Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չկա նորմալ պետական համակարգ

Դեկտեմբեր 24,2016 10:00

Ես, անկեղծ ասած, չէի ցանկանում, որ Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ դառնա: Ավելի լավ էր` մնար զինվորական. ծառայել կարելի է ոչ միայն նախարարի պաշտոնում: Նրա ծառայություններն անուրանալի են, իհարկե` բանակնում կային  եւ կան նաեւ բազմաթիվ թերություններ: Թե ինչպիսի քաղաքական գործիչ կլինի Սեյրան Օհանյանը` չգիտեմ: Արդյոք արկածախնդիր մարդիկ չե՞ն օգտագործի նրա անունը` սեփական «ոչ վեհ» նպատակների համար` դժվարանում եմ ասել: Բայց խոսքս հիմա այլ բաների մասին է:

Հենց որ մեկը մտնում է, վերադառնում է քաղաքականություն, դաշինք է ստեղծում, իր հավակնությունների մասին է հայտնում, նրա դեմ միանգամից «զանգվածային հարձակում» է սկսվում: Տվյալ դեպքում Սեյրան Օհանյանի վրա ցանկանում են, մասնավորապես, «կոտրել» մարտի 1-ը եւ քառօրյա պատերազմը: Ընդ որում, նրանք, ովքեր այստեղ բացառապես գեներալի մեղքն են տեսնում, Սեյրան Օհանյանի պաշտոնավարության ժամանակ, որքան հիշ՝ում եմ, այդպես չէին մտածում: Պարզ է, հիմա դա արվում է` այդ գործչի «ստարտային պայմանները» վատթարացելու, փչացնելու համար:

Բայց եթե  փորձենք ավելի խորքային դիտել այս երկու հատկանշական երեւույթները (մարտի 1-ը եւ քառօրյա պատերազմը), որոնք ժամանակ առ ժամանակ բարդում են այս կամ այն անհատի վրա՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից, ապա արձանագրենք. երբ չկա նորմալ պետական համակարգ, ցանկացած օր երկրի առաջին դեմքը կարող է որոշել, որ պետք է գնդակահարել խաղաղ ցուցարարներին , ճիշտ այդպես էլ պետական արդյունավետ համակարգի բացակայության պայմաններում բանակը կարող է ամբողջությամբ պատրաստ չլինել հակառակորդի հարձակմանը: Մեղավորներ փնտրելն, կհարկե, կարեւոր գործ է, բայց ոչ այն դեպքում, երբ դա դառնում է շահարկման, քաղաքական քարոզչության առարկա: Իսկ ավելի կարեւոր է` այնպես անել, որ նման դեպքերը չկրկնվեն, այսինքն` ստեղծել պետական համակարգ:

Մեր պետության  ձախողումների, բացասական  դրսեւորումների համար պատասխանատու ենք բոլորս՝ մեր չափով: Ես, օրինակ, հաճախ եմ մտածում, թե որտեղ եմ անձամբ ե՛ս թերացել: Ինձ թվում է, ես եւ իմ նմանները ոչինչ չկարողացանք հակադրել լկտի, ամբարտավան մարդկանց վերելքին՝ տնտեսական եւ քաղաքական աստիճաններով: 1990-ականներին նրանց մեծ մասը կոչվում էր «երկրապահ», «կռված տղա»: Չգիտեմ, որքանով էին նրանք կռված, բայց նրանց «կրեդոն» հետեւյալն էր՝ «ի՞նչ պետություն, ի՞նչ իրավունք, ի՞նչ օրենք՝ հե՛սա իմ իրավունքը»՝ ու հանում էին իրենց, պայմանականորեն ասած, «մաուզերները»: Հետագայում երկրապահի դիմակն  այլեւս պետք չեղավ, բայց զոռբայությունը՝ որպես կյանքի ալգորիթմ, մնաց՝ եւ ոչ միայն իշխողների, այլեւ ընդհանրապես՝ հասարակական լայն զանգվածների մոտ: Եթե ես այդպիսին չեմ՝ դա քիչ է, ես պետք է ուրիշներին օրինակ ծառայեմ:

