Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորանք 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման 24-ամյա տարեդարձի կապակցությամբ

Նոյեմբեր 25,2016 20:55

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների  և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի  կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ:  Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և  հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին և հայոց բանակին, քանի որ բրիգադը բոլոր մարտական առաջադրանքները փայլուն կատարել է:

5-րդ բրիգադը, որ կազմավորվեց  1992 թվականի նոյեմբերի 28-ին և որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները, կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները, կատարեց իր առջև դրված խնդիրներն, անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով:  Հայ ժողովրդին պարտադրված  պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը, և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած  հաղթանակաբեր գործունեության համար բրիգադն անվանվեց Լեգենդար և Հաղթական:

Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և  հասնում է ԼՂՀ ու ՀՀ  պետական սահմանների  ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը:
Ես հպարտ եմ,  ինձ համար պատիվ է , որ  եղել եմ  5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ  հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության:  Ես հպարտ եմ, որ ծառայել եմ ձեզ հետ, սիրելի՛ 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն  աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ` պատանի երկրապահին, կազմակերպում են Պատանի երկրապահ  ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը:

Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին:

Լեգենդար բրիգադի փառապանծ մարտիկների համար իսկական փորձություն էր այս տարվա ապրիլյան պատերազմը։ Դարձյալ, առանց վարանելու, 5-րդցիները կանգնեցին առաջնագծում, դիրքապահ հայ զինվորի կողքին։ 5-րդ բրիգադի հետ ճանապարհ անցած հայորդին ցմահ էլ հայրենիքի զինվորն է և նույնիսկ մահվանից հետո էլ երկնքից է հսկում հայ ազգի անդորրը։

Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին` և՛ զոհվածներին, և՛ ողջերին՝ անուն առ անուն:
Փա՛ռք  5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք հերոսներ ծնող հերոս հայ մայրերին:
Փա՛ռք  հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Փա՛ռք նաև բոլոր նրանց, ովքեր հիշում ու մեծարում են նահատակ ընկերներին, շարունակում են նրանց գործը և  փառավորում ապրողներին:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,  Զորավար Մանվել Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930