Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանլուկա Մարչիանոյի հայաստանյան «արմատները»

Մարտ 13,2017 13:30

Իտալացի դիրիժորն այժմ էլ «խորացել» է
Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների պարտիտուրներում

Յուրաքանչյուր՝ հատկապես նոր անուն արվեստագետի այցը Հայաստան, մանավանդ եթե կարճ ժամանակ անց նա «արմատներ» է գցում մեր երկրում, բուռն խոսակցության նյութ է դառնում: Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով. նա, իր գործընկերներ Միխայիլ Յուրովսկին ու Սերգեյ Սմբատյանը ղեկավարեցին 24/04 համաշխարհային նվագախումբը: Հանդիսատեսը դեռեւս հիշում է իտալացի երաժշտի մեկնաբանմամբ Խաչատրյանի, Բաբաջանյանի եւ Հարությունյանի ստեղծագործություններից բաղկացած միքսը: 2015թ. աշնանը Մարչիանոն ընդամենը հանդիսատեսի կարգավիճակով ներկա գտնվելով Արցախում առաջին անգամ կատարվող Վերդիի Ռեքվիեմին, հայտնվեց Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Հետո դիրիժորը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով «Արամ Խաչատրյան» համերգասրահում ղեկավարեց մեկ համերգ, ապա Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Տրավիատա» եւ «Տրուբադուր» օպերաները: Այն ժամանակ ասում էին, թե ինչու իտալացին հայրենիքում չի ծավալում գործունեություն, հավանաբար տեղյակ չլինելով, որ, օրինակ, հռչակավոր դիրիժոր Զուբին Մետան կարիերան սկսել է ոչ թե ծննդավայրում, այլ Բելգրադում: Ի դեպ, Մարչիանոյի առաջին բեմելը կայացել է հենց Բելգրադում (ղեկավարել է «Նաբուկո» օպերան): Հայաստան այցը Ջանլուկա Մարչիանոյի համար եղավ ճակատագրական՝ ամուսնացավ հայուհու հետ: Այսօր արդեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն 2016թ. աշնանը ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ իրականացրեց Պուչինիի «Տոսկա» օպերան, որի ներկայացումները մինչ օրս անցնում են լեփ-լեցուն դահլիճներում:

Մինչ այդ դիրիժորին նկատել էր ժամանակին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը եւ նրան վստահել գալա համերգ վարելու պատիվը:

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում դիրիժորը նշել էր՝ կարիերայի կտրուկ վերելքի մասին Խորվաթիայի ազգային օպերային թատրոնում, այնուհետեւ Թբիլիսիի, որտեղ 2011-15թթ. հանդիսացել է երաժշտական տնօրենն ու գլխավոր դիրիժորը: Այդ ժամանակահատվածում իրականացրել է Վերդիի «Տրուբադուր», «Նաբուկո», «Աիդա», «Աթիլլա», Մոցարտի «Միհրդատ, Պոնտոսի թագավորը», Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերային բեմադրությունները, իսկ վրացական բալետի աստղ Նինո Անանիաշվիլու հետ՝ Չայկովսկու հանրահայտ «Շչելկունչիկը»: Հանդես է եկել Մեծ Բրիտանիայի ազգային օպերային թատրոնում, ինչպես նաեւ Օվիդեոյի, Զագրեբի, Պրահայի մշակութային օջախներում:

Հայտնի է, որ հայ հանդիսատեսը կլանված «հետեւում» է իր արտիստներին: Ընթացիկ տարում առաջին անգամ Ջանլուկա Մարչիանոն կրկին ղեկավարեց «Տոսկա» օպերան: «Առավոտի» հետաքրքրությանը, թե որտեղ էր ոչ միայն օպերային թատրոնների, այլեւ նվագախմբերի ցանկալի հյուրը, դիրիժորը նախ հայտնեց, թե հյուրախաղերի էր Վիլնյուսում, Տոկիոյում եւ Բեյրութում, հետո էլ մանրամասնեց. «Լիտվայի օպերայի եւ բալետի թատրոնում ղեկավարեցի Վերդիի «Տրավիատան», Պուչինիի «Բոհեմ» եւ «Մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացումները, Ճապոնիայում Tokyo New City Orchestra-ի հետ իրականացրի մեկ սիմֆոնիկ երեկո, ինչպես նաեւ շուրջ 25 տարի առաջ հիմնած Բեյրութի Al Buston փառատոնի մի քանի համերգներ (վերջին 7 տարին Ջանլուկա Մարչիանոն հանդիսանում է այդ փառատոնի գեղարվեստական ղեկավարը)»:

Հետաքրքրությանը, թե ինչ նախագծեր է իրականացնելու Ազգային օպերային թատրոնում, մեր զրուցակիցը առանց մանրամասնելու ընդամենն ասաց, թե կարեւորում է ճանաչված դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ Երեւանի օպերային թատրոնում լինելը, կան նախագծեր, որոնց մասին խոսելը դեռեւս վաղ է: Հարցին, թե առիթի դեպքում չէ՞ր համաձայնի ղեկավարել մեր պետական նվագախմբերը, Ջանլուկա Մարչիանոն պատասխանեց. «Եթե հրավեր լինի՝ մեծ սիրով: Այս պահին խորացել եմ Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների պարտիտուրներում: Անխոս, կուզեի դրանք ներկայացնել հանդիսատեսիս»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031