Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ». Սեյրան Օհանյան. (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 16:31

Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամները ասուլիս էին հրավիրել եւ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Մարտի 1-ին, ասաց. «Մարտի 1-ի իրադարձությունները մեր հայ հասարակության համար ամենացավալի, ամենաողբերգալի իրադարձություններն են, այդտեղ համապատասխան աշխատանքներ իրականացրել եւ այսօր էլ իրականացնում են ներկայիս իշխանությունները»:

Նա ասաց, որ փաստահավաք խմբի տեղեկատվությունն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ ԶՈՒ -ն ներգրավված չի եղել դրանում. «Եթե մենք գանք իշխանության, պատասխանատու կերպով կտանենք»:

Լրագրողները Սեյրան Օհանյանին փոխանցեցին` փաստահավաք խումբը ձեզ մատնացույց է անում 0038 գաղտնի հրամանագիրը` փետրվարի 23-ի ամսաթվով թվագրված` բանակի ներգրավման մասին, եւ հարցնում են`  փետրվարին կամ մարտի 1-ին Երեւանի փողոցներում չե՞ք տեսել զինվորականների զրահամեքենաներ, արդյոք դա բանակի ներգրավո՞ւմ չէր:

Նա պատասխանեց. «ՊՆ նախարարի հրամանի մասին` յուրաքանչյուր այսպիսի իրադարձությունների, կարեւոր տոնակատարությունների շրջանակներում զինված ուժերը բերվում են համապատասխան զգոնության աստիճանի եւ այդ զգոնության աստիճանն է, եթե հիշում եք, 2008-ի մարտի 3-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի կողմից մեկ դիրք գրավվեց եւ ՊԲ ստորաբաժանումները կարողացան հակառակորդին մեծ վնաս հասցնելով` շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել այդ դիրքը: Ինչ վերաբերում է մնացածին, ես, որպես գլխավոր շտաբի պետ, այն ժամանակ ես ենթարկվել եմ ՊՆ նախարարին: 2008-ի նոյեմբերի 27-ից է նոր ընդունված Պաշտպանության մասին օրենքից հետո տարանջատվել ՊՆ նախարարի եւ գլխավոր շտաբի ֆունկցիոնալ պարտականությունները` որպես կառավարման համապատասխան օղակներ»:

Հարցին` Սամվել Բաբայանը չի հերքում, որ աջակցում է դաշինքին, նա ի՞նչ դերակատարում ունի՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ նա մեծ ներդրում ունի Արցախի հարցում, չի կարող անտարբեր լինել, բնականաբար, համակրանք ունի որոշ քաղաքական ուժերի նկատմամբ. «Ակնհայտ է, որ իր համակրանքը ավելի շատ մեր դաշինքի նկատմամբ է»:

Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչ խնդիրներ են եղել իշխանությունում` կոռուպցիա եւ այլն: Նա պատասխանեց. «Նախ, ՀՀ նախագահի հետ ես որեւիցե մի խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ` պետության կառավարման համակարգը ձեւավորելու եւ կառավարում իրականացնելու հարցում: Այդ տեսակետները ես կարտահայտեմ: Ես բավականին մեծ հարգանք ունեմ այսօրվա կառավարման համակարգում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց հետ ունեցել եմ գործընկերային եւ մարդկային հարաբերություններ: Բայց միեւնույն ժամանակ ես տեսել եմ բոլոր այն բացերը, որոնք գոյություն ունեն այսօր կառավարման համակարգում: Դրա համար ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որեւիցե մի գայթակղություն չի եղել: Բոլորի նկատմամբ նորմալ, մարդկային հարաբերություններ ունեմ, պարզապես ՀՀ ապագայի, հատկապես նրա կառավարման համակարգի ձեւավորման, հատկապես տնտեսական-վարչական լծակների սերտաճումը, որոնք բերում են կոռուպցիոն ռիսկերի, տարբեր կողմնակալ մոտեցումների, տարբեր երեւույթների, դրանց ուղղությամբ համապատասխան աշխատանք տանելու, բարելավելու ուղղությամբ մենք համապատասխան աշխատանք տանելու ենք»:

Հարցին՝ ձեզ ընդդիմադիր գործիչ համարո՞ւմ եք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ընդդիմադիր ասելը շատ հարաբերական է, ներկայիս Սահմանադրության պարագայում բոլոր գործիչներն էլ կարող են իրենց մասնակցությունն ունենալ պետական կառավարման համակարգի ձեւավորման մեջ. «Իսկ եթե ուզում եք իմանալ` այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ, թե ոչ, իհարկե, ինչպես ժողովրդի մեծ մասը, այնպես էլ ես, դեմ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728