Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հորդոր Ջավախքի իմ հայրենակիցներին

Սեպտեմբեր 15,2016 15:00

Վերջին օրերին տարածված տեղեկատվությունը՝ Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման մասին, Վրաստանի Հանրապետությունում ես դիտարկում եմ տիկնիկային թատրոնի ժանրից: Այս ինֆորմացիան բաց թողնվեց լրագրողական դաշտ մի քանի օր առաջ՝ Վրաստանի վարչապետի Հայաստան այցից առաջ: Վրաստանի իշխանությունները այսպիսի սադրանք անում են Հայաստանի նկատմամբ, շանտաժի լեզվով են խոսում այն ժամանակ, երբ իրենց երկրում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, այս պարագայում՝ խորհրդարանական ընտրություններ: Այս օրերին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վրաստանի վարչապետի այցը Ախալքալաք դրսեւորվեց տեղի ազգաբնակչության դժգոհություններով:

Նախապես ծրագրված խորհրդարանական ընտրությունների օրենքում փոփոխությունները՝ հիմնականում մեծամասնական ընտրակարգով ընտրության առթիվ, որ Նինոծմինդա եւ Ախալքալաքի շրջաններից պետք է ընտրվի մեկ պատգամավոր՝ երկուսի փոխարեն, միտված էին մեկ բանի` պառակտություն մտցնել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի բնակչության միջեւ, քանի որ այսօր գործող երկու պատգամավորներն էլ՝ Հենզել Մկոյանը Նինոծմինդայի շրջանից էր առաջադրվում, իսկ Սամվել Պետրոսյանը՝ Ախալքալաքից: Ներկայումս իշխող կուսակցությունը նախընտրել է Հենզել Մկոյանի թեկնածությունը, որը, բնականաբար, առաջացրեց մյուս կողմի դժգոհությունը:
Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ երկու պատգամավորներին էլ` թե՛ Հենզել Մկոյանը եւ թե՛ Սամվել Պետրոսյանը իմ լավ ընկերներն են, եւ երկուսն էլ վայելում են Ջավախքի ազգաբնակչության սերը եւ վստահությունը: Ավելին ասեմ՝ Սամվել Պետրոսյանը հայտնի է նաեւ իր ազգանվեր գործունեությամբ դեռեւս Ղարաբաղյան շարժման տարիներից:

Այժմ Վրաստանի իշխանությունների այս ինտրիգը` իբր թե մեր գազամուղը ցանկանում են պայթեցնել, ունի մի քանի կարեւոր կետ-շեշտադրում: Պետք է ասեմ, որ նմանօրինակ փորձեր արվել են նախկինում եւս: Տարիներ առաջ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլիի օրոք հայտարարում էին, որ վաճառքի էին հանելու գազամուղի այն հատվածը. որը պատկանում է Վրաստանին: Հրապարակված գինը 500 մլն դոլար էր: Այնուհետեւ ասում էին, որ եթե Հայաստանը ցանկանա գնել, ապա կվաճառեն 300 մլն դոլարով: Այդ ժամանակ ես, լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ անձնական մասնավոր հանդիպումներում մշտապես խորհուրդ էի տալիս ձեռնպահ մնալ նման ավանտյուրաներից, եւ որը, կարծես թե, հաջողվել էր: Չէ՞ որ այս գազամուղը ՀՀ սնուցող կարեւոր երակ է, եւ այն, ինչպես նաեւ Լարսի անցակետը շահարկելը Վրաստանի կողմից մշտապես եղել եւ մնում է ճնշելու մեխանիզմ:
Այժմ անդրադառնամ վերոնշյալ խնդիրներին՝ կապված ընտրությունների հետ տեղի ունեցող գործընթացներին: Քանի որ ՀՀ իշխանություններն ունեն որոշակի ազդեցություն Ջավախքում, նմանատիպ քայլերով ցանկանում են զսպել ՀՀ իշխանություններին, որ նրանք ոչ մի կերպ չխառնվեն այնտեղ կատարվող նախընտրական գործընթացներին, որպեսզի կարողանան Ջավախքում հասնել 100 տոկոս վերահսկման՝ այս ձեւով բաժանարար գիծ գծելով Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջանների միջեւ՝ սրելով ժողովրդի տրամադրվածությունը:

Մյուս կարեւոր եւ տարածաշրջանային խնդիրն այն է, որ այս քայլով փորձում են Հայաստանին ուղղորդել այն մեծ ծրագրի իրականացման արագացմանը, որն Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի շինարարությունն է: Այսինքն՝ Վրաստանը այս մեկ հայտարարությամբ փորձում է մի հարվածով երկու նապաստակ խփել: Առաջին` Հայաստանի իշխանական շրջանակներին հեռու պահել իր երկրում միատարր հայաբնակ շրջաններում ներգրավվածություն ունենալուց: Եվ երկրորդ` իրականացնել տարածաշրջանային մեծ ծրագիր՝ ունենալով իր երկրի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ:
Այս առումով ես հորդորում եմ իմ հայրենակից ջավախքցիներին մոտակա խորհրդարանական ընտրություններին ցուցաբերել խոհեմություն եւ սառնասրտություն:
ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆ

«Առավոտ»

14.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930