Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների գործողություններից տուժած, «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Մ. Կիրակոսյանի բողոքը մերժվեց

Մայիս 15,2017 14:12

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննության շրջանակում 2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հերթական դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատարանի որոշումը: Դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան ամփոփիչ խոսքով:

Միքայել Կիրակոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ խոսքում դիրքորոշում հայտնեց վարույթն իրականացնող մարմնի՝ նախորդ դատական նիստում ներկայացված առարկությունների վերաբերյալ և հիմնավոր համարելով ներկայացված բողոքը՝ խնդրեց բավարարել այն: Վերահսկող դատախազ Վ. Մկրտչյանը, որը նախորդ դատական նիստին չէր ներկայացել, խնդրեց մերժել բողոքը, ապա պնդեց, թե դատարանը քննչական մարմնի որոշումը վերացնելու լիազորությամբ օժտված չէ: Ինչին բողոքաբերի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն հակադարձեց՝ նշելով, որ ներկայացված բողոքով պահանջվել է վերացնել քրեական գործով տուժող Մ. Կիրակոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Կողմերի ամփոփիչ խոսքերը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակված որոշմամբ մերժեց բողոքը:

Հիշեցնենք, որ Մ. Կիրակոսյանը 2015 թ. հուլիսի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում գտնվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որտեղ շարունակվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ դեռևս հունիսի 23-ից մեկնարկած հավաքը: Մ. Կիրակոսյանը, բարձր ձայներ լսելով, մոտեցել է հավաքի մասնակիցներին և, համարելով իր քաղաքացիական պարտքը, որոշել է մնալ հավաքի վայրում: Այնուհետև, ոստիկաններն սկսել են ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկել հավաքի մասնակիցներին՝ Բաղրամյան պողոտան ազատելու նպատակով: Մ. Կիրակոսյանը ևս զրկվել է ազատությունից և հավաքի այլ մասնակիցների հետ տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031