Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության հասնելու ճանապարհներն՝ ըստ հայտնիների

Հոկտեմբեր 10,2016 11:14

«Համախմբված երիտասարդական միությունը» կրկին իր շուրջն է հավաքել հարյուրավոր ակտիվ ու հետաքրքրասեր երիտասարդների, ովքեր ունեն շատ նպատակներ, գաղափարներ ու մտքեր և այդ նպատակներին հասնելու ճանապարհին փորձում են գտնել հաջողության հասնելու իրենց բանաձևը:

Այս հարցում նրանց օգնության եկավ «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» կոնֆերանսը, որի ընթացքում իրենց ոլորտներում հաջողությունների հասած հայտնիները պատմեցին սեփական փորձի, գիտելիքների, անցած ճանապարհի և հանդիպած դժվարությունների ու հաջողությունների մասին: Հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին՝ « Radisson Blu» հյուրանոցում:

Ուրիշի փորձով կերտել սեփականը

Կազմակերպության համահիմնադիր Գրիգոր Ջանիկյանն անդրադառնալով կոնֆերանսին՝ նշեց, որ այս ձևաչափով սա արդեն երկրորդ կոնֆերանսն է, որի հիմնական նպատակը երիտասարդներին հնարավորություն տալն է դառնալու ավելի հմուտ ու խելացի՝ սեփական կարողությունները ճիշտ և արդյունավետ օգտագործելու և հաջողությունների հասնելու համար:

«Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ կոնֆերանսին մասնակցության հայտերի թիվը այս անգամ աննախադեպ քանակության էր հասել՝ ունեցել ենք 1100-ից ավելի մասնակցության հայտ: Ցավոք, չենք կարող բոլորին տեղավորել դահլիճում, այդ պատճառով մասնակցելու հնարավորություն ունեցան մոտ 250 երիտասարդներ»:

Կոնֆերանսի մասնակիցներից Լաուրա Մարոյանը, խոսելով հանդիպման և իր ակնկալիքների մասին՝ նշեց, որ նման միջոցառումները շատ է կարևորում երիտասարդների կյանքում, քանի որ այստեղ հավաքվում են հիմնականում այն երիտասարդները, ովքեր սկսնակ են՝ յուրաքանչյուրն իր ոլորտում:

«-Հայտնի և որոշակի հաջողությունների հասած մարդկանց կյանքի հետաքրքիր պատմությունները կարող են մեզ համար հիանալի օրինակ հանդիսանալ՝ առաջ շարժվելու և մեր հաջողության պատմությունները կերտելու համար: Բացի այդ՝ նման հանդիպումների ընթացքում տիրող ջերմ ու ընկերական մթնոլորտը ինձ շատ է դուր գալիս, այդ պատճառով աշխատում եմ բաց չթողնել նման հանդիպումները» , – նշում է Լաուրան:

Այս անգամ իրենց պատմություններով կիսվելու և սեփական փորձի մասին խոսելու էին եկել հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, երգահան, հումորիստ Գարիկ Պապոյանը և տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Յուրաքանչյուրն ինքն է սահմանում հաջողության իր բանաձևը

Առաջին բանախոսը Նազենի Հովհաննիսյանն էր, որը չնայած երկար տարիներ է, ինչ աշխատում է հեռուստատեսությունում, կինոյում և թատրոնում, այնուամենայնիվ համարում է, որ ինքը դեռ գտնվում է մեկնարկային փուլում և որպես մասնագետ դեռ շատ պետք է սովորի ու աշխատի: Անդրադառնալով հաջողության հասնելու ուղիներին՝ նշեց, որ ամենակարևորը չհարմարվելն է, սեփական մտքերն ու գաղափարները ընդհանուրին չձուլելը, հոսանքի մեջ չընկնելը, ինչպես նաև երբեք ու ոչ մի պարագայում ուրիշների հետ չհամեմատվելը:

«Մեր մոտիվացիան, շարժիչ ուժը պետք է լինի հենց շարժումը՝ անդադար առաջ գնալը: Ո՞վ ենք մենք, որ ունենալով մարմին, սիրտ ու հոգի, լավ գաղափարներ ու մտքեր՝ նստենք տեղում ու չշարժվենք: Իհարկե, կյանքում պետք են նաև կանգառներ, բայց այդ կանգառները մշտապես պետք է լինեն արդարացված ու մտածված, որպեսզի հասկանանք՝ հետագայում ու՞ր ենք գնալու և ի՞նչ ենք անելու:

