Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է թվային հիգիենան և մեդիագրագիտությունը

Նոյեմբեր 20,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Տեղեկատվական հասարակարգի պայմաններում ամենուր թվային միջավայր է և բոլոր ոլորտները թվայնացված են ու մարդն այդ աշխարհում որպեսզի կարողանա պլանավորել իր առօրյան, պետք է տիրապետի թվային գրագիտությանը ու ամենուր պահպանելով որոշակի կանոններ:

Թվային հիգիենան   մեդիագրագիտությունը համացանցում անվտանգ, առողջ և գիտակցված գործելու հիմնական հմտություններն են: Թվային հիգիենան վերաբերում է մեր անձնական տվյալների ու սարքերի անվտանգությանը, ինչպես նաև էկրանային ժամանակի վերահսկմանը:

Մեդիագրագիտությունը օգնում է ճիշտ ու քննադատաբար վերլուծել ստացված տեղեկատվությունը և չտրվել մանիպուլյացիաներին:

Ինչպես ասածից հետևում է, այս երկու եզրերը սերտորեն կապված են: Փորձենք հասկանալ դրանց իմաստը և բացահայտել գործող կապերը:

Թվային հիգիենան ամենօրյա գործողությունների և սովորությունների համակարգ է, որն ապահովում է մեր անվտանգությունը և բարեկեցությունը թվային միջավայրում՝ մասնավորապես համացանցում: Դա շատ նման է մեր անձնական հիգիենային, որի շնորհիվ ցանկացած մարդ պաշտպանում է իր ֆիզիկական առողջությունը:

Տվյալների պաշտպանությունը ներառում է բարդ և չկրկնվող գաղտնաբառերի օգտագործումը, երկփուլանի վավերացման միացումը և անձնական ինֆորմացիան (տեղեկույթը) հանրային հարթակներում չհրապարակելը:

Կիբերանվտանգությունը ենթադրում է կասկածելի հղումներով «չանցնելը», անհայտ աղբյուրներից ֆայլեր չներբեռնելը և սարքերի ծրագրային ապահովումը պարբերաբար թարմացնելը: Դրանք պաշտպանում են վիրուսներից և խաբեություններից:

Թվային բարեկեցությունն էկրանային ժամանակի վերահսկումն է, քնելուց առաջ հեռախոսից հրաժարվելը և սոցցանցային ծանուցումներն անջատելը: Նման քայլերը օգնում են խուսափել հոգնածությունից և տեղեկատվական ծանրաբեռնվածությունից:

Մեդիագրագիտությունն անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու, այն քննադատաբար վերլուծելու, գնահատելու և ինքնուրույն ստեղծելու կարողությունն է, որը օգնում է հասկանալ, թե ով և ինչ նպատակով է ստեղծել տվյալ տեղեկույթը:

Մեդիագրագետ մարդը բացահայտում է կեղծ լուրերը, ստուգում է տեղեկատվության սկզբնաղբյուրը, համեմատում է տարբեր լրատվամիջոցների հրապարակումները և չի հավատում միայն աղմկահարույց վերնագրերին:

Մանիպուլյացիաների ճանաչումը օգնում է տեսնել, թե երբ է տեքստը, լուսանկարը կամ տեսանյութը, ներառյալ ԱԲ-ով ստեղծված նյութերը, փորձում ազդել մեր հույզերի վրա՝ իրականությունը խեղաթյուրելու նպատակով:

Մեդիագրագիտությունը ենթադրում է պատասխանատու սպառում և տարածում, երբ մարդը չի կիսվում չստուգված տեղեկատվությամբ և հարգում է հեղինակային իրավունքն ու համացանցային շփման կանոնները:

Այսպիսով՝ անձնական հիգիենայի հիմնական նպատակն է պաշտպանել սարքերը, անձնական տվյալները և հոգեկան առողջությունը:

Գործնականում անհրաժեշտ է ուժեղ գաղտնաբառ դնելը և հեռախոսի էկրանի ժամանակը սահմանափակելը:

Մեդիագրագիտության հիմնական նպատակն է ճիշտ հասկանալ, վերլուծել և ստուգել ստացված տեղեկատվությունը: Միշտ պետք է հնչի «Արդյոք այս տեղեկատվությունը ճիշտ է և ով է դրա հեղինակը» հարցը:

Կարևոր է սկզբնաղբյուրը ստուգելը և կեղծ լուսանկարը տարբերելը:

Ի դեպ, թվային հիգիենայի և մեդիագրագիտության դաստիարակման համար կիրառվում է պարզ, խաղային և առօրյա վարժություններ, որոնք թույլ են տալիս երեխաներին գործնականում կիրառել գիտելիքները:

Նման խաղերից են՝ «Երկու ճիշտ, մեկ սուտ» խաղը, երբ ուսուցիչը կամ ծնողը ներկայացնում է երեք զարմանալի փաստ կամ լուր, որոնցից երկուսը իրական են, իսկ մեկը՝ հորինված: Երեխաները պետք է համացանցում որոնեն և ապացուցեն, թե որն է կեղծը՝ նշելով վստահելի սկզբնաղբյուրը:

Հաճախ երեխաներին (և ոչ միայն) տրվում էաղմկահարույց վերնագրով հոդված և նրանք պետք է կարդան ամբողջ տեքստը, իսկ այնուհետև վերաշարադրեն՝ վերնագիրը դարձնելով իրականությանը ավելի համապատասխանող:

