Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Կոստանյանի ատամի ցավի եւ Արթուր Դավթյանի պաշտոնի բարձրացման մասին

Սեպտեմբեր 14,2016 12:45

«Գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հրաժարականը բացատրել մի տողով, որ նա առողջական խնդիրներ ունի, առնվազն անհասկանալի է»,- այսօր ԱԺ-ում շարունակվում է Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման հարցի քննարկումը եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ անդրադարձավ Գեւորգ Կոստանյանին:

Ըստ նրա, պատշաճությունը ենթադրում է, որ երբ ասում ես, որ Կոստանյանն ունի առողջական խնդիր, պետք է բացատրես, թե ինչ առողջական խնդիր ունի. «Ատամի ցավն էլ է առողջական խնդիր, կարող է ատամի ցավ ունի: Կա ուրիշ խնդիր՝ պետք է պարզաբանվի, որովհետեւ նա մարդկանց ճակատագրի հետ է գործ ունեցել, հանրությունը պետք է հասկանա՝ նրա առողջական խնդիրը կարո՞ղ էր ազդել իր կայացրած որոշումների վրա: Նման պարզաբանումներ մինչ օրս չեն հնչել»:

Նիկոլ Փաշինյանը հիշատակեց մամուլի հրապարակումները, ըստ որոնց Կոստանյանը հրաժարական է տվել ՊՆ-ին մատակարարումների հետ կապված պատմության համատեքստում. «Իր հետ կապված ընկերությունները չափազանցված գներով մատակարարումներ են իրականացրել ՊՆ-ին եւ կոռուպցիոն եկամուտները հավասարաչափ չեն բաշխվել իշխանության վերնախավում, ինչը հանգեցրել է հրաժարականի: Երկու օր առաջ ընդամենը մամուլում եղան ապացույցներ այն մասին, որ ՀՀ քննչական պետական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2.5 մլն դոլարի մատակարարումներ է իրականացրել առողջապահության նախարարությանը՝ 6-7 անգամ չափազանցված գներով: Դատախազական պաշտոնը կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է»:

Ըստ Փաշինյանի, գխավոր դատախազի պաշտոնում արագընթաց կարիերա են անում այն մարդիկ, որոնք առնչություն ունեն աղմկոտ եւ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին: Արթուր Դավթյանը «Հարսնաքարի» գործով, երբ ծեծվելով սպանվեց ԶՈՒ սպա Վահե Ավետյանը, մեղադրող դատախազ է հանդես եկել. «Հանրությանը հետաքրքրում էր՝ Ռուբեն Հայրապետանն առնչություն ունեցե՞լ է այս գործի հետ, հրահանգե՞լ է ծեծել, թե՞ չծեծել: Նախաքննությունը «բարեհաջող» ավարտվեց, որ Հայրապետյանը կապ չունի, Արթուր Դավթյանը հենց այդ պահին պաշտոնի բարձրացում ստացավ»:

Անդրադառնալով Արթուր Դավթյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե դատախազներն արժանի են բարձր աշխատավարձի, Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Դատախազության 2015-ի տարեկան հաշվետվության մեջ բառացիորեն ասվում է, որ սեփականատերերը մեղավոր են, լավ չեն պահպանում իրենց սեփականությունը: Բնակարանային գողությունների հետ կապված նախականխիչ կարող է լինել պատուհաններին ճաղավանդակներ տեղադրելը: Այսինքն, դատախազությունը պատկերացնում է, թե մենք պատուհաններին ինչքան կարանք ճաղավանդակ ենք դնում, իրիկուններն էլ ավտոմատներով մուտքերում ժամապահություն ենք անում հերթով՝ երեխեքը, տնեցիք 2 ժամը մեկ փոխում են: Այդ ընթացքում էլ գլխավոր դատախազությունը ճաղավանդակների ցեխ է դնում, որ միջազգային գներով մեզ մատակարարի»:

Ելույթից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դժգոհ էր: Նա արձագանքեց. «Վարկաբեկված, այնպիսի բաներ, որոնք մտացածին են, կարծում եմ, այստեղ պետք չի ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930