ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ
Սիրելի հայրենակիցներ,
Բնականաբար չեմ կարող չանդրադառնալ վերջին երկու օրերին երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից տիրաժավորած մտքերին։
Կարդացեք նաև
Բռնության դեմ պայքարող, բարեվարքության խոստում տված քաղաքական ուժի առաջնորդը՝ երեկ սեփական հարկի տակ, կին լրագրողին անվանեց «եղկելի»։ Նա նաև եղկելի անվանեց այն քաղաքական ուժերին, բնականաբար նկատի ունենալով ընդդիմությանը, ովքեր ըստ իրեն շահարկում են և մանրադրամ դարձնում ԵՌԱԲԼՈՒՐԸ։
Ինքնին, Եռաբլուր և մանրադրամ բառերն իրար կողքի դնելը բարոյական չէ։ Որովհետև առհասարակ հայի համար Եռաբլուրը արժանապատվության, նաև ցավի, պարտքի և ամոթի տարածք է։
Այն կարող էր չընդլայնվել և որպես խարան չմնալ մեր պատմության էջերում, եթե երկիրը հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականություն ունենար, եթե երկրի ղեկը ստանձնած անձնավորությունը գիտակցեր ազգային շահի առաջնահերթությունը, եթե իշխանություն, թե՞ պետական շահ դիլեմայում ընտրեր հայկական պետության շահը։
Ու հիմա՝ բոլոր հնարավոր կարմիր գծերը հատած Փաշինյանն իրեն դիրքավորել է որպես կրքոտ հռետոր։
Չէ՜, Պրն Փաշինյան, իրականում կրքոտ հռետորը Լինկոլնը, Նժդեհը, Չերչիլն ու Արամ Մանուկյանն են։ Պատմությունը ձեզ այլ գնահատական է տալու։
Ձեր, մանավանդ, վերջին շրջանի բացահայտ ագրեսիվ, ոչ նորմատիվային բառապաշարն ու նյարդային վարքը ոչ թե հռետորական արվեստի, այլ՝ ակնհայտ ցայտնոտի և փակուղու դրսևորում է։
Տապալել եք ձեր բոլոր խոստումները, հրապարակավ հրաժարվել նախկին հայտարարություններից, ու հիմա ժողովրդին հարկադրում եք ինքնության և գոյության ձեր պատկերացումը՝ այսպես կոչված իրական Հայաստանը, որը ոչ այլ ինչ է, քան ձեր վախերի, ձեր պարտությունների, ձեր անկարողության և անձնական արժեհամակարգի պրոյեկցիան։
Ցավոք, այն անհավասարակշիռ վարքը, որով շփվում եք սեփական ժողովրդի հետ, դրսևորել եք նաև արտաքին քաղաքականության մեջ՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։
Դուք, քաղաքական մեծամասնություն, լռում եք կամ հաշտվել եք։ Մերժում եք տեսնել սեփական սխալները, չեք տեսնում ամեն օր Հայաստանում խորացող բարոյականության վիհը, անվտանգային վիհը, չեք տեսնում պետական մտածողության, ժողովրդավարության, պետական ինստիտուտների գահավիժումը։
Եթե ձեր երազանքը համաշխարհային լրահոսում ծեծուջարդով, նետվող բազկաթոռով, հայհոյախոսությամբ, բանանով ու անկանոն շարժումներով հանրահռչակվելն է ու մեմերի հերոս դառնալը, ձեզ շնորհավորում եմ, այստեղ, իրապես, անմրցելի եք։
Բայց դա քաղաքականության մասին չէ, դա պետականության մասին էլ չէ, դա անգամ դաստիարակության պակասի մասին չէ, այլ պաթոլոգիա՝ շեղում բնականոն վիճակից։
«Ինչո՞ւ եք ժողովրդին զրկում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, և ինչո՞ւ եք դեմ մի նախագծի, որի բովանդակությանը դեռ ծանոթ չեք»։ Ակտիվորեն հնչեցնում են Փաշինյանն ու ՔՊ–ն։
Մի փորձեք Ալիևին տված ձեր խոստումն ու քաղաքական հանձնառությունը ներկայացնել որպես ընտրողների կամք։
«Գնանք հանրաքվեի, թող ժողովուրդն ասի վստահություն ունեմ, թե՞ ոչ»։ Սա էլ երեկ ասվեց։
Պարոնայք, Այդ հանրաքվեն տեղի է ունեցել հունիսի 7–ին։
Հակառակ բոլոր սպառնալիքների, այդ թվում նախընտրական շրջանում Փաշինյանի կողմից պատերազմով վախեցնելուն, ժողովուրդը ձեզ սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել։ Ավելին՝ սահմանադրություն փոխելու հանրային պահանջ չկա։
Ժողովուրդն իր խոսքն ասել է․ Անգամ բանտերը քաղաքական հալածյալներով լցնելով, ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդներին կալանավորելով, 60 000 ընտրողների ձայները փոշիացնելով, մի ամբողջ խմբակցություն մանդատազրկելով։
Չեք կարողանում և չեք ուզում հաշտվել ժողովրդի ընտրական կամքի հետ, որովհետև Ժողովրդավարության մասին ձեր պատկերացումները խեղված են, իշխանությունն արբեցրել է ձեզ։
Որովհետև Պետությունը դարձել եք ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, ուր մարդը, ՀՀ քաղաքացին պարզապես պաշտպանված չէ։ Ուր անվտանգային սպառնալիքների պայմաններում պաշտպանության բյուջեն աճում է 9 տոկոսով, իսկ Ներքին գործերինը՝ 40։
