Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Կոստանյանի հայտարարության եւ «Սասնա ծռերի» մասին

Սեպտեմբեր 09,2016 14:35

Այսօր առավոտից գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ:

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի հետ հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը ուշագրավ հայտարարություններ արեց: Նա ասաց, որ քաղբանտարկյալներ Հայաստանում չկան. «Ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով: Պնդում եմ, չկան քաղբանտարկյալներ»:

Երբ լրագրողները անուններ հնչեցրին՝ Շանթ Հարությունյան, Գևորգ Սաֆարյան, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ կարող վստահ լինել, որ որեւէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի մասին, կիսո՞ւմ է Գեւորգ Կոստանյանի տեսակետը, որ եթե զենքերը վայր դնեն՝ նրանք կազատվեն խիստ պատժից, համաներում կլինի՞, թե՞ ոչ: Նա ասաց, որ դեռեւս համաներման ակտ չկա, որ մեկնաբանի:

Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազի հայտարարությանը, նա ասաց, որ այն հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական գործ եւ մեղադրանքներ են առաջադրվել «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ, դրանք ունեն խրախուսական նորմեր: Թե խրախուսական նորմերով փաստերը կոնկրետ դեպքում որքանով են առկա, դա ցույց կտա քննությունը.«Այսինքն, քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք մենք ունեցել ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե՞ ոչ: Վերջնական իրավական գնահատականը կտա քննության արդյունքը»:

Երեք ոստիկանների սպանությանն անդրադառնալով՝ գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն չի հրապարակի, բայց ունեն որոշակի արդյունքներ այս առումով. «Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ,կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»:

Հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ անձինք, որոնց առաջիկայում մեղադրանք կառաջադրվի, նրանք «Սասնա ծռերի՞ց» են, Արթուր Դավթյանը հաստատեց՝ «Սասնա ծռերից» են»:

Արթուր Դավթյանը խուսափեց գնահատականներ տալ՝ ահաբեկչությո՞ւն էր ՊՊԾ գնդի գրավումը, թե՞ մեկ այլ բան. «Այս պահին մենք այս գործով քրեաիրավական գնահատական դեռևս որպես ահաբեկչություն չունենք տված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930