Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանն ինքնուրույն չի կարողանում քայլել, թեւերը ընկած են բերել, այնքան հյուծված է. «Ժողովուրդ»

Օգոստոս 12,2016 11:52
Vahan harutyunyan

ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի գործով արդեն 8 ամիս կալանքի տակ է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Վահան Շիրխանյանի հարազատները բարձրաձայնում են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ համապատասխան փաստաթղթեր են ներկայացնում նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն ԱԱԾ-ն հրաժարվում է Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել կամ, առհասարակ, գրավի դիմաց ազատ արձակել։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հունիսին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում մի շարք քրեական գործերով հայտնի փաստաբաններից մեկը գործուղվել է Հայաստան, որպեսզի անձամբ հանդիպի Վահան Շիրխանյանի եւ, ամենայն հավանականությամբ, ստանձնի նրա պաշտպանությունը, սակայն նրան թույլ չեն տվել հանդիպել Վահան Շիրխանյանին։ Չի բացառվում, որ Եվրոպայից գործուղված փաստաբանը չի ունեցել Հայաստանի փաստաբանների պալատի արտոնագիրը, եւ դա է եղել պատճառը, որ նրան թույլ չեն տվել հանդիպել Վահան Շիրխանյանին։

Ինչեւէ, չնայած ստեղծված իրավիճակին՝վերջինիս պաշտպանները ԱԱԾ-ի կողմից թույլ տված մի շարք իրավախախտումների մասով արձանագրություն են կազմել, որը մինչ օգոստոսի վերջ կուղարկեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Ի դեպ, երեկ լրացավ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի երկամսյա կալանքի ժամկետը, եւ ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վահան Շիրխանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար, արդյունքում դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինիս որդին՝ Գրիգոր Շիրխանյանը, ասաց, որ իր հայրիկի վիճակը շատ ծանր է, եւ ինքը կոչ է անում այն մարդկանց, ովքեր այս խաղի մեջ են ընկել եւ ծառայում են, մի քիչ ադեկվատ լինեն, քանի որ մի քանի ամիս հետո բոլորը կարող են պատժվել. «Օգոստոսի 10-ին նյարդաբանը այցելել է ու տեսնելով հորս՝ ապշել է, թե ինչ վիճակով են նրան բերել։ Ինքը ինքնուրույն չի կարողանում քայլել, թեւերը ընկած են բերել, այնքան հյուծված է։ Ինքը ունի լուրջ խնդիրներ՝ անոթների հետ կապված, գլխուղեղի սնուցման հետ կապված, արյունը լավ չի սնուցվում, եւ ամբողջը տրոմբոզներով է լցված, արյան անալիզը նորմայի ցուցանիշից ավելի բարձր է։ Երեկ նյարդաբանը տեսնելով ասել է, որ այս պայմաններում չեն կարող նրան պահել, եւ անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Իսկ իրենք դա թույլ չեն տալիս։ Հորս գալիս է, տեսակցում է անհայտ ծագումով մի բժիշկ եւ մեկնաբանում, որ ամեն ինչ նորմալ է, իսկ երբ մենք ենք նորմալ բժշկի ուղարկում, հստակ ասում են, որ այս պայմաններում նրան պահել չի կարելի»։

Ըստ Գրիգոր Շիրխանյանի՝ իրենց առաջարկել են, որ Վահան Շիրխանյանին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն իրենք հրաժարվել են. «Անիմաստ է, քանի որ այնտեղ չկան այն մասնագետները, այն սարքավորումները, որոնք կօգնեն հորս այդ վիճակից դուրս գալ։ Դատապարտյալների հիվանդանոցի հակահիգիենիկ, ոչ պրոֆեսիոնալ մակարդակի մասին բոլորը գիտեն, եւ անգամ այս վերջին դեպքերով ինչքան բարձրաձայնվեց։ Սա գնահատում ենք որպես պլանավորված սպանության փորձ, որեւէ այլ կերպ չենք կարող սա դիտարկել»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031