Լրահոս
Օրվա լրահոսը

Ջ. Պուչինիի «Տոսկայի» հայկական դիմագիծը (ֆոտոշարք)

Ապրիլ 13,2017 16:34

Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան: Տոսկայի դերում ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն էր: Օրը հիշարժան էր նրանով, որ 30 տարի առաջ նույն թատրոնում առաջին անգամ տեղի է ունեցել երգչուհու մեծ բեմելը: Մարիո Կավարադոսիի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանն էր, Բարոն Սկարպիային մարմնավորել էր Դավիթ Բաբայանցը: Ներկայացմանը մասնակցում էր Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Երեւանյան «Տոսկայի» բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը` Ջանլուկա Մարչանոն, լուսային նկարիչը` Ալեքսանդր Սիվաեւը: Ներկայացումը նվիրված է Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ներկայացման ավարտին երկարատեւ ծափահարություններ ու ոգեւորված բացականչություններ էին հնչում, Հասմիկ Պապյանը գեղեցիկ խոնարհումով արտահայտեց իր սերը հանդիսատեսի հանդեպ: Արտիստներին, բնականաբար, ծաղիկներ նվիրեցին, իսկ Հասմիկ Պապյանին` ՀՀ առաջին տիկնոջ ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի անունից:

Իմիջիայլոց, երգչուհին իր ֆեյսբուքյան էջում նախօրոք խնդրել էր ձեռնպահ մնալ ներկայացման օրն իրեն ծաղիկներ նվիրելուց. «Վաղը հանդիպելու ենք օպերային թատրոնում, իմ մասնակցությամբ «Տոսկա» ներկայացմանը և ես դրան սպասում եմ մեծ անհամբերությամբ: Մեր այդ հանդիպումից առաջ ես մի անկեղծ խնդրանք ունեմ, որ կուզեի հղել ձեզ, այն է՝ ներկայացմանը գալ առանց ծաղիկների, ծաղկեփնջերի, ծաղկային զամբյուղների: Մենք ուղղակի վատնում ենք այն գումարը, որ տալիս ենք շքեղ ծաղիկներին, որոնք, իհարկե, շատ հաճելի են, բայց գաղտնիք չէ, որ մի քանի ժամ հետո թոշնում են և դեն նետվում: Շատ կուզենայի, որ այդ գումարը ծախսեինք ավելի նպատակային: Մենք բոլորս բազում կարիքներ ունենք:

Ես ուզում եմ միայն ձեր ներկայությունը, որպեսզի միասին վայելենք երեկոն: Եկեք այն ըմբոշխնենք առանց ավելորդությունների, որպեսզի ներկայացումից հետո մեզ հետ տանենք նրա խորհուրդը: Վստահ եղեք, որ դրանից չի պակասում ձեր սերը, որի համար ես անչափ երախտապարտ եմ:

Գուցե իմ այս խնդրանքը նոր ավանդույթի հիմք հանդիսանա նաև: Հուսով եմ՝ կհարգեք իմ անկեղծ ցանկությունը: Հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ թերևս համարձակ առաջարկի համար: Սիրով սպասում եմ ձեզ»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930