Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է ապե ջան, փողը տվել եմ, ձենդ առել եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, գործարք ենք կնքել». Արթուր Բաղդասարյանը՝ ընտրակաշառքի մասին

Մարտ 07,2017 16:32

«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսօր արմավիրցիներին կոչ արեց վաղվանից տնետուն գնալ ու քարոզել ՀՎԿ-ի ծրագիրը, գաղափարները:

Ըստ նրա, իրենք շատ անելիքներ ունեն ապագայի հետ կապված, որովհետեւ. «Մեր կյանքում շատ քիչ բան է փոխվել: Կխնդրեմ ձեզ՝ դարձեք զինվոր, վաղվանից որպես քարոզիչներ մտեք տները, որովհետեւ զոռբայությունն ու ընտրակաշառքը ստվերում են շատ կարեւոր այս ընտրությունները, այս ընտրություններով ենք վաղն ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ, ԱԺ նախագահ ու վարչապետ»:

ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ ասաց, որ բոլորը փողի քսակով հավասար են, քսակով հնարավոր է մարդկանց խելքներն առնել, բայց. «Մենք պետք է մեր խելքները ժողովենք ու հասկանանք մի բան, որ այս ժողովուրդը ճգնաժամի, բարոյահոգեբանական ընկճախտի մեջ է, մարդիկ իրենց կյանքը փոխող ծրագիր ու տեսլական չեն տեսնում, դրա համար ոչ միայն Արմավիրում, այլեւ բոլոր տեղերում մեյդան են եկել փողի քսակները: Մարդկանց այսօր որոշները այսպես են վերաբերում՝ դե հիմա ի՞նչ է ապե ջան, փողը տվել եմ, ձենդ առել եմ, ի՞նչ ես ուզում ինձանից, գործարք ենք կնքել»:

Արթուր Բաղդասարյանը կրկին անդրադարձավ վարորդների տուգանքներին. «2012 թվականի կեսից մինչեւ 2014 թվականը գրվել են 2 միլիոն 536.000 դրամի չափով արագաչափերի ակտեր, այսինքն, ամեն մի վարորդ յոթ անգամ տարվա ընթացքում տուգանվել է, իսկ 2015-2016 թվականին ակտերը ավելացել են, սրան գումարած նաեւ առանձին այն ակտերը, որոնք պետավտոտեսուչները իրենք են բանավոր ու գրավոր կազմում, այս գումարները, եթե գումարենք, տարեկան կկազմի 100 միլիոն դոլար: Էդ 100 միլիոն դոլարը ո՞ւմից են տանում, այստեղ նստածներից»:

Պարոն Բաղդասարյանի խոսքով, արդեն իսկ ցուցակագրել ու փողեր են բաժանում, մարդիկ էլ մտածում են՝ ապրիլի 2-ով աշխարհը վերջանում է.«Ինչ տալիս են, վերցնենք, կոչ եմ անում, որ հասկանաք, որ ձեզ են տալիս ձեզանից վերցրածը, ձեզանից ավելին են վերցնում քան փորձում են տալ: Մենք հո թաղի տղա չենք ընտրում, ժողովո՛ւրդ, հինգ տարի այս երկրում ընտրություններ չեն լինելու, պատգամավորներ ունենք, որ քսանհինգ տարի նստած՝ հինգ բառ չեն խոսել, բայց նորից գալիս են՝ էս հորեղբորս տղան է, էս՝ քեռուս տղան է, սա քաղաքական ընտրություն է, մենք խառոշիներ չենք ընտրում, ընտրում ենք քաղաքական իշխանություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031