Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում բացահայտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատի պայթեցման հանցափորձը. երեք անձի մեղադրանք է առաջադրվել

Մարտ 09,2017 16:43

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները:
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի և Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:

Այսպես, 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 04.00-ի սահմաններում, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի և ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը: Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու և իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ և փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29.904.000 ՀՀ դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետև, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու և չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում և հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին և Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031