Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանի հետ նոյեմբերի 7-ին այցելեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Նա թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, տնօրեն Ստեփան Դավթյանի հետ շրջայց կատարեց վերանորոգված թատրոնում, ծանոթացավ վերազինված բեմական մեխանիզմներին, լուսաձայնային նոր համակարգերին:

Թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Սթեյջթեք աուդիո- վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին 23 տարի մարման ժամկետով կնքվել է 7 մլն եվրո արժողության՝ ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր: Իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքի հանձնման-ընդունման արձանագրություն: Ներկայումս դահլիճը պատրաստ է շահագործման եւ նորամուտը դեկտեմբերին կտոնի «Պեպո» բեմադրությամբ:

Կարդացեք նաև
Լրագրողի հարցին՝ կատարված աշխատանքը որքանո՞վ կանդրադառնա ստեղծագործական աշխատանքի վրա, Արմեն Էլբակյանը պատասխանեց. «Ստեղծագործական որակը կախված չէ տեխնիկայից, կախված է ստեղծագործողից, բայց տեխնիկան, բնականաբար, կնպաստի, որովհետեւ թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, իսկ մթնոլորտը ներկայացման սիրտն է: Եթե չկա մթնոլորտ, դա դժվարացնում է հանդիսատես-թատրոն կապը, մանավանդ այս ժամանակներում, երբ տեխնիկան շատ մեծ դեր է խաղում մեր իրականության մեջ՝ սկսած հեռախոսից՝ վերջացրած կոմպյուտերներով: Մի խոսքով, այս ամենը կնպաստի, որ հանդիսատեսի եւ թատրոնի մարդկանց երեւակայությունը լավ աշխատի»:


Ինչ վերաբերում է մայր թատրոն այլ ռեժիսորներ հրավիրելուն, այս մասին էլ հայտնեց. «Եթե ասում եմ կհրավիրենք ռեժիսորների, նկատի ունեմ մարդկանց, որոնք արդեն հաստատել են իրենց կարողություններն այս կամ այն թատրոնում: Իսկ բեմադրություն պետք է անեն նրանք, որոնք արդեն ինչ-որ բան արել են, հաստատել են իրենց տեսակը, եւ որոնք կարող են երիտասարդական շունչ բերել, որը պահանջում է ժամանակն ու արվեստը: Թե չէ՝ երբեմն լինում են երիտասարդներ, որոնք ոչ թե ժամանակից են հետ ընկնում, այլ ինստիտուտն ավարտում են ու չգիտեն Բոմարշեն ով է, բայց ռեժիսորի դիպլոմ ունեն»:

Խոսելով թատրոնի մասին պահանջներից՝ Արմեն Ամիրյանը նշեց, որ ձեւավորելու են որոշակի քաղաքականություն, ներգրավելու են արվեստի կառավարման մասնագետների, որպեսզի եւ լավ ներկայացումներ բեմադրվեն, եւ ճիշտ PR իրականացվի, եւ հնարավոր լինի բավարարել հանդիսատեսին:
Պետպատվերին էլ անդրադարձ եղավ. «Հաճախ ունենում ենք պատվերներ, որոնք առաջնախաղից հետո մեկ-երկու անգամ ներկայացնելով հանդիսատեսին, այլեւս չեն շարունակվում: Նման բան այլեւս չպետք է լինի, մենք պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն, ընդունելություն ժողովրդի մոտ, եւ տարիներ շարունակ կապահովեն լեցուն դահլիճներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































