Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան․ «Բժիշկների ցուցմունքում չկա, որ Էդվարդ Գրիգորյանը որեւէ գործողություն է կատարել»

Սեպտեմբեր 23,2016 17:49

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Էդվարդ Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։

Դատական նիստից հետո նրա պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որի հիմքերից մեկն այն էր, որ նման գործերից մեկով ինքը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, որը վերաքննիչ դատարանը բեկանել է եւ կայացրել է արդարացման դատական ակտ․ «Այսինքն՝ սա այն դատավորն է, որը չի կարող քաղաքական գործերով կայացնել արդարացի դատական ակտ։ Եվ եթե այն պարագայում, որտեղ տուժողը ոստիկան է, նա չէր կարող իր մեջ ուժ գտնել եւ արդարացման դատական ակտ կայացնել, այս պարագայում անձինք պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինքն ընդհանրապես չի կարող իր մեջ ուժ գտնել եւ օրինական դատական ակտ կայացնել։ Դատարանը այս միջնորդությունը մերժեց»։

Էդվարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել բժիշկներին պատանդ պահելու եւ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար․ «Բժիշկների ցուցմունքը ներկայացվել է դատարան, սակայն բժիշկների ցուցմունքում, իհարկե՛, չկա, որ Էդվարդ Գրիգորյանը որեւէ գործողություն է կատարել»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում, երբ պաշտպանական կողմը քննիչից փորձում էր պարզել, թե հիմնավոր կասկածի առումով ինչ ապացույցներ է ներկայացնում նա եւ թե ինչպես է Էդվարդ Գրիգորյանը հայտնվել անազատության մեջ, քննիչը պատասխանել է, որ չունի որեւէ տվյալ, թե ինչպես է ազատության մեջ հայտնվել․ «Ամբողջ հանրապետությունը գիտի, քննիչը չգիտի, դատարանն էլ չգիտի։ Եվ մենք միջնորդեցինք, որպեսզի ժամանակ տրամադրվի, որ մենք կարողանանք այդ ապացույցները ներկայացնել դատարանին»։

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 24-ին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930