Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները պատրաստակամ են ընդունել սիրիահայերին». Լեռնիկ Ալեքսանյան

Հոկտեմբեր 10,2016 15:07

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունները Արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարությունների միջոցով կապի մեջ են Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ, եւ Հալեպը լքել ցանկացող մեր հայրենակիցները կարող են դիմել` Հայաստան տեղափոխվելու նպատակով: «Ովքեր ցանկություն ունեն գալ Հայաստան, իշխանություններն ընդունում են, հետո նոր անգամ չեղած պայմաններում մտածում նրանց կեցության մասին: Իշխանությունները պատրաստակամ են նրանց ընդունել»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նա:

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ, օրինակ, https://www.arevelk.am/am/ arevelk.am-ի միջոցով որոշ սիրիահայեր ՀՀ իշխանություններին խնդրում են գոնե կողմնորոշել փաստաթղթավորման հարցում, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ Սփյուռքի նախարարությանը պետք է դիմում գրել:

Ասուլիսի մեկ այլ բանախոս` ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը միջամտեց. «Հալեպը ռմբակոծության տակ է, պատկերացնո՞ւմ եք` ինչպե՞ս են գրելու»:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ առարկեց, թե դրա համար դեսպանատուն գոյություն ունի: Գուրգեն Եղիազարյանն էլ թե. «Մարդիկ համացանցով են խնդրում, որ գումար չունեն դուրս գալու համար, ճարահատյալ այդպես դիմում են մայր Հայաստանին»:

«Համացանցը շատ քիչ է»,-պնդեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ է անում ՀՀ իշխանությունը` տեղում  սիրիահայերին օժանդակելու եւ Սիրիայի կառավարական զորքերի միջոցով նրանց անվտանգ տարհանումը կազմակերպելու համար, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դեսպանատունը կապի մեջ է ՀՀ կառավարության հետ, տեղեկությունները հավաքում է եւ Սփյուռքի նախարարության միջոցով տեղեկացնում կառավարությանը: Չկա մեկի դիմում, որին արձագանքած չլինեն: Իմ տեղեկությունն այսպիսին է»:

Նկատեցինք, որ սիրիահայերի տարհանումը կազմակերպելու համար պետական միջամտություն է պետք, սակայն Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ դրա համար սիրիահայերը ՀՀ գալու ցանկություն պետք է հայտնեն: Հիշեցրինք, որ այդպիսիք  600-ն են: «Չի եղել ցանկություն, դիմում, որ արձագանք չունենա` լինի ֆինանսական, թե տեղափոխման…»,-շարունակեց պնդել Լեռնիկ Ալեքսանյանը…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31