Լուսանկարի պատմության իմաստը նրանում է, որ երեխաներին ցույց է տրվում որևէ տարածված կամ տարօրինակ լուսանկար և նրանք պետք է օգտագործեն պատկերների հակադարձ որոնման գործիքներ՝ պարզելու, թե երբ և որտեղ է այդ նկարն իրականում արվել:

Թվային հիգիենայի գործնական վարժություններից են «Թվային հետքը», երբ աշակերտները (մեծահասակների ուղեկցությամբ) որոնողական  համակարգում գրում են իրենց անուն-ազգանունը (կամ մականունը), տեսնելու, թե ինչ տեղեկատվություն է հասանելի իրենց մասին: Սա միաժամանակ  օգնում է հասկանալ, որ համացանցում հրապարակված ամեն ինչ մնում է այնտեղ:

Հետաքրքիր է անվտանգ գաղտնաբառերի մրցույթը, երբ երեխաները մրցում են, թե ով կստեղծի ամենաերկար, բայց միաժամանակ հեշտ հիշվող գաղտնաբառը՝ օգտագործելով իրենց սիրելի արտահայտության առաջին տառերը, թվեր, և նշաններ:

«Մեկ օր առանց գաջեթների» խաղի իմաստը նրանում է, որ դասարանով կամ ընտանիքով որոշվում է շաբաթվա մեկ օրը (կամ երեկոն) անցկացնել առանց գաջեթների՝ փոխարենը կազմակերպելով սեղանի խաղեր կամ զբոսանք: Հաջորդ օրը երեխաները կիսվում են իրենց զգացողություններով:

Անկասկած  «Ինչպես պաշտպանել երեխային թվային աշխարհում»  հարցը մեր ժամանակներում շատ է կարևոր: Այսօր  երեխաները մեծանում են մի աշխարհում, որտեղ սմարթֆոնը, համակարգիչն ու համացանցը նույնքան սովորական են, որքան գիրքն ու տետրը՝ 25-30 տարի առաջ: Նման իրավիճակում և ծնողները, և ուսուցիչները թե տանը, թե դպրոցում երեխաներին պետք սովորեցնեն  թվային հիգիենա և մեդիագրագիտություն: Երեխան պետք է հասկանա, որ թվային հիգիենան անվտանգություն է: Ճիշտ այնպես, ինչպես մենք լվանում ենք ձեռքերը՝ հիվանդություններից խուսափելու համար, թվային հիգիենան օգնում է պաշտպանել մեր անձնական տվյալները, էջերը և հոգեկան առողջությունը համացանցում: Դրա համար պետք է ունենալ ուժեղ գաղտնաբառեր, անծանոթների հետ անձնական ինֆորմացիայով չկիսվել և էկրանի առջև չափից շատ ժամանակ չանցկացնել:

Մեդիագրագիտությունը տվյալ մարդու քննադատական միտքն է: Համացանցում ամեն օր միլիոնավոր հրապարակումներ են լինում՝ նորություններ, լուսանկարներ, տեսանյութեր, որոնց զգալի մասը կեղծ է կամ մանիպուլյատիվ: Մեդիագրագիտությունը սովորեցնում է կանգ առնել, մտածել և ստուգել՝ արդյոք տեսածը ճիշտ է, ով է այն հրապարակել և ինչ նպատակով:

Այդ առումով ցանկալի է իմանալ (հարմար է նաև կպցնել համակարգչի կողքին) հետևյալ 5 կանոնները երեխաների համար.

Կանոն 1. Մի վստահիր ամեն ինչին, ինչ կարդում ես համացանցում: Եթե լուրը քեզ չափազանց զայրացնում է կամ զարմացնում է, կանգ առ և ստուգիր այն առնվազն երկու այլ վստահելի կայքերում:

Կանոն 2. Գաղտնաբառը «քո տան բանալին է»: Մի տուր այն նույնիսկ ամենամոտ ընկերոջդ և մի օգտագործիր ծննդյան թիվը կամ անունդ որպես գաղտնաբառ:

Կանոն 3. Մի սեղմիր կասկածելի հղումների վրա: Եթե անծանոթ մարդը կամ նույնիսկ ընկերդ ուղարկում է տարօրինակ հղում՝ խոստանալով անվճար խաղ կամ նվեր, մի բացիր այն:

Կանոն 4. Հարգիր դիմացինիդ էկրանից այն կողմ: Մի գրիր համացանցում այնպիսի բան, ինչը չէիր ասի մարդուն երես առ երես:

Կանոն 5. Հանգստացրու աչքերդ և ուղեղդ: Քնելուց մեկ ժամ  առաջ հեռախոսը մի կողմ դիր, որպեսզի քունդ խաղաղ լինի, իսկ առավոտյան առույգ լինես:

Կամո ԱԹԱՅԱՆ

Հ. Գ. Ցանկալի է այս թեմայով ուսուցիչների և ծնողների արձագանքը: Այսօր եթե նման հարցերի թե ընտանիքում, թե դպրոցում չանդրադառնան, վաղը կարող է թվային աշխարհում երեխան շփոթվի, որն էլ  կարող է վնասակար լինել…

«Առավոտ» օրաթերթ
19.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել