Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Սամվել կարապետյան. «Ես ստեղծել եմ բիզնես թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, էլ չեմ ասում՝ եվրոպական երկրներում, բացարձակ կապ չեմ ունեցել, տվյալ երկրի քաղաքականության, քաղաքական իշխանության, քաղաքական ղեկավարության հետ»

Մայիս 16,2026 19:46 Share

Հատված «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝ Նազենի Հովհաննիսյանի հետ հարցազրույցից։

-Դուք անընդհատ բացառում եք պարտությունը որեւէ պարագայում։ Բայց ասում են՝ բիզնեսում հաջողություններ չեն լինում առանց բիզնես պարտության։ Այսպիսի պատմություն ունեցե՞լ եք։

-Մարդիկ կարող է չհավատան, բայց իմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն, անհաջողություն։ Իհարկե, մենք ունեցել ենք ճգնաժամեր, ինչը մեզանից կախված չի եղել։ Դրանք երկրի հետ կապված ճգնաժամերն էին։ Մենք այն շատ քիչ ընկերություններից ենք, որոնք հաղթահարեցին բոլոր կրիզիսները եւ կարողացան այդ պայմաններում ավելացնել իրենց կապիտալը։

-Ձեր խոսույթում խիստ ընդգծված է հաղթողի կերպարը, դուք սովորական խոսակցությունում էլ մերժում եք «հանկարծ., «պլան Բ»-ի տարբերակները։

-Մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ։ Եվ դրա համար անում ենք ամեն ինչ։ Ամբողջ պետությունն այսօր զբաղվում է այս թույլ, անկարող, իրենից ոչինչ չներկայացնող իշխանության վերարտադրվելով՝ անցնելով գոյություն ունեցող օրինականության բոլոր սահմանները։

-Թույլ, անկարող իշխանությունը մարսեց 2020 թվականի պատերազմը, ընտրություններում հաղթեց, մարսեց Հայաստանի Հանրապետության բավականին զգալի տարածքի կորուստը, ինչպես դուք նշեցիք ձեր ասուլիսում՝ 100 Մոնակոյի չափ տարածք…

-Մոնակոն ընդամենը 2 կմ է, մենք իրենց տվյալներով կորցրել ենք 200 կմ։ Բայց երկու կիլոմետրի վրա մարդիկ կարողացել են ստեղծել եւ կառուցել աշխարհի ամենահարուստ պետությունը։ Իսկ մեր ժողովուրդը արդեն մոռանում է, որ մենք կորցնում ենք 100 հատ Մոնակոյի տարածք։

Ալիեւին ու Փաշինյանին հաջողվեց այս տարիների ընթացքում վախի մթնոլորտ այնպես տարածել մեր ժողովրդի մեջ, որ մարդիկ միայն մտածում են՝ ինչպես ապահովենք երկրի անվտանգությունը։ Վախեցած մարդը իր երկրի անվտանգությունը չի կարող ապահովել։ Նույնը տարածեք պետության վրա։

Իմ համար ամենակարեւորը մեր Հայաստանն է եւ մեր ժողովուրդը։ Եթե բխում է Հայաստանի ժողովրդի շահերից, ես պատրաստ եմ ընկերություն, լավ հարաբերություն ունենալ Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ։ Բայց եթե վաղը Ռուսաստան էլ խաղացնենք, բայց ոչ մի օգուտ չունենանք, հավատացեք ինձ, մենք լավ հարաբերություն ստեղծելու ենք Ամերիկայի հետ։ Դա իմ համար կոնկրետ որոշում է։

Մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը։ Բայց մենք չենք երգելու, պարելու բոլորի հետ, որ ժողովրդին ցույց տանք, թե տեսեք, մենք կարող ենք բեմի վրա սրա հետ պարել։ Բայց այդ պարը կարող է այնքա՜ն վնաս տալ մեր ժողովրդին։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ՝ բերել Զելենսկուն, այստեղից հայտարարություններ անել, որը կարող է վնաս բերել մեր երկրին եւ ժողովրդին։ Մենք պետք է տանենք ճիշտ, ռացիոնալ, հայրենանվեր քաղաքականություն։

-Քաղաքականությունից դուրս կարո՞ղ է մնալ մեծ բիզնեսը։

-Ես ստեղծել եմ բիզնես։ Ոչ մի անգամ թե Հայաստանում, թե Ռուսաստանում, էլ չեմ ասում եվրոպական երկրներում բացարձակ կապ չենք ունեցել, օրինակ, Ռուսաստանի քաղաքականության հետ, քաղաքական իշխանության հետ, քաղաքական ղեկավարության հետ։ Ամբողջությամբ ստեղծել ենք զրոյից։ Զրոյից կառուցել ենք շուկայական բիզնես։

-Բայց այստեղ այս պարագայում դա հնարավոր չէ։ Մենք տեսնում ենք ինչպես շատ դեպքերում բիզնես ոլորտի ներկայացուցիչները փորձում են իրենց պահել հեռու, որ հանկարծ չասոցացվեն, օրինակ, այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ։

-Դա հենց այն վախի մթնոլորտն է, որը բերեց այս իշխանությունը։ Եվ առաջին տուժողը միշտ բիզնեսն է։ Երկիրը ինչպե՞ս կարելի է քանդել։ Երբ ոչնչացնում ես բիզնեսմենին, բիզնես նախաձեռնությունները։ Եվ դա արվում է իշխանություն պահելու համար։ Կրկնում եմ, նայեք, Հայաստանում չեք գտնի ոչ մի բիզնեսմեն, որի վրա գործ հարուցված չկա։ Ես բիզնեսմեն գիտեմ, խոշոր բիզնեսմեն, որի վրա մոտ 120 էպիզոդով  քրեական գործ կա հարուցված։ Բոլոր բիզնեսմենների ընտանիքները թիրախում են, ծեր ծնողները, երեխաները չեն հասցնում դատարաններից՝ քննչական, քննչականից՝ դատարան գնալ։ Սրանք մարդկանց ցավ պատճառելուց են հաճույք ստանում։ Ինչպե՞ս կարելի է մարդու կնոջը անտեղի 6, 10 ժամ պահել խցում։ Եթե տեսնեք այդ խցերը, առավել եւս դատարանների խցերը։ Առաջին դատարանի խցում, որտեղ ինձ 6 ժամ պահել էին, ցանկացած կենդանի ամենաշատը երկու ժամ  հետո չի ապրի։ Միայն մարդը կարող է դիմանալ այդ պայմաններին։

-Մեկուսարաններում նաեւ երկար պահում են մարդուն կոտրելու համար։ Մենք առանց այդ էլ շատ հարցերում այսօր կոտրված ենք։ Դուք ի՞նչ էիք անում, ի՞նչ էիք մտածում ոչ չկոտրվի ձեր ոգին, երբ խափանման միջոց էր կիրառվել։

-Փորձում էի չմտածել, որովհետեւ եթե այնտեղ սկսում ես մտածել, հաստատ ունենալու ես տարբեր վատ հիվանդություններ։ Չմտածել դուրս գալու մասին։ Դուպետք է ընդունես տվյալ իրողությունը եւ սկսես մտածել՝ ինչ ճանապարհներով ես պայքարելու դրա դեմ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031