Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողը չհավատաց մեր անկեղծությանը». ինչո՞ւ ԱԴԿ-ն չանցավ ԱԺ՝ ըստ Գագիկ Բաղդասարյանի

Ապրիլ 04,2017 16:47

«Երկու ուժերի դեպքում կարող եմ ասել, որ աշխատեցին՝ դաշնակները եւ «ԵԼՔ» դաշինքը: Վերջինս հատկապես քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացավ ժողովրդի ազնիվ քվեները: ՀՅԴ-ն էլ լավ աշխատեց, բայց կդժվարանամ ասել, որ ազնիվ քվեներ են ստացել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ընտրությունների արդյունքներին՝ ասաց Երեւանի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը, որը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից էր առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:

Նա համոզված է, որ «Ազատ դեմոկրատներին» եւ «ԵԼՔ»-ին տրված քվեներն արդար են:

Բաղդասարյանի գնահատմամբ՝ ԱԺ անցած չորս ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ «ԵԼՔ»-ի թվում ամենաարժանապատիվ ձայներն ունեցել է հենց «ԵԼՔ»-ը:

Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ ԱԴԿ-ն չհաղթահարեց սահմանված շեմը: «Ընտրողը չհավատաց մեր անկեղծությանը: Չարեցինք այն, ինչ ակնկալում էր ընտրողը տեսնել մեր մեջ, եւ որը արեց «ԵԼՔ»-ը: Եթե մեր ընտրությունները մի քիչ ընտրությունների նման լինեին, այսինքն՝ ընտրողի կամարտահայտության ամրագրում լիներ, «ԵԼՔ»-ն այսօր կունենար առնվազն 25-30% ձայներ, իսկ «Ազատ դեմոկրատները»՝ մոտ 15%: Բայց բռնաճնշումների եւ ընտրակաշառքի միջոցով ընտրողներին ստիպեցին քվեարկել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճի», մասամբ էլ՝ ՀՅԴ-ի օգտին»,-համոզմունք հայտնեց պարոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով. «ՀՀԿ-ն կանխիկ գումարով գնել է իր ձայները: ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուների մեջ երեւի մի քանիսին կգտնեմ, որոնք վաստակել են իրենց ձայները: Իսկ 99 տոկոսը «բիզնես-ծրագիր» են իրականացրել, որը համարում եմ ընտրական կոռուպցիա…դա իշխանության բռնազավթում է»:

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ մեր զրուցակից, որն «Օրինաց երկիր» խմբակցության նախկին պատգամավոր է՝ ասաց. «Մարդիկ հիասթափված եւ զզված էին «Օրինաց երկրից» եւ «Վերածննդից»: Բայց եթե ընտրությունները լինեին օրենքի շրջանակում, «Վերածնունդը» եւս ձայներ կհավաքեր: Վերջինս էլ է փորձել ընտրողների ձայները գնել, կաշառել՝ մուրաբաներով եւ այլնով…»:

Ի դեպ, ԱԺ ընտրություններում պարտված քաղաքական ուժերից միայն «Ազատ դեմոկրատներից» առաջադրված թեկնածուների հետ է հաջողվում հեռախոսազրույց ունենալ: Մյուս ուժերի գործիչները կամ հրաժարվում են խոսել, կամ տեւական ժամանակ է՝ չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930