Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հուլիսին մենք բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ». Անդրիաս Ղուկասյան

Դեկտեմբեր 30,2016 13:01

Հայրենակիցներ

Մեր ժողովուրդն արժանի է ունենալ այնպիսի կառավարություն, որն իր ամենօրյա գործունեությամբ ունակ կլինի մարդու արժանապատիվ կյանքի եւ հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:

Հուլիսին մենք բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը նույնպես ընդունի այս պարզ ճշմարտությունը եւ փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ: Քաղաքացիների արձագանքը «Սասնա ծռերի» ըմբոստությանը` Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարվել Արցախի համար անընդունելի` հակամարտության կարգավորման  տարբերակի շուրջ բանակցություններից, հեռացնել Հովիկ Աբրահամյանի կոռուպցիոն կառավարությունը, հօգուտ սպառողների` վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, իսկ զենքը կամավոր հանձնած ապստամբներին երաշխավորել արդար դատավարություն:

Դրա հետ մեկտեղ, ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ հուլիսին կատարված հանցագործությունները ծածկելու համար, Սարգսյանն առայսօր շարունակում է ապօրինի կերպով քրեական հետապնդումը այն քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքացիներին համախմբելու եւ խաղաղ անհնազանդությունը կազմակերպելու գործում:

Պարզ է բոլորիս, որ քրեական ռեժիմի դեմ հանրության պայքարը ավարտված կլինի այն ժամանակ, երբ սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով եւ շինծու ընտրություններով իշխանությունը զավթած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կկանգնեն դատարանի առջեւ, իսկ ժողովրդից հափշտակածը կվերադարձվի պետությանը: Հանրապետական կուսակցությունը, որը պատասխանատու է այս հանցագործությունների համար, ըստ էության արդեն պարտվել է արտաքին եւ ներքին բոլոր քաղաքական հարթակներում: Գալիք ընտրությունները կարող են դառնալ այդ պարտությունների պաշտոնական արձանագրությունը, եթե ընդդիմության գործիչները պատրաստ լինեն դրսեւորել համարձակություն եւ գնալ անհրաժեշտ զոհաբերությունների, ինչպես դա արեցին մեր քաղաքացիները ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան ապստամբության ժամանակ: Այդ ընտրություններում հաղթելու համար ես աջակցելու եմ ընդդիմության համախմբմանը՝ ընտրապայքարի ինձ հասանելի միջոցներով:

Ամանորի գիշերը բոլորս մտքերով լինենք նաեւ նրանց հետ, ում հայրերը, որդիները եւ եղբայրները կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի սահմանները, նրանց հետ միասին կիսենք ծանր կորուստների վիշտը: Միաժամանակ համոզված եմ, որ մոտ է այն ժամանակը, երբ տեսնելու ենք մեր հայրենիքը հզոր ու գեղեցիկ, եւ ոչ մեկի մտքով այլես չի անցնելու ոտնձգություն կատարել մեր երջանկության հիմքը կազմող հանրային արժեքների նկատմամբ:

Անդրիաս  Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

30.12.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031