Լրահոս
Օրվա լրահոսը

9/07-ում Հակոբ Բեգլարյանը ՀՀԿ-ից շատ ձայն է հավաքել

Ապրիլ 04,2017 11:58

Սիլաչի թաղամասի 33 դպրոցում տեղակայված 9/07 ընտրատեղամասում երեկ ընդամենը 1354 ընտրողների քվեարկության հաշվարկը տեւեց մոտ 7 ժամ: Հանձնաժողովի անդամները երկար ժամանակ «քցում-բռնում էին»՝ ուր կորավ մեկ դրոշմանիշը: 2 ժամից հետո պարզեցին՝ հանձնաժողովի անդամներից մեկը պարզապես մոռացել է այն փակցնել քվեաթերթիկի վրա: Մնացած 5 ժամն էլ նվիրվեց, հիշեցնենք, ընդամենը 1354 քվեաթերթիկները հաշվելուն: Այստեղ ՀՀԿ-ի վստահված անձինք պայքարում էին, թե իրենցից որ մեկն է մնալու մինչեւ հաշվարկի ավարտը: Գործը դժվար ու դանդաղ էր գլուխ գալիս. հանձնաժողովի որոշ անդամների աչքն արդեն «կպել էր»: Կեսգիշերին մոտ այս տարածքի այլ ընտրատեղամասեր արդեն հաշվարկներն ավարտել էին, նույնիսկ մի քանի անգամ հրավառություններ էին լինում, իսկ 9/07-ում քվեատուփը կիսով չափ լիքն էր: Գործը մի կերպ ավարտին հասցնելուց հետո պարզվեց՝ այստեղ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Հակոբ Բեգլարյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան ՀՀԿ կուսակցությունը: Բեգլարյանը Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների թիվ 4 ընտրատարածքում է առաջադրվել՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուն էր: Նա այս ընտրատարածքի 9/07 ընտրատեղամասում հավաքել էր 788 ձայն, իսկ ՀՀԿ-ի օգտին քվեարկել էին 77 քաղաքացի: Դե, Ընտրական նոր օրենսգրքով վարկանիշային թեկնածուի ձայներն էլ գնում են ՀՀԿ-ի օգտին, ընդհանուր՝ ՀՀԿ-Բեգլարյան «զույգին» 865 քվե էին տվել:

Հիշեցնենք, որ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը մի քանի տարի առաջ ազատվել էր Գնումների պետական գործակալության պետի պաշտոնից չարաշահումների համար՝ պետական միջոցների՝ 230 միլիոն դրամ վատնելու: Թիվ 4 ընտրատարածքում Բեգլարյանը 26 հազար 1 ձայն է հավաքել, որը նաեւ ՀՀԿ-ին է բաժին հասել: Փաստորեն պետական փողերի վատնումը փոխհատուցվեց:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

04,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930