Լրահոս
Օրվա լրահոսը

Սարո Գյոդակյան. «Աշխարհ, ինձ շունչ տուր, որ ապրեմ քիչ էլ»

Հունվար 27,2017 13:00

Կյանքս, որ ապրեցի հոգեխռով,
Գիտե՞ս, չարժե անգամ սեւ մի գրոշ,
Քանզի չփնտրեցի ես ապահով
Տաքուկ անկյուն, հանգստության խորշ…

«Մտորումներ 65-ամյակիս առթիվ» բանաստեղծության մեջ գրում է «Առավոտի» 1994-96թթ. մշակույթի բաժնի պատասխանատու, 1998թ.-ից ԱՄՆ-ում բնակվող Սարո Գյոդակյանը: Այսօր նրա ծննդյան օրն է: Նրա 65-ամյակը համընկավ ինքնանվերի՝ «Գյումրի, քո կենացը» գրքի լույս ընծայմանը:

Գիրքը լույս է տեսել Հայաստանի գրողների միության Շիրակի բաժանմունքի աջակցությամբ: Գիրքը նվիրված է հոր՝ Մկրտիչ Գյոդակյանի հիշատակին:
Մինչ այս գիրքը, Սարոն հեղինակել էր «Տարեգիրք» բանաստեղծությունների ալմանախը, «Հեռավոր հուշերի մի քաղաք», «Սփյուռք. Արդի հայ քնարերգություն»՝ սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն:

Գրքում Սարոյի բանաստեղծություններն են, գյումրեցուն, Գյումրիին, ծնողներին նվիրված «Պատարագները» եւ երեք պատմվածքները՝ «Որսկան ախպեր», «Խաղաթղթերը» եւ «Փրկարար ձեռքեր»:

«Մի ծաղիկ գարուն ու սիրտ տուր մի քիչ, Որ կարողանամ նորից կանաչել, Մի պատառ հաց տուր ու աղ տուր մի քիչ, Որ կարողանամ մարդկանց ճանաչել…Աշխարհ, ինձ շունչ տուր, որ ապրեմ քիչ էլ»,-գրում է Սարո Գյոդակյանը:

Սարո Գյոդակյանը ներկայումս տպագրում է «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսը: Յոթ տարի առաջ այս լրատվամիջոցն արժանացավ Սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից «Լավագույն հայկական լրատվամիջոց» գլխավոր մրցանակին:

«Հայրենիքից հեռու՝ Գլենդելի անգամ տաք, անձյուն, անցուրտ սրտի մեջ, միայն ու միայն Սարոն կարողացավ իր քաղցրալուր սրնգով ի մի բերել «Համայնապատկեր»-ը՝ Հայի: Մեր մի հատիկ Սարոն 17 տարի սիրով ու լավատեսությամբ իր «Համայնապատկերով» (վերջերս լույս տեսավ 71-ը) հայ մշակույթի մեծերին է ներկայացնում ու այդ մեծերի շուքի տակ, հայացքի ներքո տեղավորում է օրվա ունեցած, մեր օրվա Հոգու հացը»,- գրել է լոսանջելեսաբնակ գրականագետ Վահան Գեւորգյանը:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031