Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորագյուղի համայնքապետ. «Հիմնականում դպրոցում ենք աշխատատեղ ունենում, բայց մարդիկ շատ դժվար են գալիս աշխատելու»

Հունիս 14,2017 15:48

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքը մարզկենտրոնից հեռու է 27 կմ: Գյուղն ունի 324 բնակիչ՝ 114 տնտեսությունով: Գյուղում աշխատանք չկա, հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը գոյանում է՝ գյուղատնտեսությունից, անասնապահությունից ու հողագործությունից:

Համայնքապետ Սուրեն Հարությունյանը կես տարուց մի փոքր ավելի է, ինչ ղեկավարում է գյուղը: Ասում է, որ կազմել են համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրն ու փորձում են զարգացնել այն: Այս պահին գյուղի զարգացման ճանապարհը տեսնում են ագրոտուրիզմի միջոցով. «Շարժվում ենք ծրագրի փուլերով: Արդեն գյուղի մի քանի հանդամասերում կովերի համար խմոցներ ենք տեղադրել եւ աշխատանքները շարունակվում են: Ագրոտուրիզմին եւ հեծանվային տուրիզմին ուղղված մեր համայնքում այս պահին կառուցվում է հեծանվային արահետ՝ մինչեւ 4.5 կմ լեռնային հեծանվասպորտի համար, որն անտառի միջով կհասնի մինչեւ Հնեվանք»:

Սուրեն Հարությունյանի խոսքով՝ գյուղում թեեւ աշխատատեղեր գրեթե չկան, սակայն եղած թափուր աշխատանքների համար էլ համապատասխան մասնագետներ չեն գտնում. «Հիմնականում դպրոցում ենք աշխատատեղ ունենում, բայց մարդիկ շատ դժվար են գալիս աշխատելու: Պատճառը՝ վատ ճանապարհներն են ու քիչ աշխատաժամերը: Այս պահին համայնքապետարանում ունենք աշխատակազմի քարտուղարի պաշտոնի ազատ հաստիք: Գյուղում համապատասխան որակավորմամբ մարդիկ չունենք, այժմ գրություն ենք ուղարկել տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի իրենք իրենց ֆոնդում տեսնեն, թե ինչ աշխատողներ ունեն, մեզ տրամադրեն, եթե ոչ՝ մեր շուկայում կփնտրենք»:

Համայնքապետն ասում է, որ գյուղի գլխավոր խնդիրները ենթակառուցվածքային են. «Գյուղը գազաֆիկացված չէ, ջրի ներքին ցանցը վատթար վիճակում է գտնվում: Վատ վիճակում են գտնվում նաեւ ճանապարհները: Հատկապես ձմռանը դառնում են անանցանելի: Խնդիր է նաեւ գյուղտեխնիկայի բացակայությունը կամ դրանց ֆիզիկապես ու բարոյապես մաշված լինելը, որը չի բավարարում այսօրվա պահանջներին եւ խոչընդոտում է հողագործության զարգացմանը: Աշխատատեղեր էլ չունենք»:

Համայնքի ղեկավարը սակայն չի հուսահատվում, ասում է՝ նոր ներդրումների ու ծրագրերի համար քննարկումներ են իրականացնում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930