Դուք, որ սկսեցիք «ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ», մոռացել եք, կամ գուցե չգիտեք, որ ընտրողների ձայների 49 տոկոսը դեռ ողջ ժողովրդի անունից խոսելու իրավունք չի տալիս, ոչ էլ իրավունք՝ ուզուրպացնելու իշխանությունը։
Եվ որևէ մեկը չի կարող ինձ, իմ թիմակցի կամ որևէ դաշնակցականի արգելել խոսել ժողովրդավարությունից։
«Թե բա նայեք հայելու մեջ նոր խոսեք ժողովրդավարությունից», սա ինձ ասում է մեկը, որի քաղաքական ուժի կենսագրությունից չի ջնջվելու հայկական Արցախի կորստի խարանն ու հազարավոր հայ երիտասարդների արյունը։
2027 թ․ պետական բյուջեն ներկայացնում եք որպես տնտեսական աճի, զարգացման և սոցիալական ծախսերի ավելացման փաստաթուղթ։
Բայց պետբյուջեն պարզապես եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ չէ։ Այն պետության արժեքային համակարգի, առաջնահերթությունների, քաղաքական պատասխանատվության և ներազգային համերաշխության մասին է։
Բյուջեի սոցիալական ծախսերի աճը ինքնաբերաբար չի նշանակում քաղաքացիների կյանքի որակի բարելավում։ Ո՞վ և ինչպե՞ս է գնահատելու այդ ծախսերի արդյունավետությունը։ Ոչ ոք, որովհետև ձախողել եք կամ հրաժարվել ծրագրային և չափորոշիչահեն բյուջեավորումից։
Մեր երկրում շարունակում են գոյություն ունենալ խորքային սոցիալական խնդիրներ։
Կրթության որակը շարունակում է գահավիժել, Միջազգային երկու՝ ՊԻԶԱ և ԹԻՄԶ արդյունքներով Հայաստանը տարածաշրջանի և աշխարհի անպատվաբեր հորիզոնականներում է, դպրոցներում և հասարակության մեջ անթույլատրելի մակարդակի է հասել բռնությունը, զուգահեռաբար միլիոնավոր դոլարներ են փոշիանում Ակադեմիական քաղաք բուտաֆորիկ ծրագրի վրա։
Ավելացել են արտաքին գերատեսչական ծախսերը, սակայն ինձ համար վերջինիս արդյունավետությունը գերիների վերադարձով է պայմանավորված։
Եթե մինչ օրս Հայաստանը ոչ միայն չի կարողանում գերիների վերադարձի հարցը լուծել, անգամ մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ նշանակում է Հայաստանը կամ դիվանագիտական մեկուսացման մեջ է, կամ՝ բավարար քաղաքական կամք չունի։
Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ, որոնց եղերական ճակատագրի պատասխանատվությունը իշխանություններին է, թաղված են բնակարանային, զբաղվածության և սոցիալական խայտառակ խնդիրների մեջ։
70 տոկոսանոց գործազրկության պայմաններում կառավարությունը 2մլրդ 200 միլիոնով կրճատում է նրանց տրամադրվող աջակցությունը։
Պաշտպանական ծախսերի ավելացումը հասկանալի առաջնահերթություն է։ Բայց ինչպե՞ս է Կառավարությունը գնահատում այդ հատկացումների իրական արդյունավետությունը։
Դարձյալ զինվորի կյանք է խլվել բանակում։ Ընթացիկ տարում մահացած 35 զինծառայողներից 15–ը մահացել են ծառայության մեջ։ Սա պարզապես վիճակագրություն չէ, այլ հարյուրավոր ընտանիքների ողբերգություն է։
Եվ կրկին հասարակությունը պետք է բավարարվի հերթական պաշտոնական հաղորդագրությամբ։
Որքա՞ն կարելի է թաքնվել «քննություն է ընթանում» ձևակերպման հետևում։ Ո՞վ է պատասխան տալու այս կորուստների համար։ Որտե՞ղ են կանխարգելման իրական մեխանիզմները, հրամանատարական վերահսկողությունը և պատասխանատվությունը։
Բանակի ղեկավարումը միայն շքերթներ ընդունելը, բարեփոխումների մասին գեղեցիկ ելույթներ ունենալը չէ։ Այն առաջին հերթին զինվորի կյանքի համար պատասխանատվություն է։
Եթե տարիներ շարունակ նույն ողբերգությունները կրկնվում են, ուրեմն հասարակությունն իրավունք ունի պահանջելու ոչ միայն մեղավորների բացահայտում, այլև համակարգային պատասխանատվություն։
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ցցուն դարձրեց մեր անվտանգության մակարդակն ու խաղաղության իրական դեմքը։
Նա հաջողացրել էր Հայաստանի տարածքում մնալ 5 օր՝ և այդ ողջ ընթացքում ո՛չ սահմանապահ ծառայությունը, ո՛չ պաշտպանական գերատեսչությունը, և ո՛չ էլ համայնքային իշխանությունները նրան չեն հայտնաբերել:
Սա սիմվոլիկ պատկեր է, թե ինչպես է պաշտպանված հայ մարդը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած Հայաստանում։



















































