Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին հրավիրում են քայլել սառույցների վրա

Հունվար 12,2017 15:00

Այս տարի մայրաքաղաքի փողոցների ձյան եւ սառույցի մաքրման աշխատանքներ, կարելի է ասել, գրեթե չեն իրականացվում: Համենայնդեպս, բակային փողոցները սառույցի հաստ շերտի տակ թաղված են, ու բավական երկար ժամանակ: Այսինքն՝ այնպես չէ, որ նոր են սառցակալել փողոցները, ու համապատասխան աշխատակիցները դեռ չեն հասցրել մաքրել:

Երեկ առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բակային փողոցներից մեկում ականատես եղանք, թե ինչպես մի տարեց կին սառույցի վրա չկարողանալով քայլել՝ սայթաքեց եւ վայր ընկավ: Բարեբախտաբար, այս կինը կոտրվածք չունեցավ, բայց անեծքների տարափ հնչեցրեց պատասխանատուների հասցեին:

Տարեց կինը Երեւանի քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, հրավիրում է քաղաքի բակային փողոցներ, իջնել իրենց հարմարավետ ավտոմեքենաներից ու փորձել մի քանի մետր ոտքով քայել ու հասկանալ շարքային քաղաքացիների վիճակը:

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, հանձնարարել է խստորեն վերահսկել բակերի եւ միջբակային տարածքների ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները:
Քաղաքապետը վստահեցրել է, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են եւ երթեւեկելի, սակայն երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում եւ միջբակային տարածքներում դեռ ունեն անելիքներ:

Մարգարյանը մեղքը բարդել է ցուրտ եղանակի եւ սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության վրա՝ նշելով. «Տեւական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում մասնավորապես բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության թերի աշխատանքի արդյունք է»: Ապա նա հանձնարարել է խստորեն վերահսկել նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների ողջ ընթացքը, նաեւ հանձնարարել, որ բոլոր համատիրություններն ապահովվեն աղի եւ ավազի խառնուրդի անհրաժեշտ պաշարով:

Փաստորեն, մինչ քաղաքապետարանի աշխատակազմը 9 օր տոներն ու ձմեռային արձակուրդն էր վայելում, պատասխանատու ընկերությունը վերահսկողությունից դուրս էր ու «նեղություն» չէր քաշում իր գործառույթն իրականացնել:

Թե այս հանձնարարությունից հետո «մեղավոր» ընկերությունն ինչպե՞ս կվերահսկվի եւ կմաքրի՞ փողոցները սառույցներից՝ 1-2 օրից պարզ կլինի:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031