Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցականությունն ու գործադիրը անհամատեղելի են». Անուշ Սեդրակյան

Հոկտեմբեր 16,2016 20:59

«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն էլ պետք է պարզ ու թափանցիկ երեք հարցի պատասխան տան՝ որտեղից են նրանք ակնկալում Հայաստանի տնտեսությանն այդքան անհրաժեշտ ներդրումները»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա` ակնհայտ է, որ Եվրազեսը, որի տնտեսական մաս ենք կազմում, ի վիճակի չէ ներդրումներ տրամադրել ու ընդհակառակը, Հայաստանից միայն տանում է տնտեսական պոտենցիալ ու տնտեսական հնարավորություններից զրկում. «Ակնհայտ է՝ թե Եվրոպան, թե  Արեւմուտքը խիստ կասկածանքով են վերաբերում Հայաստանի կոռուպցիոն տնտեսությանը ու մտադիր չեն կոռումպացված տնտեսության մեջ խոշոր ներդրումներ անել»:

Մեր հարցին, թե ինչպես են կառավարության ոչ հանրապետական անդամներն իրագործելու ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականությունը, տիկին Սեդրակյանը պատասխանեց. «Երկու կուսակցություններն էլ,  ՀՅԴ-ն ավելի փոքր թվով, իսկ ՀՀԿ-ն հիմնականում ներկայացնում են գործադիր իշխանությունը տարիներ շարունակ ու արձանագրել են լիակատար տապալում:

Պատրաստվո՞ւմ են նրանք պատասխան տալ անցյալի համար, որովհետեւ տպավորություն է, որ արատներից ու թերություններից խոսում են այն մարդիկ, որոնք չեն եղել իշխանության, եւ հասարակության մեջ ստեղծվում է իլյուզիան, որ այդ մարդիկ գալիս են բարեփոխումներ անելու՝ մոռանալով շեշտել, որ փորձում են ուղղել իրենց իսկ սխալներ, որոնց ուղղման մարտավարությունը բացարձակ հստակ չէ»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելի վաղ ասել էր, թե «Մենք դիտորդ չենք լինելու Կարապետյանի կաբինետում, սա ՀՀԿ-ի կաբինետն է, ՀՀԿ-ի և ՀՀ նախագահի վստահությունը վայելող քաղաքական թիմ է»:

Իսկ Դաշնակցությունն էլ պնդում էր, որ որեւէ վարչապետ չի կարող շրջանցել այն ուղենիշերը՝ հիմնական խնդիրները եւ առաջնահերթությունները, որ ամրագրված են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրում, եւ պարտավորություններ ունի այդ համաձայնագիրն ստորագրած քաղաքական ուժերի առջեւ:

Տիկին Սեդրակյանը իրատեսական չի համարում ՀՅԴ-ականների ու ՀՀԿ-ականների պնդումները. «Կուսակցականությունն ու գործադիրը անհամատեղելի են: Ընդունելով զարգացման ռուսական մոդելը՝ մենք միանգամից գերեզման փորեցինք իշխանության երեք ճյուղերի ՝գործադիր, օրենսդիր ու դատական ուժերի տարանջատման ու անկախության խնդրում: Այդ խնդիրը դրեցինք գերեզման: Հայաստանի  նման փոքր ու հեռանկարներից աստիճանաբար զրկվող երկրում պետք է դոմինանտ լինի տնտեսական ճգնաժամը լուծելու գործիքը, ոչ թե այդ գործիքը կուսակցականացնելու միտումը: Դա վերաբերում է ցանկացած կուսակցության ու ցանկացած կոալիցիային: Երբ տեսնում ենք ջղաձիգ ջանքեր՝ անպայման ցույց տալ, որ ցանկացած շարժ, գործողություն, որը Հայաստանում կատարվում է, կատարվում է ինչ-որ կուսակցության շնորհիվ, դա Հայաստանի սեփականաշնորհման միտումի շարունակությունն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Տիկին Սեդրակյան,զարգացած երկրներում գործադիրը կատարում է այն,ինչ որոշում է կւսակցությունը՝ասել է թե օրենսդիրը,իսկ Դուք ինչի մասին եք խոսում՝դժվարանում եմ հասկանալ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31