Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գործուղումներից հետո

Հունիս 05,2017 15:00

Ինչի՞ համար են հարկատուները վճարում պետական պաշտոնյաներին

Մայիսի սկզբից ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվում են պաշտոնյաների գործուղումների հաշվետվությունները: Արդեն մոտ 20 հաշվետվություն է հրապարակված: Հաշվետվության համար միասնական ձեւ է սահմանված, սակայն գործուղվողները միշտ չէ, որ այն ճիշտ են լրացնում: Օրինակ՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գրում է, որ մայիսի 7-9-ը Լեհաստանում պետական մի շարք պաշտոնյաների եւ տեղի հայերի հետ քննարկել է բազմաթիվ հարցեր. Հայաստանի Հանրապետության հզորացում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայության ջանքերի մեկտեղում, Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սկսված՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման ընդլայնում, սիրիական ճգնաժամի արդյունքում առաջացած փախստականների ներկա իրավիճակին բոլոր ուղղություններով օգնության կազմակերպում, Լեհաստանում համահայկական մարմնի ստեղծում, Հայաստանի Հանրապետություն ներդրումներ, «3 տարին մեկ անգամ հանգստանալ Հայաստանի Հանրապետությունում» շարժման ընդլայնում, Լեհաստանի իշխանությունների կողմից հայ համայնքին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացում, Սիրիայից Հայաստան եկած մեծ թվով փախստականների համար Եվրամիությունից օգնություն ստանալու հարցում ԵՄ-ում լեհական լոբբինգ եւ այլն: Իսկ ահա մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը մայիսի 11-13-ը Վենետիկում մասնակցել է «Viva Arte Viva» արվեստի 57-րդ միջազգային բիենալեին: Փոխնախարարի հաշվետվության մեջ գրված է. «Բիենալեն կտեւի մինչեւ ս. թ. նոյեմբերի 26-ին»: Սա հայերեն չէ: Հայերեն կլիներ, եթե գրված լիներ՝ կտեւի մինչեւ 26-ը կամ կփակվի 26-ին: Եթե մասնագիտությամբ ճարտարապետ Արեւ Սամուելյանը հայերենին լավ չի տիրապետում, սա չի նշանակում, որ կառավարություն ուղարկված ՊԱՇՏՈՆԱԿԱՆ փաստաթղթում պետք է ոչ հայերեն ձեւակերպումներ լինեն:
Հաշվետվության վերջում Արեւ Սամուելյանը գրում է. «Կցանկանայի շնորհակալությունս հայտնել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին եւ դեսպանության ողջ աշխատակազմին՝ գործուղման կայացմանն աջակցելու եւ հանդիպումներին մասնակցելու համար»: Մշակույթի մեկ այլ փոխնախարար՝ Ներսես Տեր-Վարդանյանը, մայիսի 17-19-ը եղել է Բուխարեստում եւ հաշվետվության վերջում գրում է. «Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել Ռումինիայում ՀՀ դեսպանության աշխատակազմին եւ հատկապես դեսպան Համլետ Գասպարյանին` բոլոր հանդիպումները եւ գործուղման ողջ ընթացքը լավագույնս կազմակերպելու համար»:

Փոխնախարարը ՊԵՏԱԿԱՆ պաշտոնյա է, դեսպանատները ՊԵՏԱԿԱՆ կառույցներ են եւ կոչված են աշխատել ՊԵՏՈՒԹՅԱՆ համար, զբաղվել ՊԵՏԱԿԱՆ գործերով: Հենց դրա համար ենք մենք՝ հարկատուներս, հոգում պաշտոնյաների եւ դեսպանատների ԲՈԼՈՐ ծախսերը: Եթե Իտալիայում կամ Ռումինիայում մեր դեսպանատները լավ են աշխատում՝ լավ է: Բայց պետք չէ դա դարձնել մշակույթի փոխնախարարի գործուղման հաշվետվության մաս: Առավել եւս, որ պաշտոնյայի գործուղման հաշվետվության մեջ «Շնորհակալություն» բաժին չկա: Ճիշտ կլիներ, որ շնորհակալության փոխարեն կարդային իրենց գրածը, որ ոչ հայերեն նախադասություններ չլինեին:

Դատելով Հայաստանի ներսում տիրող վիճակից եւ միջազգային հարթակներում Հայաստանի այսօրվա վարկից ու հեղինակությունից՝ մեր պետական պաշտոնյաներն ու դեսպանատները լավ չեն աշխատում: Եվ եթե ներսում կամ դրսում աշխատող որեւէ պաշտոնյա հաջողում է ներսի կամ դրսի այլ պաշտոնյայի տեղից տեղ ուղեկցել, դա դեռ լավ աշխատանքի ապացույց եւ ՊԵՏԱԿԱՆ մակարդակով շնորհակալություն հայտնելու հիմք չէ:
Շնորհակալությամբ են վերջանում միայն մշակույթի փոխնախարարների հաշվետվությունները, մյուսներինը զուտ գործնական են. այսինչին հանդիպեցի, այսինչ թեմաներով խոսեցինք, սա պայմանավորվեցինք եւ այլն:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

03.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930