Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հայ եւ մեկ սլովենացի` Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում

Ապրիլ 06,2017 17:44

Մայիսի 13-ին կտրվի Վենետիկի ժամանակակից արվեստի 57-րդ բիենալեի պաշտոնական մեկնարկը: Բիենալեն, որի այս տարվա խորագիրն է` Viva arte viva (կեցցե կենդանի արվեստը), կտեւի մինչեւ նոյեմբերի 26-ը:

Վենետիկի 57-րդ Բիենալեի գլխավոր համադրողը Քրիստին Մասելն է: Նա 2013-ին եղել է Ֆրանսիայի, իսկ 2007-ին Բելգիայի ազգային տաղավարների համադրողը: Քրիստին Մասելը հիմնադրել եւ ղեկավարել է Պոմպիդուի կենտրոնի ժամանակակից արվեստի բաժինը:

Վենետիկի բիենալեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի տաղավարի հանձնակատարն է Սվետլանա Սահակյանը, համադրողները` Բրունո Կորան, Դեմետրիո Պապարոնին, Ջորջո Գրասոն, մասնակցում են Ժան Պողոսյանը, Ռաֆայել Մեգալը, Միրո Պերսոլյան: Ի տարբերություն այլ երկրների ազգային տաղավարների, Վենետիկի բիենալեի պաշտոնական կայքում բացակայում է Հայաստանի տաղավարի պաշտոնական կայքէջը:

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` ինչ սկզբունքով են ընտրվել մասնակիցները, ինչու մինչեւ այժմ ոչինչ հայտարարված չէ, երբ Բիենալեի բացմանը մեկ ամիս է մնում:

Ի պատասխան գերատեսչության լրատվականից ուղարկեցին հետեւյալ հաղորդագրությունը. «2017 թ. մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներ­կայացնեն արվեստագետներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պեր­սոլյան:

Հայաստանյան տաղավարը տեղակայված է լինելու Վենետիկի Մուրադ Ռա­ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում: Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:

Այսպես, օրինակ, երիտասարդ և տաղանդաշատ գեղանկարիչ Ռաֆայել Մե­գալը (համադրող՝ Դեմետրիո Պապարոնի) կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությամբ: Երիտասարդ գեղանկարչի ընտրությունը պայմանա­վոր­ված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Ար­վեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխա­տանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունք­ներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին… 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցա­հան­դեսներ է ունեցել արտերկրի լավագույն պատկերա­սրահներում, մասնակցել տարբեր միջազգային բիեն­ալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մե­դիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:

Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող, քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը (համադրող՝ Բրունո Կորա) Վենետիկի արվեստի 57-րդ միջազ­գային ցուցահանդեսում կներ­կայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցա­դրությունը: Ցուցահանդեսի խո­րա­գրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտա­գոր­ծում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար։ Պողոսյանը համաշխարհային այն փոքրաթիվ արվեստագետներից է, որն, տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը: Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր։ Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը։ Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցա­հան­դեսներ է ունեցել արտերկրի լավագույն պատկերա­սրահներում:

Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը (համադրող՝ Ջիորջիո Գրասսո): Արվեստը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:

Ու թեև երեք արվեստագետներն էլ տարբեր են և հանդես են գալիս առանձին ցուցադրություններով, նրանց բոլորին միավորում է արվեստի միջոցով բնության և մարդու փոխհարաբերությունները ներկայացնելու ձգտումը՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ արվեստը սահմաններ չունի»:

Հիշեցնենք, որ Վենետիկի 56-րդ բիենալեին Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը ներ­կայացել էր «Հայություն» խորագրով ցուցադրությամբ, Հայաստանի տաղավարի համադրողն էր Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

Նշենք, որ Վենետիկի բիենալեն առաջին անգամ անցկացվել է 1893 թվականին, որպես առանձին միջոցառում, իսկ երկու տարի անց հրավիրվել են այլ երկրների ներկայացուցիչներ` իրենց արթ-նախագծերով: Առաջինն իր ազգային տաղավարով ներկայացան Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Վենետիկի բիենալեում ժամանակին ներկայացվել են Ռենուարի, Կլիմտի, Պիկասոյի աշխատանքները: Ընդ որում՝ Պիկասոյի աշխատանքները 1905-ին պրովոկացիոն բնույթի պատճառով հանվել են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Իսկ որևէ բացատրությու կա?, թե Հայաստանի հետ բացարձակ կապ չունեցողն ինչու? է հայկական տաղավարում ցուցադրվում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930