Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր վարդապետի փոխարեն խոսում Վիգեն Չալդրանյանը

Դեկտեմբեր 28,2016 14:30
Vigen Chaldranyan

Տպավորություն՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմից

Օրերս կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի 60-ամյակի հանդիսության շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2015թ. դեկտեմբերի 25-ին: Կինոնկարը, որ նվիրված է Կոմիտասի հիշատակին, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ «Շարմ Հոլդինգի» համատեղ ուժերով: Ֆիլմի բյուջեն 85 միլիոն դրամ է կազմել: Սցենարի հեղինակը նույնպես Չալդրանյանն է, մասնակցել է նաեւ Ռուբեն Հովսեփյանը:

«Վարդապետի լռության» հերոսը հայ ժամանակակից գրող, համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բացառապես դրական գծերով օժտված (մի բան, որ չի լինում իրականում) Էդգար Նովենցն (Վարդան Մկրտչյան) է, իսկ Կոմիտասը նրա վեպի գլխավոր հերոսն է: Նովենցը վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով փորձում է վերապրել իր գրական հերոսի բոլոր տառապանքները` ի վերջո հայտնվելով հոգեբուժարանում: Ի դեպ, հոգեբուժարանում նկարահանված կադրերից ակամա դեժավյու ես ապրում, ասես ռեժիսորի «Լռության սիմֆոնիան» դիտելիս լինես: Ամեն ինչ համարյա նույնն է…

Զարմանալիորեն Վիգեն Չալդրանյանի բոլոր ֆիլմերը նման են իրար, համենայնդեպս, առնվազն երկու հոգի ընդմիշտ ներկա են` պարտադիր մի ճաղատ կին ու հենց ինքը` Վիգեն Չալդրանյանը: «Վարդապետի լռությունը» ֆիլմում խոսվում է Կոմիտասի մասին, բայց երկար ժամանակ Էյֆելն է ցուցադրվում, Փարիզի տեսարժան վայրերը: Հասկանալի է, որ նկարահանումներին աջակցել է ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանությունը, բայց ո՞րն է Էյֆելյան աշտարակի ու Կոմիտասի միջեւ եղած գոնե հեռավոր աղերսը: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ֆիլմում կան նաեւ բացառիկ կադրեր` Վիլժյուիֆ հոգեբուժարանից, որտեղ իր մահկանացուն է կնքել Կոմիտասը, տպավորիչ կտորներ՝ ինչպես Զրո Պապի երգելը, Կոմիտասի՝ «Տէր, ողորմեա»-ի հատվածը: Ֆիլմը Կոմիտասի, կամ ավելի ճիշտ` նրա լռության մասին պետք է լինի, համենայնդեպս` վերնագիրը դա է հուշում, բայց, չգիտես ինչու, Չալդրանյանի ընդգծված ներկայության եւ գերկարեւորված դերակատարության մասին է` ԵՍ, ԵՍ, ԵՍ…իմ ֆիլմերը, բոլոր ֆիլմերումս լռություն բառը կա…Իր իսկ ֆիլմի ճանաչված ռեժիսորին մարմնավորած ռեժիսոր Չալդրանյանն է այդպես ասում, անընդհատ ինքնահիացումը ֆիլմը դիտողի «աչքն է մտցնում»:

vigen_chaldranyan-2
120 րոպեանոց ֆիլմի ասելիքն, ընդհանուր առմամբ, կցկտուր է, ծամծված ու ձանձրալի: «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, եւ այսօր աշխարհը խոսում է…»,-ասում է Էդգար Նովենցը: Չալդրանյանական ֆիլմում ահավոր շատ ինքնանպատակ խոսք կա, ուղղակի խոսքախեղդ արված ֆիլմ է, ու աշխարհին խոսելու տեղ չի մնում:
Ըստ տրամաբանության, եթե «Վարդապետի լռությունը» նկարահանվել է Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում, ապա պետք է օտարին պատմի մեր ցավի մասին, մինչդեռ այն անգամ հային հասկանալի չէ, ուր մնաց` օտարազգուն մատչելի լինի: Խճճված ինչ-որ պատմություն, անհաջող անցումներ մեր օրերից դեպի Կոմիտասի ժամանակներն ու հայոց ողբերգությունը: Ու մեկ էլ չհիմնավորված անձնազոհ մի հերոս, որը պատրաստ է ինչ-որ թափառաշրջիկի (Անի Ղազարյան) անվերապահորեն վստահել իր սրտի ու տան բանալիները:

Վերջին շրջանում անընդհատ տարփողվում է, թե կոնգրեսական Ադամ Շիֆը Վիգեն Չալդրանյանին հանձնել է «Ճանաչում» հատուկ հավաստագիրը՝ ի գնահատություն արվեստի անդաստանում նրա ունեցած ծառայության: Մեծագույն հարգանք ունենալով Շիֆի հայանպաստ գործունեության հանդեպ, պետք է փաստենք, որ նրա հանձնած հավաստագիրը ամենեւին էլ կինոյի բարձրագույն որակի հավաստումը չէ: Իսկ ո՞ր հեղինակավոր կինոփառատոնից է մրցանակ բերել Վիգեն Չալդրանյանը: Այ այս մասին է, որ լռում է պատմությունը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ sharmholding.com

 

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031