանգվածային անկարգություններ կազմակերպելու հիմքով Անիին ձերբակալելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ միացմամբ երեւում է, որ Անին կանգնած է եղել իր տեղում, որեւէ մասնակցություն չունի անկարգություններին:

«Եթե խաղաղ ցույցը հետագայում անկարգությունների է վերածվել, ինչ կապ ուներ իմ վստահորդը, որը գտնվել եւ որեւէ գործողություն չի արել այդտեղ. Անին ապշած կանգնած էր եւ տեսանյութից երեւում է, ոնց է նայում զարմացած»,- ասում է փաստաբանը:
«Առավոտի» դիտարկմանը, թե ինչ հագուստ է եղել Անիի հագին, ինչ նպատակով են վկաներից փորձել առգրավել այդ հագուստները, Ա. Ղարագյոզյանն ասում է. «Իր առօրյա հագուստն էր: Երբ զանգվածային անկարգությունների ժամանակ պայթյուններ են եղել, Անին գնացել է տուն: Ցանկանում էին պարզել, թե արդյոք, երբ պայթյուններ են եղել, հատուկ միջոցներ կիրառվել, Անին այդ ժամին այդտե՞ղ է եղել, թե՞ ոչ»:
Բայց քանի որ նա վկա էր, նա իրավունք ուներ իր հագուստը չտրամադրել: Այդպես էլ եղավ: Քանի որ Անին վկայի կարգավիճակով էր այդտեղ, չի կարողացել ոստիկանության շենքից դուրս գալ: Ըստ փաստաբանի, փաստացի նա գտնվել է ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկված՝ պատանդի կարգավիճակում, նրան հարցաքննել են կասկածյալի կարգավիճակով: Նա բացատրություն էր տվել, որ մասնակցել է խաղաղ ցույցի:
«Նրա ապօրինի ազատությունից զրկվելու հիմքով դիմել եմ ՄԻ պաշտպանին»,-ասաց Ա. Ղարագյոզյանը:

Երեկոյան՝ ժ. 20.00-ի սահմաններում, Անին դուրս է եկել փաստաբանի հետ բաժնից:
Մեր հաջորդ դիտարկմանը, թե արդյո՞ք անցյալ տարի Բաղրամյան փողոցի վրա տեղի ունեցած ցույցերի ժամանակ, երբ նույնպես կիրառվել էին հատուկ միջոցներ, վկաների հագուստները պահանջել են, փաստաբանն ասաց. «Վկայի հագուստները առգրավելը որեւէ օրենքով նախատեսված չէ: Անօրինական է: Անցյալ տարի էլ հատուկ միջոցներ կիրառվեցին, բայց կասկածյալներից կարողացան պահանջել, իսկ վկաներից, որքան տեղյակ եմ՝ ոչ»:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Քրեական դատավարության օրենսգրքով, եթե որեւէ մեկին բերման են ենթարկում, պետք է առկա լինի քննիչի, դատախազի պատճառաբանված որոշումը: Այս վերջին օրերի բերման ենթարկվածների համար որեւէ որոշում չկա:
«Ոչ թե բերման են ենթարկում, այլ առեւանգում, տանում են ոստիկանության բաժիններ»,-ասում է Ա.Ղարագյոզյանը:

 

«Առավոտ»

23.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էլի խառնում եք եզրերը: Վկային ինչ ձերբակալել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031