Իհարկե, քաղաքական գործիչներին այդ ռեֆլեքսիան բնորոշ չէ՝ նրանք անսխալականության մարմնավորումն են:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Մեր պետության ձախողումների, բացասական դրսեւորումների համար պատասխանատու ենք ոչ թե բոլորս՝ այլ պաշտոնատար անձինք: Մենք բոլորս գիտենք, որ ձուկը գլխից է հոտում: 1990-ականներին «առյուծներին» պատիվ տվեցինք, էշ դուրս եկան։
    1994-ի մայիսի 16-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը պայմանավովեցին մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Ո՞վ ուներ դրա կարիքը՝ Հեյդար Ալիե՞ւը, արեւմտյան վարկեր եւ ներդրումներ ստանալու համա՞ր, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը… «Կույրի ի՞նչ պետքն է, թե մոմը թանկ է»։
    Վերջին հանրային տխմարահիմարությունը`
    «Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին՝ ……..հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ»:
    էն աշխարհու՞մ էլ տարբերություն կա շարքայինի ու սպայի միջեւ:
    …ԿԲ-ն հինգ տարի անվճար կսպասարկի հիմնադրամի աշխատանքները:
    Սատկած էշ էք ման գալիս, պայտե՞րը հանեք։
    Սեյրան Օհանյանից ի՞նչ քաղաքական գործիչ:

  2. Garegin says:

    Իհարկե Ս.Օհանյան զինվորականն ու պետական գործիչն իր ծառայության ընթացքում ունեցել է թե ձախողումներ և թե հաջողություններ ու մշտապես ներկայացրել է Ռ.Քոչարյան և Ս.Սարգսյան թիմեը: Ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի հետևանքների համար պատասխանատու է նշված թիմի ռազմական թևը, այդ թվում նաև, նույնիսկ առաջին հերթին Ս.Օհանյանը, ով ոչ մի կերպ կարծես թե փորձ անգամ չարեց պարզաբանելու գոնե իր բացթողումների պատճառները: Եթե այդ բացթողումների հիմնական պատճառը ոչ նորմալ պետական համակարգն էր, ապա նա պետք է օր անգամ շուտ պատճառաբանված որոշում կայացներ ու հեռանար, որը սակայն անելու փոխարեն, սպասեց Պնախարարի պաշտոնին վերանշանակվելուն և …: Իմ կարծիքով, նույնիսկ այս իրավիճակում, ոչ նորմալ պետական համակարգի առկայության պայմաններում, գոնե զինվորականը պետք է հստակ վարքագիծ դրսևորեր: Մեկ փաստ ևս, չգիտես ինչու արդեն մեր հասարակության մտածելակերպի մեջ խորապես արմատավորվել է այնպիսի մի երևույթ, ինչիպիսին պետական պաշտոն զբաղեցրած անձանց կողմից ձեռք բերված անասելի հարստությունն է, թեկուզև “ախպերության ” կողմից նվիրաբերված, որը անձի տեսակի քննարկման ժամանակ արդեն անտեսվում է:

  3. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…Մեր պետության ձախողումների, բացասական դրսեւորումների համար պատասխանատու ենք բոլորս՝ մեր չափով: Ես, օրինակ, հաճախ եմ մտածում, թե որտեղ եմ անձամբ ե՛ս թերացել: Ինձ թվում է, ես եւ իմ նմանները ոչինչ չկարողացանք հակադրել լկտի, ամբարտավան մարդկանց վերելքին՝ տնտեսական եւ քաղաքական աստիճաններով…» Սինգապուրցի Յուի պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում առաջին հերթին մեղավոր է առաջին դեմքը և կամ հենց նա է բարեփոխումների «աղբյուրն» ու իրականացնողը. «Ли Куан Ю. Из третьего мира – в первый»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031