Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ տեսակ հարսի շոր են նախընտրում այսօր ամուսնացողները

Օգոստոս 05,2016 13:30

Մոդելավորող Արամ Նիկոլյանի կարծիքով՝ յուրաքանչյուր աղջիկ իր երազանքի զգեստն ունի

Ասում են` հարսանիքի ժամանակ հարսի և փեսայի հագուստներն իրենց նշանակությունն ունեն: Մարդիկ կեսկատակ-կեսլուրջ նշում են, որ տղայի սև կոստյումն իր սև օրերի մասին է փաստում, իսկ հարսի սպիտակ զգեստն ամեն ինչ նոր էջից սկսելու, երանելի օրերի մասին է խոսում: Եվ պատահական չէ, որ հարսն ամենից շատ ժամանակ է ծախսում հենց զգեստի ընտրության հարցում:

Մոդելավորող Արամ Նիկոլյանի կարծիքով՝ յուրաքանչյուր աղջիկ իր երազանքի զգեստն ունի. «Բոլորն իրենց նախասիրություններն ունեն. ես հնարավորինս փորձում եմ զերծ մնալ խորհուրդներ տալուց, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր երազանքի զգեստը պատկերել թղթին»: Լիդա Զատիկյանը, ով վերջերս է ամուսնացել, մեզ հետ զրույցում պատմեց, որ հարսի զգեստ ընտրելիս մեծ ուշադրություն է դարձրել զգեստի` գրպաններ ունենալուն. «Գրպանները փոխարինեցին իմ պայուսակին»: Մեր այն հարցին, թե ինչին կոնկրետ ծառայեց գրպանները, Լիդան հումորով պատասխանեց. «Աղջկա գրպանում միշտ պետք է շրթներկ լինի, հատկապես հարսանիքի օրը»:

Փորձելով պարզել, թե նվազագույնը որքան է անհրաժեշտ հարսի զգեստ գնելու համար, շրջեցինք մի քանի հարսանեկան զգեստների և պարագաների խանութներում: Ընտրությունը բազմազան է, իսկ հնարավորությունները` տարբեր: Մեր քաղաքում հարսի շորի վարձույթի գները սկսվում են 30-40.000-ից եւ հասնում մինչեւ 1,5 միլիոնի, իսկ որոշ հարսանյաց սրահներում այս գնից էլ թանկ հարսանյաց զգեստներ կան: Հրաչուհի Սարգսյանը, ով պատրաստվում է իր հարսանեկան արարողությանը, առաջին հերթին նշեց, որ սրահներ այցելում է իր ընկերուհիների հետ եւ չնայած նրան, որ չի հավատում այն նախապաշարմունքին, որ նախքան հարսանիքը փեսան չպետք է տեսնի հարսնացուին, այնուամենայնիվ, ցանկանում է անակնկալ լինի. «Մենք «կբարիշենք», որ նա ինձ հարսանյաց զգեստով տեսնի միայն հարսանիքի օրը (ժպտում է)»: Իսկ թե զգեստի ինչի՞ն է հիմնականում ուշադրություն դարձնում և արդյոք չի՞ դժվարանում ընտրություն կատարել, Հրաչուհին անկեղծանում է. «Դժվարություններն ավելի շատ առաջանում են իմ բարդ բնավորության եւ զգեստի ընտրության հարցում իմ պատկերացումների պատճառով, իսկ հարսի զգեստն ընտրելիս առաջին հերթին ինձ համար կարեւոր է ձեւն ու կտորը, որ հավանեմ և հարմարավետ լինի»: Դիզայներ Արամ Նիկոլյանն ասում է, որ եթե իր հայեցողությանն են թողնում հարսի զգեստի մոդելավորումը, ինքը հնարավորինս փորձում է զգեստի միջոցով ընդգծել տվյալ մարդու կերպարի առանձնահատկությունները. «Շատ կարեւոր է, որ հարսին բնորոշ դետալներ լինեն, այսինքն՝ զգեստին նայելիս պատկերացնենք, թե ինչ բնույթի մարդ է այն կրելու»:

Չնայած այս ամենին` մեր օրերում կան աղջիկներ, ովքեր նախընտրում են հարսանյաց զգեստների ոչ ընդունված տարբերակներ, կամ ինչքան էլ զարմանալի է՝ առհասարակ չեն ուզում կրել սպիտակ ավանդական զգեստ: Նելլի Կարապետյանը, ով չի կրել հարսի զգեստ եւ երբեք էլ չի մտածել այն ընտրելու մասին, պատմեց, որ դրանից իր հարսանիքը չի տուժել. «Ես ընդունում եմ, երբ կրում են, բայց ինքս երբեք չեմ ցանկացել եւ չեմ տարվել այդ հարցով՝ բոլոր աղջիկների նման. կարեւորը՝ երջանիկ եմ իմ ամուսնու կողքին»: Իսկ Նարինե Վարդանյանը, ով պատրաստվում է ամուսնանալ, ասաց, որ իր հարսանիքը լինելու է ազգային ավանդույթներով. «Ես պլանավորում եմ կրել երեւանյան հարսանեկան տարազ` արծաթեկար նախշերով»:

Անկախ զգեստի ընտրությունից՝ մեր բոլոր հերոսները կարեւորեցին այն հանգամանքը, որ երբ ամուսնանում ես սիրով ու այդ միությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, մնացած շատ ու շատ հարցեր երկրորդ պլան են մղվում:

Լիլիանա Օսիպյան

Լուսանկարը՝ «Հետքի»

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031