Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցին ինձ ասում է՝ փառք ու պատիվ քեզ, որ դու «Լավրովի լիստ» չդարձար. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2016 12:41

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՕԵԿ-ական  պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Գյումրիում առաջադրվելը բացատրում է նրանով, որ գյումրեցիների հետ ակտիվ շփումը, մշտապես նաեւ որպես պատգամավոր Գյումրու խնդիրներով զբաղվելը հանգեցրել են նման որոշման։ Նա ժամանակին գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կուսակիցն ու մտերիմն է եղել, մինչեւ որ Բալասանյանը որոշեց մաքրել իր ճակատի ՕԵԿ-ական գիրն ու տեղն այլ բաներ գրեց։ Հիմա երբեմնի ընկերները կպայքարեն իրար դեմ։ Մարգարյանն իր նախընտրական ծրագրում հստակ ամրագրել է՝ օրենսդրորեն հարկային արտոնություններ սահմանել Գյումրիում, օրինակ՝ արտոնագրային վճարներից ազատել տնուսույցներին, ատամնաբույժներին, այլ տնտեսվարող սուբյեկտներին եւ ոչ միայն։ Իսկ չէ՞ր կարող օրենսդրական այդ փոփոխությունները որպես պատգամավոր իրագործել, ի վերջո՝ սա մեծապես օրենսդիրի գործն է, որի անդամ է ինքը, ինչո՚՞ւ մինչ այժմ չի արել՝ որպես պատգամավոր, որ հիմա ուզում է որպես գործադիր անել։ Եվ ավելի լավ չէ՞ր, որ մնար խորհրդարանում՝ որպես գյումրեցի պատգամավոր։

«Ես շատ բան եմ արել՝ որպես պատգամավոր, ցավում եմ, որ Դուք երեւի ծանոթ չեք։ Իմ կողմից օրենսդիր դաշտում չի եղել մի պրոբլեմ Գյումրիից, որ ես չբարձրացնեմ։ Իսկ, որպես կանոն, տասը պրոբլեմ բարձրացնում ես, գոնե երկուսը լուծում են։ Ու հիմա, գիտե՞ք, ես իմ մեջ ուժ գտել եմ եւ տեսնում եմ, որ ես կարող եմ Գյումրու եւ գյումրեցու կյանքն էականորեն բարելավել եւ ես դա պարտավոր եմ անել»,- ասաց նա։

– Սամվել Բալասանյանը, որը ժամանակին Ձեր թիմակիցն է եղել, եւ որի հետ Դուք բավականին մտերիմ հարաբերություն եք ունեցել, այսօր գործող քաղաքապետն է եւ Ձեր հիմնական մրցակիցներից մեկը։ Ինչո՞վ նա չարդարացրեց որպես քաղաքապետ, որ որոշեցիք առաջադրվել, եւ ինչպե՞ս կմեկնաբանեք նախկին ընկերոջ դեմ այս մրցակցությունը։

– Նախ՝ որեւէ մեկը որեւէ մեկին դեմ դուրս չի գալիս, ընդհանրապես, տասից ավելի քաղաքական ուժեր են մասնակցելու այս ընտրություններին, եւ երկրորդ, թե ում ինչ ձեւի է վստահում ժողովուրդը, դա հոկտեմբերի 2-ին կարտահայտի։ Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին, դա եղել է իր որոշումը (նկատի ունի նախկին կուսակցական լինելը), եւ դրա համար գյումրեցին իր գնահատականը տվել է, կտա։ Ես կոնկրետ կխոսեմ իմ մասով, ես չեմ ուզում որեւէ մեկին սեւացնել, սա իմ տեսակը չէ։ Իմ տեսակը հետեւյալն է՝ իմ ճակատը պարզ է, ես ապրել եմ ճիշտ, ազնիվ, երբեք երկդիմի չեմ եղել եւ իմ քաղաքական ուղղությունը չեմ փոխել, չեմ էլ փոխելու։

– Որ ասացիք՝ Ձեր ճակատը պարզ է, ի՞նչ նկատի ունեք, եւ, կներեք, Ձեր ճակատի գիրը ո՞րն է՝ քաղաքական առումով։

– Նախ՝ մեր ճակատագիրը կերտողներից մեկը մենք ենք, չնայած մեր ճակատագիրը, ի վերջո, ի վերուստ է։ Ես միշտ համեմատություն եմ բերել շատ պարզ, չեմ ուզել երբեւէ իմ քաղաքական գործունեության ընթացքում նմանվել մի գործչի, որն առաջին պլան կմղի իր նեղ-անձնական շահերը։ Ես իմ քաղաքական ուժի համար կլինեմ ու կմնամ զինվոր։ Իմ քաղաքական ուժն իմ ընտանիքն է:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930