Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա, թե ինչու է լռում Աբրահամյանը պատճառի մասին. «Ժամանակ»

Հունվար 26,2017 11:56
hovik abrahamyan

Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը մի կողմից տվեց ամենակարևոր հարցի պատասխանը, մյուս կողմից՝ անպատասխան թողեց մի շարք հարցեր, որ առաջացել էին ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունները հաստատելուց հետո: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ է դուրս գալիս Հանրապետականից: Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ինչ է անելու ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, քանի որ հակառակ պարագայում նրա հայտարարության մեջ կնշվեր «դժվար որոշման» հիմնավոր, ծանրակշիռ որևէ պատճառ, որևէ առարկայական բացատրություն, այսինքն՝ ինչու հարցը կստանար պատասխան: Այլ բան է, թե ում համար ինչքան համոզիչ կլիներ այդ պատասխանը, ինչքան հիմնավոր, կամ ինչքան լուրջ: Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ, առարկայական պատճառ մատնանշելու դեպքում Հովիկ Աբրահամյանը կմնար այդ պատճառից բխող պատասխանատվության ենթակայության տակ: Նա հայտարարել է, որ մնալու է քաղաքականության մեջ: Չի հայտարարել, թե ինչ կարգավիճակով, որտեղ և այլն: Խոսակցությունները շատ են, որ կարող է անդամակցել իր խնամի Գագիկ Ծառուկյանի դաշինքին, թեև, նաև տեղեկություններ են հրապարակվել, որ Ծառուկյանը մերժել է նրան: Ի դեպ, Ծառուկյանի դաշինքը, Ծառուկյանն ինքը կարծես թե չեն արձագանքել, չեն հերքել մերժման մասին տեղեկությունները, համենայնդեպս՝ առայժմ:

Տեղեկություններ կամ վարկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ Սեյրան Օհանյանի դաշինքին: Այստեղից էլ, կարծես թե, որոշակի արձագանք չկա, թեև չկա նաև հարցի պատասխան, թե ինչ է տալու Աբրահամյանն այդ դաշինքին, խնդիրներից բացի: Բոլոր դեպքերում, հնարավոր են տարբեր վարկածներ, մինչև անգամ նոր քաղաքական ուժ կամ շարժում նախաձեռնելը, տեսականում տարբերակները շատ են, սակայն ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մեջ որևէ պատճառի բացակայությունը ակներև է դարձնում, որ Աբրահամյանը ինքն էլ չունի որոշակի պատկերացում իր հետագա քայլերի մասին: Հստակ է, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռացել է, որովհետև կուսակցությունում նրա դիրքերը էապես թուլացել էին, Սերժ Սարգսյանը նրան չէր նշանակում ՀՀԿ շտաբի պետ, հեռացրել է վարչապետի պաշտոնից, միաժամանակ ներկուսակցական հիերարխիայում էլ Աբրահամյանի անկումը օրեցօր ակնհայտ էր դառնում: Այս իրավիճակում Հովիկ Աբրահամյանին երևի թե չէր մնում այլ բան, քան սկզբի համար պարզապես դուրս գալ ՀՀԿ-ից: Բայց նա բնականաբար չի կարող ասել, որ նեղացել է, չեն արդարացել նրա հիերարխիկ ակնկալիքները, նրան դադարել են ճանաչել Սերժ Սարգսյանից հետո երկրորդը և ինքը նեղացել է ու հեռացել: Դա լուրջ չէր լինի: Կամ, նա չէր կարող ասել, որ վերջին փորձն է արել Մեդվեդևի հետ հանդիպումով, որպեսզի գոնե Ռուսաստանի միջոցով լուծի իր դիրքերը պահելու հարցը, բայց Մեդվեդևը կամ չի լսել, կամ լսել է, սակայն չի օգնել ոչնչով, և ինքն այլևս չունենալով որևէ հույս՝ հեռացել է: Այդ ամենով հանդերձ, Հովիկ Աբրահամյանը չէր կարող նաև հնարել որևէ պատճառ կամ բացատրություն, ստեղծագործել: Ոչ այն պատճառով, որ չունի երևակայություն: Խնդիրն այն է, որ ինչ պատճառ էլ նա բերի, նա պատասխանատու է լինելու իր բերած պատճառի համար: Պատասխանատու է լինելու հետագա քայլերով, գործողություններով: Բայց քանի որ նա չի պատկերացնում իր անելիքը, չի կարող ըստ դրա ստեղծագործել բացատրության հարցում և հարմարացնել այն հետագա անելիքին: Այստեղ, իհարկե առաջանում է մեկ այլ հարց՝ Հովիկ Աբրահամյանը չգիտե ինչ է անելու ընդհանրապես, որովհետև չունի՞ ընտրության տարբերակներ, թե՞ նա ունի մի քանի տարբերակ-առաջարկ, որոնցից պարզապես դեռ չի ընտրել իր համար նվազ ռիսկայինն ու առավել շահեկանը: Ի վերջո, եթե նա չգիտե, թե ինչ է անելու, դա դեռ անելանելիության անվերապահ ցուցիչ չէ, որովհետև Աբրահամյանը, գուցե կանգնած է ընտրության «հավերժական խնդրի» առաջ:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031