Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավերածությունների, արտագաղթի, տնտեսական ձախողումների պատասխանատուն ՀՀԿ-ն է». Արամ Մանուկյան

Մարտ 03,2017 15:23

«Ռուստամյանին պետք է պատասխանեիք՝ Սոչին ու Ստամբուլն էլ գումարենք հետը եւ համաձայնություն տանք, ինչի՞ չէ: Ցանկությունների առումով ՀՅԴ-ն ներկայացնում է բաժակաճառ՝ ցանկություն: Մենք խոսում ենք ռեալություններից»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես պատասխանեց Արմեն Ռուստամյանի քննադատությանը՝ ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի եւ խաղաղության բանաձեւի մասին:

Նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ը հաշվի է առել բոլոր իրողությունները՝ ՀՀ-ի եւ աշխարհի շուրջ. «Մեր ծրագիրը ոչ թե հավանություն պետք է տան դաշնակցականները, այլ ժողովրդի հավանության, աջակցության դեպքում է, որ այս ծրագիրը կարող է իրականանալ: Հայ ժողովուրդը հաղթող ժողովուրդ է եւ հաղթանակները պահող ժողովուրդ է: Այս ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք, հաղթական ծրագիր է»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ որեւէ մեկը քաղաքական հաղթող ուժին իրավունք չունի այլ պիտակներ կպցնելու: Նա ասաց, որ իրենք են այն ուժը, որը կազմակերպել է Արցախի ազատագրական պայքարը եւ հիմա ժամանակն է, որ հաղթածն ամրագրվի միջազգային մանդատով:

Հարցին՝ ՀԱԿ-ը ճանաչո՞ւմ է ԼՂՀ-ն՝ նա պատասխանեց. «Մենք ճանաչում ենք ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը: Հայ ժողովուրդը դա ապացուցել է, բայց Հայաստանը երբեք չի անի եւ չի արել քայլ, որի դեպքում ինքը կլինի միայնակ: Հայաստանը կարող է անել քայլեր, որ ճանաչեն այլ երկրները: Կարո՞ղ ես անել, արա, խնդրեմ, քո ուժեղությունը դրանում է, ոչ թե մենակ մնալու»:

Հարցին՝ անհասկանալի է, թե ո՞րն է խաղաղության գինը՝ Արամ Մանուկյանը հորդորեց կարդալ դեկտեմբերի 17-ի Տեր-Պետրոսյանի ելույթը եւ բոլոր այն լուրջ տեսական վերլուծությունները, որոնք տպվել են, մասնավորապես՝ Ժիրայր Լիպարիտյանի վերլուծականը, Արման Մուսինյանի բացատրականները: Նա ասաց, որ իրենց ծրագիրը ռեալ է, հաղթական, էմոցիաները, պոպուլիզմը դրա հետ բացարձակ կապ չունեն:

Արամ Մանուկյանը բացառեց որեւէ հետընտրական համագործակցություն ՀՀԿ-ի հետ. «ՀՀ-ի ավերածությունների, արտագաղթի, տնտեսական ձախողումների պատասխանատուն ՀՀԿ-ն է: Մենք հակոտյնա կուսակցություններ ենք, բայց ելնելով այս վիճակից՝ առաջարկել ենք ԵԱՀԿ եռանախագահների առաջարկին ընդառաջ գնալ: Մեր առաջարկած ծրագիրը մեր ծրագիրը չէ, այս ծրագիրը, որի մասին խոսում ենք ՀՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է: Դա ՀՀԿ-ի հետ համաձայնեցրած, Ադրբեջանի հետ համաձայնեցրած ծրագիրն է: Հինգ բանակցող կողմ համաձայնություն են տվել այն տարբերակին, որը սեղանին է: Մենք ՀՀԿ-ին ասել ենք՝ պատասխանեք ձեր իսկ համաձայնությամբ ձեր սեղանին դրված ծրագրին, գնացեք առաջ գործընթաց իրականացնելու: Մի բան է համաձայնել ու ոչինչ չանել, մի բան է ընդառաջ գնալ խաղաղության ծրագրին: Դա վերկուսակցական, վերպատմական խնդիր է»:

Հետո նա ասաց. «Մենք դիմում ենք իշխանությանը՝ իրականացրեք այս ծրագիրը, ե՛ւ գրիչը ե՛ւ թուղթը ձեր ձեռքում է, եթե չեք իրականացնելու, մենք պատրաստ ենք իրականացնել: Գնում ենք խաղաղության: Եթե իրենք գնում են Հայաստանը խաղաղության ճանապարհով տանելու՝ ապրեն իրենք, չեն գնում՝ թող գնան, մենք կանենք: Եթե իրենք համարձակությունը չունենան այս ճանապարհով գնալու, արտագաղթի նոր ալիք է գալու»:

Հարցին՝ ինչպե՞ս խաղաղություն լինի, եթե Ադրբեջանը չի ուզում խաղաղություն՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մակերեսի վրա ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ մեր իշխանությունները լրիվ ուրիշ են, բանակցությունների սեղանին՝ լրիվ ուրիշ: Երկու երկրների իշխանություններն էլ ազնիվ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031