Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական շքերթ ռազմաքաղաքական հետեւանքներով. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 22,2016 12:09

Եվ այնուամենայնիվ, տոնը կայացավ, իսկ ամենամեծ շուքը դրան հաղորդեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը։ Ֆեյսբուքյան հայության եզրակացությունը մեկն էր. զորահանդեսը լավ էր կազմակերպված, հզոր էր, ցուցադրված զինտեխնիկան ոչ թե 80-ականների էր, այլ՝ գերժամանակակից, զինվորները հպարտ էին, պայծառ դեմքերով։ Համընդհանուր հիացմունքի առարկա էր ՀՀ ԶՈԻ Պատվո պահակային վաշտի ելույթը։ Զորահանդեսն ուղեկցվում էր հաղորդավարների խոսքով, որի ընթացքում հնչեցին պետության անկախացման եւ կայացման գործում իրենց ավանդն ունեցած անհատների, ռազմական եւ քաղաքական գործիչների, Արցախի եւ Հայաստանի հին ու նոր հերոսների մի քանի տասնյակ անուններ։

Այս զորահանդեսը, սակայն, միայն տոնի համար չէր։ Այն ուներ ռազմական եւ քաղաքական մեծ նշանակություն, որովհետեւ առաջինն էր ապրիլյան պատերազմից հետո։ Զորահանդեսը պետք է ցույց տար, որ ՀՀ ԶՈԻ բոլոր թերությունները, որ ջրի երես դուրս եկան քառօրյա պատերազմի օրերին, շտկվել են։ Ու կարելի է ասել, այդ իմաստով շքերթը որոշակիորեն ծառայեց իր նպատակին։ Գիշերային զինտեխնիկա, հայկական արտադրության անօդաչու սարքեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգեր, «ԲՈԻԿ» զենիթահրթիռային համակարգեր, «Ստրելա 10»՝ զենիթային համալիրներ, C-300, C-125 համակարգեր եւ վերջապես՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Այս ամենը ցուցադրվեց Երեւանի Հանրապետության հրապարակում, բավական լուրջ ազդեցություն թողնելով հակառակորդ երկրում՝ Ադրբեջանում։ Պատճառն այն է, որ ռազմական հավասարակշռությունը, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմն էր թեքված, այսպիսով վերականգնված է։ Որոշ փորձագետների գնահատմամբ, այն անգամ դեպի Հայաստանի կողմ է թեքվել, քանի որ մասնավորապես «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ Ադրբեջանի Զինված ուժերում գոյություն չունեն, այնինչ դրանք հզոր զենք են համարվում։ Երեկ ադրբեջանցի փորձագետները կարծիք էին հայտնում, որ Ռուսաստանն այն Հայաստանին մատակարարել է կամ նախապես համակարգչային այնպիսի ծրագրավորմամբ, որ հրթիռները Ադրբեջանի ուղղությամբ չթռչեն, կամ հատուկ պայմանով, որ հայկական կողմը դրանք Ադրբեջանի վրա չի արձակի։ Ադրբեջանում հնչող կարծիքին, թե Ռուսաստանը դրանք Հայաստանին է տրամադրել միայն զորահանդեսում ցուցադրելու համար, իրականում դրանք ՀՀ-ին չեն պատկանում, երեկ պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակը, հայտարարելով, որ ցուցադրված բոլոր զինատեսակները գտնվում են ՀՀ ԶՈԻ ենթակայության տակ։ Այսպիսով, իրավիճակը ռազմական ճակատում կարելի է փոփոխված համարել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930