Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի, էլեկտրաէներգիայի վճարի մասին ուղարկվող հաղորդագրությունները վտանգավոր են

Նոյեմբեր 29,2016 12:25

Հայաստանում կիբերանվտանգության տեսանկյունից ամենաբարվոք վիճակում բանկերն են: «Նոյյան տապան» մամուլի սրահում անդրադառնալով կիբերանվտանգության խնդիրներին՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ ՀՀ-ի համար այս փուլում կիբերանվտանգության ապահովման հարցում ամենակարևորն ուսուցման կազմակերպումն է:

Պարոն Սաղյանը չցանկացավ անդրադառնալ պաշտպանության համակարգում անվտանգության ապահովման խնդիրներին՝ վստահեցնելով ոչ մի երկրում այդ ոլորտ մուտք չեն գործում. «ՀՀ Զինված ուժերն ունեն իրենց անվտանգության կենտրոնը, որի մասին բազմիցս հայտարարել են»:

Պարոն Սաղյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ն ստորագրել է Բուխարեստի կոնվենցիան ու ընդունել է այն փաստը, որ կիբեր տարածքը չունի սահմաններ, մինչդեռ, օրինակ՝ ՌԴ-ն, Իրանը վարում են կիբեր սահմաններ դնելու քաղաքականություն: Փաստորեն, սրանից բխում է այն, որ մեր կիբեր տարածքն ընդհանուր կիբեր տարածքի մաս է կազմում, ինչը բազմաթիվ վտանգներ է պարունակում:

Մասնագետը նշեց, որ եթե ժամանակին տեղեկություններ էր հնարավոր ստանալ տվյալ անձի մասին «ես քեզ սիրում եմ» արտահայտությունն ուղարկելով, երբ մարդիկ գայթակղվում ու սեղմում էին դրա վրա, ապա այժմ վտանգավոր են նաև էլեկտրաէներգիայի, ջրի վարձերի վճարման համար ուղարկվող հաղորդագրությունները:

Կիբերանվտանգության համակարգում անվտանգության ապահովումը, ըստ պարոն Սաղյանի՝ բարդ խնդիր է. «Պետք է լինեն ոլորտային մի քանի մարմիններ, որոնցից ամեն մեկն իր ոլորտում կիբերանվտանգություն կապահովի»:

Գրիգորի Սաղյանը, սակայն, շեշտեց, որ պետք է հեռու մնալ տեղեկատվական անվտանգությունից, որպեսզի չվերադառնանք ԽՍՀՄ տարիներ և չունենանք գրաքննություն. «Պատկերացրեք մի ծայրահեղ իրավիճակ, երբ կա մի կենտրոնական մարմին, որը զբաղվում է տեղեկատվական անվտանգությամբ, որը նման է խորհրդային գլավլիտին: Անգամ եթե այդ մարմինը զբաղվի միայն կիբերանվտանգությամբ, ապա այստեղ էլ է հարց առաջանում: Եթե պետությունն իր կառույցներին՝ պետական գերատեսչություններին, կարող է հրահանգել, ապա ինչպե՞ս կվարվի այդ մարմնի հետ: Ստացվում է, որ այդ մարմինը մի վերահսկիչ օրգան էլ պետք է ունենա, որ, օրինակ՝ գա ստուգի «Երևանջուր» ընկերության լոկալ ցանցի աշխատանքը և այլն»:

Վկայակոչելով ԱՄՆ փորձը՝ Գրիգորի Սաղյանը նշեց. «ԱՄՆ փորձը ցույց է տալիս, որ նպատակահարմար է ունենալ ամեն ոլորտում կիբերանվտանգության կառույցներ, որոնք համակարգվում են մեկ կենտրոնական կամ մի քանի կենտրոնական համակարգիչներով: Արևմտյան մոդելը խոսում է այն մասին, որ չկա կիբեր անվտանգության սահման: Ով ավելի առաջ է գնացել, նա իր փորձով է ասում, որ չկա կիբեր անվտանգության սահման»:

Պարոն Սաղյանը բերեց չինական օրինակը. «Մեծ չինական պատը, որ սարքված է, միևնույն է, չի խանգարում, որ վիրուսները ծակեն անցնեն այդ պատի միջոցով: Այսօր Չինաստանում ֆեյսբուքն արգելված է, բայց ով ուզում է կարող է մուտք գործել՝ շրջանցելով չինական պատի համակարգը: Ու այն անձնավորությունը, որը չինական պատի հայեցակարգն է մշակում, հիմա գտնվում է փաստացի աքսորի մեջ, քանի որ նրա սարքածը չի գործում: Չնայած մարդիկ աշխատում են, ծախսվում են միլիարդներ, բայց շրջանցելու միջոցներն այնքան շատ են, որ արդյունավետություն չկա»:

Իսկ թե ինչպես պաշտպանվել, պարոն Սաղյանը խորհուրդ է տալիս հայերեն տառերով google-ում հավաքել «ինչպես պաշտպանվել հաքերներից», խորհուրդները կբացվեն յուրաքանչյուրի առաջ: Եվս մեկ անգամ մասնագետը շեշտեց, որ հաքերների դեմ պայքարելու լավագույն տարբերակը կրթությունն է, այդ թվում ինքնակրթությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930