Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ դաշինք կազմել, ո՞ւր մտնել կամ չմտնել. «Հայոց Աշխարհ»

Հունվար 25,2017 11:58

Հարցազրույց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն ու անձինք գաղափարախոսության մասին իսպառ մոռացած՝ գլխակորույս զբաղված են դաշինքներ կազմելով: Այս իրավիճակը քաղաքագիտական պատկերացումներից, կանոններից նե՞րս է, թե՞ դուրս:

-Այն, որ քաղաքական ուժերը ընտրությունների մասին սկսեցին մտածել միայն տարեվերջին եւ այսօր, իսկ մինչ այդ ապրում էին ճպուռի ու մրջյունի տրամաբանությամբ, եւ այն, որ այժմ իրենց թույլ են տալիս գնալ նման միությունների ստեղծման ճանապարհով, մի բան է ցույց տալիս. որ այդ քաղաքական գործիչներն ու ուժերը պարզապես մուտք են փնտրում դեպի խորհրդարան եւ ոչ ավելի:

Մնացածը, թե եկել են իշխանափոխություն անելու՝ բլեֆ է, լուրջ չէ, կամ իրենք առնվազն լուրջ չեն վերաբերվում քաղաքականությանը: Քանի որ աշխարհում ոչ մի երկրում չի լինում իշխանափոխություն առանց նախապատրաստության, չի լինում ինչ-որ մեկի մատի շարժումով:

Այս առումով իշխանությունը որքան էլ անհանգստանալու հիմքեր ունի, որ ձայներ բերելու գործընթացը դժվար է, այնուհանդերձ վախ չունի, չի էլ կարող ունենալ նման ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ դրսեւորող քաղաքական ուժերից եւ գործիչներից, որովհետեւ նրանք չեն կարող իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնել: Հետեւաբար, մի կողմ թողնելով ամոթը, քաղաքագիտությունը եւ այսպես ասած՝ սեփական դեմքը կորցնելու վտանգը, մարդիկ իրենց շպրտում են ամենուր:
Ես ավելի ազնիվ կհամարեմ, եթե կանգնեն ու հայտարարեն, որ շա՜տ են ուզում լինել խորհրդարանում, շա՜տ են ուզում մանդատ ունենալ, քան մոլորեցնեն հանրությանն ու հույսեր ներշնչեն, թե իրենք հեղափոխականներ են: Այս մարդիկ հեղափոխականներ չեն:

Ամեն օր մեկը մյուսին հաջորդող տեղեկատվություն ենք ստանում, թե այս կամ այն կուսակցապետը թակել է այս կամ այն դաշինքի կամ նրա հովանավորի դուռը՝ վերջինիս տանիքի տակ իր տեղը գտնելու: Եթե մեկից մերժվում են՝ շուռ են գալիս ու թակում մյուսի դուռը, եւ այսպես շարունակ: Ու ամենեւին կապ չունի, թե այդ դռնից այն կողմ հավաքվածները ովքե՞ր են, ի՞նչ գաղափարներ, անցյալ ունեցող ուժեր են:

-Ինձ համար համոզիչ չեն այդպիսիների հայտարարությունները, թե նման դաշինքներ են կազմում, քանի որ իրենց ռեսուրսները բավարար չեն: Այդ կերպ ակնարկում են, թե իրենք ամեն ինչ ունեն՝ ե՛ւ ստրատեգիա, ե՛ւ խելք, ե՛ւ մարդկային ռեսուրսներ, բայց, ա՛յ, իրենց միայն փողն է պակասում:

Իրականում Հայաստանում քաղաքականությունը ոչ պակաս բիզնես է, փող աշխատելու միջոց: Մնացածը սեթեւեթանքներ են: Սկզբից թակում են մի ընդդիմադիր դաշինքի դուռը, հետո այնպիսի պահանջներ են նրա առաջ դնում, որը չի կարող կատարվել, եւ թեքվում են փողատիրոջ դուռը. սա վաղուց նրբորեն մշակված տեխնոլոգիա է: Որպեսզի իրենց ընդդիմադիր դեմքը չկորցնեն՝ չիրականացվող պահանջներ են դնում բանակցողների առաջ, օրինակ, եկեք միանանք, բայց մեզ պետք է միանա նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, լավ իմանալով, որ դա չի կարող լինել:
Բայց հետո ընտրողին կներկայացնեն՝ դե, քանի որ չստացվեց այն լայն դաշինքը, մեզ ոչինչ չէր մնում անել, քան մտնել մեկ այլ դաշինքի մեջ: Եկեք հասկանանք, որ այս ամենի ներքո Հայաստանում մեկ այլ բան է կատարվում. բացառապես համախմբվում են օլիգարխների, փողատեր մարդկանց շուրջ, կնշանակի քաղաքականությունը Հայաստանում վերածվել է բիզնեսի:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031