Իսկ ինչ վերաբերում է հաջողության կոնկրետ սահմանումներին՝ նշեմ, որ այն ինձ համար երբեք կոնկրետ եզրույթ չի ունեցել, յուրաքանչյուրն ինքը պետք է իր համար սահմանի այդ եզրույթը»:

nazeni_hovhannisyan_2

Ճիշտ տեղում՝ ճիշտ ժամանակին

Գարիկ Պապոյանը կյանքում չի առաջնորդվում կոնկրետ բանաձևերով և կարգախոսներով՝ գործում է իրավիճակից ելնելով: Նույնը խորհուրդ է տալիս նաև հանդիպման մասնակիցներին՝ ասածը մեկնաբանելով հումորային օրինակով՝

«Միշտ առաջ» կարգախոսը սխալ ու անտրամաբանական է, երբ մարդ գտնվում է անդունդի եզրին:

«Կարծում եմ՝ հաջողության հասնելու համար մարդ պետք է կարողանա նախ ինքն իր ներսում գնահատել իր կարողությունները, իր տաղանդը, և հիմնվելով իր գնահատականի վրա՝ առաջ շարժվի ու շատ աշխատի: Ինձ համար աշխատասիրությունն ու տաղանդը ճիշտ օգտագործելն է կայանալու համար ամենակարևոր գործոնը: Բացի այդ՝ մարդ պետք է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հայտնվի», -նշեց նա:

Վերջին մտքի իրավացիությունը նա ցույց տվեց հենց հանդիպման ընթացքում, երբ մասնակիցներից մի աղջիկ հարց ուղղեց իրեն՝ «Արդյոք լինո՞ւմ են պահեր, երբ նրան թվում է, թե անհաջողությունները անընդհատ հետևում են իրեն,և ինչպե՞ս է դուրս գալիս այդ իրավիճակից »: Մասնակիցը նշեց նաև, որ իր կյանքում հիմա այդպիսի շրջան է, քանի որ մասնակցել է «X ֆակտոր» նախագծին և չի հասել ժյուրիի լսումների փուլ: Գարիկն ու հանդիպման մյուս մասնակիցները խնդրեցին աղջկան երգել իրենց համար: Ելույթից հետո Գարիկը խոստացավ մասնակցին, որ նա, անպայման հնարավորություն կունենա երգելու ժյուրիի առջև՝ այսինքն` կհամարեն, որ նա լսումների փուլ հասած մասնակից է:

Իսկ վերջում հավելեց, որ հենց սա ի նկատի ուներ. հաջողության հասնելու համար՝ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին:

Լավ օրինակ դարձնել ոչ թե կոնկրետ անձանց, այլ նրանց տեսակետները

Երրորդ բանախոսը՝ Սամվել Մարտիրոսյանը ևս չի առաջնորդվում կոնկրետ կարգախոսներով ու բանաձևերով: Այլ անձանց օրինակ ունենալը ` որպես մոտիվացիա ևս սխալ է համարում:

«Ես չեմ սիրում, երբ ինձ կոնկրետ անձանց բերում են որպես օրինակ: Նույնը խորհուրդ եմ տալիս նաև մեր երիտասարդներին: Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, ինքն է որոշում այս կամ այն կետին ինչպես հասնի, և ուրիշի անցած ուղին նրա դիմաց դնելն ու պարտադրելը, որ նման ձևով պետք է հասնես հաջողության, այնքան էլ չեմ ընդունում: Բայց պետք է նշեմ նաև, որ հաջողության հասած մարդկանց տեսակետները կարող են հետաքրքրել մեզ, կարող են առաջ մղող ուժ դառնալ, եթե այդ տեսակետները և մեր մտքերը, գաղափարներն ու նպատակները հաճախ են հատվում որոշ կետերում: Այսօր, այս հանդիպումից հետո դուք մեզանից կարող եք վերցնել մեր տեսակետներն ու խորհուրդները ինչ-որ հարցերի շուրջ, եթե, իհարկե, դրանք հետաքրքրեն ձեզ, այլ ոչ թե կենտրոնանաք, թե տվյալ կետին մենք ինչպես ենք հասել» :

 

 Մելինե Գյուլումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31