Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Եթե երկիրը չի հենվում միջին մասնագիտական հաստատությունների հենքի վրա, թույլ է լինում»

Օգոստոս 19,2016 15:16

Օգոստոսի 19-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, կայացավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը՝ հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասաց, որ հավաքը հերթական պլանային միջոցառումը չէ, եւ տնօրեններին կոչ արեց ազատ լինել առաջարկություններում:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ խոսելով նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին՝ նշեց, որ կրթական բոլոր օղակները պետք է համալիր դիտարկել: Նա եւս տնօրեններին առաջարկեց հանդես գալ առաջարկություններով ու բարձրաձայնել մտահոգությունների մասին, որպեսզի նախարարությունը կարողանա ճշգրտել իր քաղաքականության վեկտորը: Նախարարի ձեւակերպմամբ, եթե երկիրը չի հենվում միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատությունների հենքի վրա, թույլ է լինում:

Levon_Mkrtchyan_1

Լրագրողների հետ զրույցում նախարարը հավելեց, որ յուրաքանչյուր տարի, երբ սկսվում են օգոստոսյան խորհրդակցությունները, նախ եւ առաջ հանրակրթության եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ նույն հարցադրումների շրջանակում են քննարկումները գնում: «Ինչ խնդիրներ ունեն, ինչպես են տարին սկսելու, ակնկալում ենք, որ բաց խոսակցություն լինի, որովհետեւ միջին մասնագիտական հաստատությունների ցանցը երկրում պետք է կատարի շատ կարեւոր գործառույթ՝ պետք է կարողանա մեր բնակչության առավել ուժեղ կապն ապահովել աշխատաշուկայի հետ: Եվ տեղաբաշխվածությունները, եւ մասնագիտությունների ցանկը, եւ չափորոշիչները դեռեւս բավականին հղկելու կարիք ունեն, թեեւ կատարված է մեծ աշխատանք: Նաեւ պիտի փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ են հուզում հենց տնօրեններին»,-հայտնեց նախարարը:

Levon_Mkrtchyan_3

Aravot.am-ի դիտարկմանը, որ տնօրենների համար գլխավոր խնդիրներից մեկը ցածր աշխատավարձերն են, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց.«Իրենք եւ աշխատավարձի խնդիր ունեն, եւ մասնագիտությունների, մասնագիտությունների մի զգալի հատվածն ավարտելուց հետո շրջանավարտն աշխատաշուկայում չի կարողանում տեղ գտնել, քոլեջները սկսում են հաճախ ծառայել դեպի բուհ անցումային փուլին: Պիտի վերանայվի մասնագիտությունների ցանկը: Ապրիլյան դեպքերից հետո հասկացանք, որ հատկապես միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարեւոր են, օրինակ, նույն տրակտորիստի մասնագիտությունը: Նույնը վերաբերում է պաշտպանության բնագավառին, տեխնիկան զարգանում է, եւ զորակոչվող երիտասարդները պետք է ունենան խորացված մասնագիտական կրթություն, խոսքը վերաբերում է հատկապես զրահատեխնիկային տիրապետելուն, արտիլերիայի հարցերին:

Իմիջիայլոց, մեր կրթական համակարգում են բժշկական եւ գյուղատնտեսական ուղղվածության քոլեջները: Պետք է կարողանանք հասկանալ՝ ինչպես անել, որ ոլորտային նախարարությունները կարողանան աշխատաշուկայի եւ որակի հարցերը ապահովեն քոլեջներում: Ըստ էության, երկակի կառավարման մոդելի խնդիր կա, նույնը կա նաեւ արվեստի բնագավառում: Օրինակ, Չայկովսկու անվան դպրոցը մշակույթի նախարարության համակարգում է, բայց բովանդակային, հանրակրթական ծրագրերով մենք ենք պատասխանատուն: Նույնն էլ պետք է կիրառենք քոլեջների պարագայում»:

Նախարարի ձեւակերպմամբ, կարծրատիպերի հաղթահարման խնդիր էլ կա, շատերին թվում է, որ բակալավրիատն ավարտելու պարագայում, իրենց կրթությունը թերի է, մինչդեռ աշխարհում այդպես չէ: Լեւոն Մկրտչյանը նաեւ չթաքցրեց, որ ոլորտներ կան, որոնց պարագայում չեն կարող խոսել կայացած աշխատաշուկայի մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031