Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաքիչը ձեր շնորհակալությունն եմ ակնկալում, «նորից դեժավյուի գի՞րկը ընկանք». Մուկուչյանի ու Զուրաբյանի վեճը՝ ՍԴ-ում

Ապրիլ 27,2017 11:58

Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը շարունակվում է:

Դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը դատարանում հարցեր ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Նա նախ հարցրեց՝ [email protected] էլեկտրոնային հասցեն իրե՞նն է: Ճշտելով, որ դա Մուկուչյանի հասցեն է, նա ասաց, որ Հասմիկ Պետրոսյանից ուղարկվել է այդ հասցեով այն դիմումը, որի մասին Մուկուչյանն ասում էր, թե չի ուղարկվել: Զուրաբյանը խոստացավ սքրինշոթը ցույց տալ:

Հետո նա հարցրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության միջանկյալ եզրակացությունից՝ դուք որեւէ բացատրություն ունե՞ք, թե ինչու են ԵԱՀԿ դիտորդները հանգել նման եզրակացության: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Իրենցից հարցրեք, իրենք որեւէ մեկի հետ չեն կիսում իրենց եզրահանգումներին հանգելու մասին»:

Զուրաբյանը նաեւ հարցրեց՝ «Ինչ եք կարծում, դուք ԿԸՀ նախագահն եք, վերահսկում եք ընտրությունների օրինականությունը, տեսախցիկների տեղադրումը նպաստե՞ց օրինականության պահպանմանը, թե՞ ոչ»: Մուկուչյանը պատասխանեց. «Դրանք ունեցան կարեւոր նշանակություն՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար: Եթե դրա վերաբերյալ ակնկալում եք շնորհակալություն, բացատրության մեջ կասեմ»:

Լեւոն Զուրաբյանն արձագանքեց, որ «ամենաքիչը ձեր շնորհակալությունն եմ ակնկալում»: Պարբերաբար վիճաբանություն էր լինում, Մուկուչյանը տալիս էր լակոնիկ, հեգնական պատասխաններ:

Լեւոն Զուրաբյանի հարցին՝ եթե պարզվեր, որ հանրակրթական բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին ՀՀԿ շտաբից հանձնարարություն է տրվել քարոզել սաներին, ցուցակագրումներ անել, դա հիմք կլինե՞ր ՀՀԿ-ի ցուցակը չեղյալ համարելու համար՝ Մուկուչյանը պատասխանեց՝ «Եթե-ներով դատողություններ չեմ անում, կլիներ նման բան, կծանոթանայի իրավական իրողություններին՝ կասեի»:

Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ ՕՐՕ-ն եւ «Ելք» դաշինքը ներկայացրել են դիմումներ, չե՞ք կարծում, որ ձեր պարտականությունների մեջ էր մտնում այդ վարկածի ստուգելը »: Նա սկսեց այդ վարույթից մանրամասներ ճշտել, հարցեր տալ: Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց, որ վարույթն ուսումնասիրեիք մինչեւ ՍԴ գալը, դուք այստեղ ելույթ եք ունենում:

Զուրաբյանը բացատրեց, որ Մուկուչյանը կեղծ բացատրություններ է սարքել, իբր տնօրեններից վերցրել է, եւ ուզում է ճշգրտել այդ հանգամանքը: Իսկ ԿԸՀ նախագահն ասաց, որ այլեւս չի պատասխանելու դրա հետ կապված հարցերին, առավել եւս, որ ՀԱԿ-ը դրա կողմ չի եղել:

Զուրաբյանը հակադարձեց, որ սատարել են այդ վարույթը, Մուկուչյանն էլ հեգնեց՝ «Բարոյապե՞ս»:

Երբ Զուրաբյանը 2012-ի ցուցակներից հարցրեց, Մուկուչյանը արձագանքեց՝ «այսինքն, նորից դեժավյուի գի՞րկը ընկանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930