Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է Հայաստանի անկախության քսանհինգամյակին

Սեպտեմբեր 12,2016 18:11

Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված Երևանյան 10-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 12-ին: Այդ առթիվ մամլո ասուլիսով հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանը՝ Գերմանիայից ժամանած մենակատար ջութակահարուհի Վիվիան Հագների և ԱՄՆ-ում «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Ղազարյանի հետ:

«Տասներորդ տարին անընդմեջ այս երաժշտական փառատոնն անցկացնում ենք հրավերով հանդես եկող մեծ ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ: Այս տարի նրանց շարքում են ինչպես Վիվիան Հագները, այնպես էլ Ճապոնիայից՝ ջութակահար Դայշին Կաշիմոտոն, դիրիժորներ Կիրիլ Կարաբիցը՝ Ուկրաինայից, Վասիլի Սինայսկին՝ Ռուսաստանից և այլք: Այս տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կայանալիք համերգն է, որում ելույթ կունենա թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից, և դաշնակահարուհի Նարե Արմաղանյանը՝ Ավստրիայից», հայտնեց մաեստրոն:

Վիվիան Հագները, որ հանդես է եկել մեծ ճանաչում ունեցող տասնյակ նվագախմբերի հետ աշխարհի տարբեր ծայրերում, առաջին անգամ է Հայաստանում: Նա կիսվեց նախօրեին իր անցկացրած արպետության դասից ստացած տպավորություններով: «Ինձ համար շատ կարևոր է պատանի երաժիշտների հետ շփումը: Փորձում եմ վարպետության դաս անցկացնելու առիթը երբեք բաց չթողնել, իմ խորհուրդներով ներդրում ունենալ նրանց առաջխաղացման գործում: Հիացած եմ այն երեք պատանիներով, ովքեր երեկ ինձ համար նվագեցին: Հայ պատանի երաժիշտները շատ խոստումնալից են»:

Փառատոնի մեկնարկային համերգի ծրագրում ընդգրկված են Դվորժակի «Ջութակի կոնցերտը» և Բերլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան», որում հանդես կգա ջութակահարուհի Վիվիան Հագները, նվագախումբը կխմբավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Եզրափակիչ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930