Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Ահարոնյանի ասածը հակասում է արձանագրված փաստերին»

Օգոստոս 11,2016 11:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանության լրատվության ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնություն կիրառելուն, ասել էր. «Կան տեսանյութեր, կան լուսանկարներ, որտեղ պատկերված են անձինք, որոնք ոստիկանության ծառայողներ են, պատկերված են անձինք, որոնք ոստիկանության հետ առնչություն չունեն: Ես դեռ չեմ տեսել, ես չեմ բացառում, որ նման տեսանյութեր լինեն, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ այս պահին քննություն է ընթանում, բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսել ոստիկանության ծառայող քաղաքացիական անձ տեսանյութում, որը բռնություն է կիրառում թե՛ լրագրողի, թե՛ քաղաքացու նկատմամբ»:

Օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում «Հանուն խոսքի ազատության» հավաքի նախաձեռնող խմբի անդամներին խնդրեցինք անդրադառնալ այս հայտարարությանը:

Արամ Աբրահամյան՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր. «Պարոն Ահարոնյանի ասածը հակասում է այն փաստերին, որոնք արձանագրվել են: Հնարավոր չէ չարձանագրել, հնարավոր չէ չտեսնել, թե ինչպես էին մարդիկ հաբեր ընդունելով այդ գործողությունները կատարել: Այնուամենայնիվ, ոստիկանությունը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրի այդ իրադարձությունները եւ նրանք կտեսնեն, որ հենց լրագրողների դեմ էին թիրախավորված ոստիկանության գործողությունները, այսինքն՝ նրանք չէին ուզում, որ տեսախցիկները աշխատեին այդ օրը. չէին ուզում, որ իրենց վայրագությունները ֆիքսվեին: Դա, իհարկե՛, հիմարություն է, որովհետեւ 21-րդ դարում հնարավոր չէ խոչընդոտել որեւէ ինֆորմացիայի տարածմանը: Բայց ես կարծում եմ՝ նրանք կամաց-կամաց կհասկանան, որ իրենց գործողություններով էլ ավելի սրում են իրավիճակը, փոխանակ՝ լիցքաթափեն»:

Mesrop Movsisyan

Մեսրոպ Մովսիսյան՝ «Ա1+» լրատվամիջոցի ղեկավար. «Ես, իհարկե՛, զարմանում եմ նման հարցադրումից, որովհետեւ երբ լրագրողը աշխատում է եւ տեսախցիկը աշխատում է իրադարձության վրա, ապա լրագրողի վրա ռումբ նետելու պահը կարող է չֆիքսվել: Բայց փաստն այն է, որ տուժածները օրերով հիվանդանոցներում բուժվեցին եւ մինչեւ վերջ էլ չեն ապաքինվել: Եթե պետք է անպայման մահ լինի, չգիտեմ՝ ինչ լինի, որ սթափվեն … այսպես, որ շարունակեն դա էլ կգա, բայց արդեն շատ ուշ կլինի իրենց համար»:

Taguhi Tovmasyan

Թագուհի Թովմասյան՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր. «Իրենք միացել էին ստորագրահավաքին՝ ապացուցելու, որ այդքան էլ կողմ չեն բռնարարքներին. ակամա է ստացվել: Իհարկե՛, ես չեմ հավատում այդ վարկածին: Ես կարծում եմ, որ կլինեն լրագրողներ, որոնք կտան այդ ցուցմունքները, որ իրենք բռնության են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Եվ եթե իրավապահները մեծ ցանկություն ունեն, կարող են այս փաստերը համադրել եւ ստանալ ինֆորմացիան՝ ճիշտ ինֆորմացիան: Ի վերջո` այսօր հրապարակված բոլոր տեսանյութերում երեւում են այն քաղաքացիական հագուստով անձինք, որոնք որ ոստիկանների թիկունքից հարձակվում են ցուցարարների վրա: Այնպես, որ այստեղ գաղտնի, թաքուն ոչինչ չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031