Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Ծառուկյանը ժամանակավոր էր հեռացել քաղաքականությունից. ԲՀԿ-ականը՝ նրա վերադարձի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 12:53

«Վարչապետն իր գործունեության ընթացքում կունենա հաջողություն, երբ գոնե 50 տոկոսով ՀՀ նախագահի որոշումների վրա վետո դնելու իրավունք կունենա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հիշեցրեց, թե ինչպես էին իրենք քննադատում Տիգրան Սարգսյանի կառավարությունը. «Խիստ քննադատում էինք, Հովիկ Աբրահամյանը երբ եկավ, արդեն իսկ վիճակը վատ էր, բայց այս աստիճանի ծայրահեղ չէր, տնտեսությունը հիմա լրիվ քաշից ընկել է»:

Մեր դիտարկմանը, որ այն ժամանակ Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելը եռյակ-քառյակի հաջողություններից էիք համարում, նա գոնե կարո՞ղ էր իր խոստումները կատարել՝ կոռուպցիայի հետ կապված, գործարարներին հավաքեց, ասաց՝ վերջ, խաղի կանոնները փոխվելու են այսօրվանից, գոնե իր այդ ասածը կարո՞ղ էր անել՝ Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ իրենք ունեն այդ դուխը սխալին ասելու սխալ. «Այո, իրավացի եք Հովիկ Աբրահամյանի հետ կապված, բաներ կան, որ չի պահանջում ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ, այլ քաղաքական կամք՝ էլեմենտար կարգուկանոն մտցնելու, թեկուզ նույն մենաշնորհների հետ կապված: Եթե որոշվել է, որ դաշտը պետք է լինի ազատական, պետք է որոշում կայացվեր ու հարգել այդ որոշումը: Ես չգիտեմ՝ կայացվե՞լ էր այդ քաղաքական որոշումը այն ժամանակ, թե՞ ոչ: Ես չգիտեմ ինչու չի կատարվել դա, միգուցե լուրջ դիմադրություն է եղել: Հիմա մենք պետք է առաջ նայենք: Պետք է կարմիր գիծը գծվի եւ ասվի՝ խաղի կանոնները այս են, ով բավարարվում է՝ բավարարվի»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, քանի որ խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանն է ԲՀԿ-ի հետեւում՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, ոչ թե Հովիկ Աբրահամյանը. «Եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ նա դրել է մեր քաղաքական ուժի կայացման եւ հետագա հաջողությունների մեջ, որեւէ մեկը ԲՀԿ-ից չի խլելու: Սա ԲՀԿ-ինն է»: Որտե՞ղ եք տեսել, որ եթե Հովիկ Աբրահամյանը գնաց, ԲՀԿ-ին ինչ-որ բան պետք է անեն, հա՞: Ամեն ինչ նորմալ է»:

Լրագրողների զարմանքին, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապե՞ս է հեռացել, այսինքն հե՞տ է գալու՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ինքը որոշում է կայացրել, հետագայում ինքը կորոշի ինչ անել: Իր որոշելիքն է, ոնց որ կորոշի, քայլերը կանի: Թե ոնց կորոշի՝ ինքը գիտի: Ժամանակավոր որ ասում եմ, ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի եւ տարածության մեջ: Այո, երբ մենք գնում ենք մարզեր, այդպիսի հարցադրումներ շատ կան, ուզո՞ւմ եք ավելի անկեղծ խոսեմ՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել: ԲՀԿ-ն կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ, ինքը կորոշի»:

Aravot.am-ը ճշտեց՝ ասացիք, որ ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, Ռոբերտ Քոչարյանը չի՞՝ Միքայել Մելքումյանը ժպտաց. «Ոչ, ես, համենայնդեպս, այդպիսի տեղեկություններ չունեմ: Կարող եմ հերքել հստակ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930